Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հայաստանը վերածում են Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրագործման գործիքի». Զախարովա

«Հայաստանը վերածում են Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրագործման գործիքի». Զախարովա
Ռուսաստան
12:45, 28 март 2024
Հայաստանը ամբողջ աշխարհի աչքի առաջ վերածում են հայ ժողովրդի արմատական շահերին լիովին հակասող հավաքական Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրագործման գործիքի։ Այս մասին իր TG-ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը։

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Բրյուսելում նախատեսված բանակցություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ, այլ բացառապես ծառայում են ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ Հայաստանի փոխգործակցության խորացմանը։ Այնուամենայնիվ, Զախարովայի խոսքով, նման միջոցառումները Ռուսաստանում անհանգստություն են առաջացնում, քանի որ ԱՄՆ և ԵՄ ներկայացուցիչներն ուղիղ, բաց տեքստով ասում են, որ իրենց հիմնական ուղղությունը բացառապես Ռուսաստանի դեմ է։

Նման հանդիպումները, նրա կարծիքով, անհանգստություն են առաջացնում տարածաշրջանի երկրների մեծ մասում, քանի որ դրանք նպատակադրած են ոչ թե Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը, այլ իր ծայրահեղ ապակառուցողական մոտեցումներով Հարավային Կովկաս Արևմուտքի հետագա ներմուծմանը, այնտեղ նոր բաժանարար գծերի ստեղծմանը, տարածաշրջանի երկրներին հակառուսական օրակարգին հետևելու հարկադրմանը, Մոսկվայի հետ իրենց բազմադարյա կապերի փլուզմանը, տարածաշրջանային անվտանգության և տնտեսական համագործակցության գոյություն ունեցող մեխանիզմների խախտմանը։

«Ինչու է պաշտոնական Երևանը ձևացնում, թե չի հասկանում՝ ինչի մասին է խոսքը. մեծ հարց է: Չէ՞ որ ամբողջ աշխարհի աչքի առաջ Հայաստանը վերածում են հավաքական Արևմուտքի ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրագործման գործիքի, որոնք լիովին հակասում են հայ ժողովրդի արմատական շահերին»,- գրել է նա։