Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայկական կաթնամթերքի ՌԴ արտահանման արգելքի հարցով ՀՀ և ՌԴ պատկան մարմինների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել. Ակնկալվում է, որ կվերականգնվեն արտահանման նախկին ծավալները

Հայկական կաթնամթերքի ՌԴ արտահանման արգելքի հարցով ՀՀ և ՌԴ պատկան մարմինների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել. Ակնկալվում է, որ  կվերականգնվեն արտահանման նախկին ծավալները
Տնտեսություն
16:14, 01 май 2023
Հայտնի է, որ Ռուսաստանի Դաշնությունը ապրիլի 5-ից արգելել էր հայկական կաթնամթերքի մատակարարումն իր շուկա։ Պատճառը, ըստ «Ռոսսելխոզնադզորի», «կողմերի բանակցությունների ու ստուգումների անբավարար արդյունքներն են»։

Ռուսաստանցի մասնագետները, հիշեցնենք, մարտ ամսին  4 օր ուսումնասիրել են հայկական երկու ընկերության կաթնամթերքի որակն ու հայտնաբերել իրանական ծագման հումք՝ սերուցք, որն արգելված է ԵԱՏՄ երկրներում։

Ապրիլի 12-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր  Գուրգեն Արսենյանը երբ կաթնամթերքի արտահանման արգելքի և որակի հետ կապված հարց ուղղեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, վերջինս նշեց, որ իրենց կարծիքով՝ այդ որոշումը հանդիսանում է առևտրային արգելք։ «Մեր տեսակետն այն է, որ այդպիսի որոշում չէր կարող կայացվել ԵԱՏՄ կարգավորումների շրջանակներում։ Մենք ամեն օր քննարկումների մեջ ենք մեր գործընկերների հետ, որպեսզի հետողորմյա անենք էդ որոշումը կամ դրա մի մասը, և կարծում եմ, որ մոտ ապագայում արդյունք կունենանք»,- ասաց Քերոբյանը։  Նախարարը հայտարարել էր նաև, որ վերջերս ընդունվել է սննդի անվտանգության ռազմավարությունը, որի արդյունքում կտրուկ խստացվելու է վերահսկողությունը սննդի անվտանգության ողջ շղթայի նկատմամբ։ 

Civic.am-ը կառավարության պաշտոնական կայքի «Գործուղումների հաշվետվություններ» բաժնից  տեղեկացավ, որ ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը ապրիլի 16-17-ը այցելել է Մոսկվա՝ ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության հրավերով։

ՌԴ մեկնելու առիթը ՀՀ-ից ՌԴ կաթնամթերքի արտահանման սահմանափակումների վերացման վերաբերյալ հրատապ հարցն է եղել։ Արմեն Հայրապետյանի գործուղման  վերաբերյալ հաշվետվությունից տեղեկանում ենք, որ այցի ընթացքում ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը հանդիպել է ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար Սերգեյ Դանկվերտի   և ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Դմիտրի Դեմկինի հետ։

«Կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել փուլային տարբերակով. ՀՀ կաթի վերամշակմամբ զբաղվող ընկերությունները, որոնք իրենց գործունեության մեջ օգտագործում են բացառապես տեղական ծագման և ՌԴ-ում թույլատրված հումք, պետք է դիմեն տեսչական մարմնին իրենց ընկերություններում ուսումնասիրություններ և վերահսկողություն իրականացնելու համար։ Այն ընկերությունները, որոնք կբավարարեն սահմանված պահանջներին, կներկայացվեն «Ռոսսելխոզնադզորի» դիտարկմանը։ Վերջինս կստուգի դրանք և որոշում կկայացնի ՌԴ կաթնամթերքի  ներմուծման վերաբերյալ։ Ակնկալվում է, որ ձեռք բերված պայմանավորվածությամբ սկսված գործընթացի արդյունքում որոշակի ժամանակահատվածում ամբողջությամբ կվերականգնվեն դեպի ռուսական շուկա հայկական կաթնամթերքի արտահանման նախկին ծավալները»,- նշված է հաշվետվության մեջ։

Հավելենք, որ Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝  անցած երկու տարիներին Հայաստանից Ռուսաստան է արտահանվել 9.5 հազար տոննա կաթնամթերք։  

Ե. Ազատյան