Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այն մարդիկ, ովքեր պատրաստ են ասել՝ «այս ռեժիմն անօրինական է, այս պատերազմը հանցավոր է, Ղրիմը՝ ուկրաինական», պետք է դառնան այս ճակատամարտի մաս. Կասպարովի կոչը՝ Արևմուտքին

Այն մարդիկ, ովքեր պատրաստ են ասել՝ «այս ռեժիմն անօրինական է, այս պատերազմը հանցավոր է, Ղրիմը՝ ուկրաինական», պետք է դառնան այս ճակատամարտի մաս. Կասպարովի կոչը՝ Արևմուտքին
Ռուսաստան
17:58, 14 март 2024
Շախմատի աշխարհի չեմպիոն Գարի Կասպարովը կոչ է արել Արևմուտքին ավելի կոշտ միջոցներ ձեռնարկել Կրեմլի նկատմամբ՝ ՌԴ-ի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմի և Ալեքսեյ Նավալնիի մահվան համար։ Վաշինգտոնում Ազատության համաշխարհային կոնգրեսում AFP-ին տված հարցազրույցում ընդդիմադիրը քննադատել է արևմտյան երկրներին բանտում ռուս քաղաքական գործչի մահվան վերաբերյալ թույլ արձագանքելու համար: Այս մասին տեղեկացնում է DW-ն։

«Ջո Բայդենը խոստացել էր կործանարար հետևանքներ (Նավալնիի մահվան դեպքում-խմբ.): Իսկ որտե՞ղ են այդ կործանարար հետևանքները»,- հարց է բարձրացնում Կասպարովը։ Նա նաև կոչ է արել մեծացնել Ուկրաինային հատկացվող ֆինանսավորումը, այդ թվում՝ առգրավված ռուսական ակտիվների հաշվին, ինչպես նաև Կիևին տրամադրել հեռահար հրթիռներ:

«Ցավոք, Արևմուտքը հետ է մնում, և ցանկացած թուլություն, որը նա ցույց է տալիս, դա Պուտինի համար ավելի մեծ ագրեսիայի հրավեր է»,- ասել է «Ազատ Ռուսաստան» ֆորումի համահիմնադիրը:

Բացի դրանից, ըստ Կասպարովի, անհրաժեշտ է Ռուսաստանի ընդդիմությանը ներգրավել պուտինյան ագրեսիային հակազդելու հավաքական ջանքերում։ «Այն մարդիկ, ովքեր պատրաստ են ասել՝ «այս ռեժիմն անօրինական է, այս պատերազմը հանցավոր է, Ղրիմը՝ ուկրաինական», պետք է դառնան այս ճակատամարտի մաս»,- ընդգծել է նա։