Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալիեւը՝ Էրդողանին. «Իմ եղբայրն աշխարհին ցուցադրեց, որ Ադրբեջանը միայնակ չէ, եւ Թուրքիան մեզ միշտ կպաշտպանի». «Հայաստանի Հանրապետություն»

Ալիեւը՝ Էրդողանին. «Իմ եղբայրն աշխարհին ցուցադրեց, որ Ադրբեջանը միայնակ չէ, եւ Թուրքիան մեզ միշտ կպաշտպանի». «Հայաստանի Հանրապետություն»
Տարածաշրջան
10:58, 19 ноябрь 2021
Իրադարձությունները, որոնք կատարվում են Թուրքիայի անմիջական ղեկավարությամբ եւ թյուրքալեզու պետությունների մասնակցությամբ, փաստում են, որ թուրքերը շարունակում են հավատալ սեփական պանթյուրքական քաղաքականության իրականացման հնարավորությանը: Մինչ «զոհաբերվելիք» ժողովուրդներն ու պետությունները շարունակում են քամահրանքով վերաբերվել թուրքերի ձգտումներին, նրանք առաջ են մղում իրենց գիծը՝ այդ ճանապարհին փորձելով որոշակիորեն ոգեւորել թյուրքալեզու ժողովուրդներին, նրանց կողքին, իբր, կանգնելով՝ ստանալ ամուր դաշնակցի կարգավիճակ, ստեղծել չպարտվողի, ավելի անկեղծ՝ այդպիսի միակ հովանավորի իմիջ: Եվ դա նրան առայժմ հաջողվում է. նոյեմբերի 12-ին Ստամբուլում անցկացված Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գագաթնաժողովը, որն այսուհետ կկրի նոր անուն՝ Թյուրքական պետությունների կազմակերպություն, ասվածի վառ վկայությունն է:

Ուշադրություն ենք հրավիրում մի փաստի վրա. Թուրքիայի նախագահ Էրդողանը գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին է հանձնել թյուրքական աշխարհի բարձրագույն օրդեն: «Հարգելի պրն նախագահ, իմ սիրելի եղբայր, հաղթական գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիեւ: Ձեր ղեկավարությամբ կարճ ժամանակում՝ ընդամենը 44 օրում Ղարաբաղի 30-ամյա օկուպացիային վերջ դրվեց: Այդ հաղթանակը կարեւոր է ոչ միայն մեր ադրբեջանցի եղբայրների, այլեւ ողջ թյուրքական աշխարհի համար… Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումն ամրացրեց թյուրքական աշխարհի միասնությունն ու համերաշխությունը»,- ասել է Էրդողանը:

Ինչպես երեւում է, Թուրքիայի նախագահը բառեր չի խնայում՝ մյուս երկրներին ցույց տալու, թե ինչպիսին է լինելու իր վերաբերմունքը նրանց նկատմամբ հավատարմության դիմաց: Միեւնույն ժամանակ ակնհայտ ցուցադրվում է, որ առաջին հերթին պարգեւատրության արժանի են ռազմական հաջողությունները: Եվ սա՝ մի կազմակերպությունում, որը հռչակագիր է ընդունում մինչեւ 2040 թ. համար, խոսում թյուրքական ընդհանուր ինքնության մասին, բայց իրական նպատակները թաքցնելու համար դա անվանում «մշակութային հարստության աղբյուր»:

Ի պատասխան Էրդողանի ելույթի՝ արհեստածին պետության ղեկավար Ալիեւը հայտարարել է. «Թուրքիան վերջին տասնամյակներում հսկայական ճանապարհ է անցել, վերածվել համաշխարհային տերության: Թուրքիայի հզորությունը ճանաչվել է ողջ աշխարհում: Խոսքն ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական ու ռազմական բաղադրիչների մասին է: Աշխարհում չկա մի երկիր, որը չգիտակցի Թուրքիայի նշանակությունը: Զարգացման ճանապարհը, որին հետեւել է Թուրքիան Էրդողանի գլխավորությամբ, օրինակ կդառնա բոլորի համար: Մենք գիտակցում ենք, որ Թուրքիայում է տրոփում թյուրքական աշխարհի սիրտը: Դա մեզ բոլորիս լրացուցիչ ուժ ու վստահություն է հաղորդում… Իմ եղբայրն աշխարհին ցուցադրեց, որ Ադրբեջանը միայնակ չէ, եւ Թուրքիան մեզ միշտ կպաշտպանի»:

Այս երկխոսությունը մեջբերեցինք միայն այն պատճառով, որ ցուցադրենք, թե իրականում դեպի ուր է ընթանալու այս կազմակերպությունն իր հետագա գործունեության ընթացքում: Թուրքիայի նախագահը չի բացառել Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի ստեղծումը: Թուրքիայի խորհրդարանի նախագահը քննարկում է «ընդհանուր թյուրքական բանակի» ստեղծման հարցը. Ադրբեջանի նախագահի օգնականը նշում է կազմակերպության երկրների համագործակցությունը բոլոր ոլորտներում, «առաջին հերթին»՝ քաղաքական, իսկ գլխավոր քարտուղարը կարծում է, որ կազմակերպությունն ավելի է ուժեղացել «առաջին հերթին» ղարաբաղյան երկրորդ պատերազմում Ադրբեջանի հաղթանակի շնորհիվ։

Այս պատերազմը ոչ միայն ամրապնդեց Անկարայի եւ Բաքվի դաշինքը, այլեւ բարձրացրեց Թուրքիայի հեղինակությունը այլ թյուրքական պետություններում։ Թեեւ, ըստ թուրքական պետական «Անատոլու» գործակալության հրապարակած հոդվածի հեղինակի զգուշավոր խոստովանության, «գաղտնիք չէ, որ ռազմական գործողությունների ընթացքում կազմակերպության անդամ մի շարք երկրների դիրքորոշումը, բացառությամբ Հունգարիայի եւ Թուրքիայի, բանավեճի ու քննարկման առարկա է եղել»:

Այնուհետեւ Ալիեւը կրկին խոսել է հնարովի եւ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին. «Զանգեզուրի միջանցքը» կմիավորի ողջ թյուրքական աշխարհը եւ մեզ համար Եվրոպայի հետ կապող օղակ կլինի»,- ընդգծել է հարեւան երկրի բռնապետը: Բայց գագաթնաժողովի օրակարգից հանվել է «Թյուրքական աշխարհի» ու Եվրոպայի միջեւ «Անդրկասպյան միջազգային տրանսպորտային միջանցք» նախագծի քննարկումը: Ակնհայտ է, որ դրա պատճառը ձախողումն է «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման հարցում: 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում