Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կառավարության շենքի մոտ ակցիաների գործով մեղադրանքը ծանրացվել է. քննիչը որոշել է՝ առկա է իշխանության յուրացման փորձ

Կառավարության շենքի մոտ ակցիաների գործով մեղադրանքը ծանրացվել է. քննիչը որոշել է՝ առկա է իշխանության յուրացման փորձ
Իրավունք
17:40, 19 октябрь 2021
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Կառավարության շենքի մոտ տեղի ունեցած ակցիայի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով շուրջ 10 ամիս նախաքննություն իրականացնելուց հետո ՔԿ քննիչը որոշել է Արագած Ախոյանին, Վահագն Չախալյանին և մյուսներին մեղադրել նաև իշխանության բռնազավթման փորձի մեջ։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ փաստաբան Միքայել Շխիմյանից։ 

Հիշեցնենք, որ հունվարի 28-ին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով իրականացված ակցիան իրավապահները ի սկզբանե դիտարկել էին որպես կառավարության շենքը զավթելուն ուղղված գործողություններ, որի շրջանակներում 21 անձ բերման էր ենթարկվել, որոնցից հինգ հոգին՝ Արագած Ախոյանը, Արշակ Զաքարյանը, Վահագն Չախալյանը, Տիգրան Չոբանյանը և Իսրայել Հակոբկոխյանը, ձերբակալվել էին, որոնք ոչ իրավաչափ էին համարվել դատարանների կողմից։

Այդուհանդերձ, նրանց մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-219-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շենք-շինություններ զավթելու փորձի հատկանիշներով և նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան, որոնք մերժվել են՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։