Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հզոր երկրաշարժ Թուրքիայում. կան հարյուրավոր զոհեր. Ցնցումները զգացվել են նաև Հայաստանում․ լրացված

Թուրքիայի հարավ-արևելքում տեղի է ունեցել հզոր երկրաշարժ, այն զգացվել է հարևան երկրներում։ Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությունը հայտնել է, որ 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 04:17-ին (Մոսկվայի ժամանակի հետ համընկնում է) Քահրամանմարաշ գավառի Պազարջիկ շրջանում՝ յոթ կիլոմետր խորության վրա։

Ավելի ուշ 6,4-6,6 մագնիտուդ ուժգնությամբ ևս երեք երկրաշարժ է տեղի ունեցել Գազիանթեփ գավառում։ Ստորերկրյա ցնցումները զգացվել են Թուրքիայի մի քանի շրջաններում՝ Ադանայում, Անկարայում, Անթալիայում, Գազիանթեփում, Կայսերիում, Մերսինում, Տրապիզոնում, Շանլըուրֆայում, ինչպես նաև Սիրիայում, Լիբանանում, Իրաքում, Եգիպտոսում, Հունաստանում, Կիպրոսում և Հայաստանում, հայտնում է Al Hadath-ը։

Այս պահին հայտնի է առնվազն 118 մարդու մահվան մասին Թուրքիայում և հարևան Սիրիայում։ Ինչպես հաղորդել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների գործակալությունը, զոհվել է առնվազն 76 մարդ և վիրավորվել՝ ավելի քան 440-ը։ Սիրիայում, տեղի առողջապահության նախարարության տվյալներով, կա առնվազն 42 զոհ և մոտ 200 վիրավոր։ Al Hadath հեռուստաալիքը միաժամանակ հայտնում է, որ Սիրիայում զոհերի թիվն արդեն գերազանցել է 100-ը։

․․․Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը ավելի ուշ հայտնել է, որ երկրաշարժի ու ավերածությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 286-ի, իսկ վիրավորներինը՝ 2.323-ի։ 

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտնել է, որ տուժել է 10 քաղաք: