Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սյունիքից 20-ից ավելի մարդ է բերման ենթարկվել և ձերբակալվել․ Վահե Հակոբյան

Սյունիքից 20-ից ավելի մարդ է բերման ենթարկվել և ձերբակալվել․ Վահե Հակոբյան
Հայաստան
14:35, 22 апрель 2021
«Իմ տեղեկություններով Սյունիքից երեկ 20-ից ավելի մարդ է բերման ենթարկվել և ձերբակալվել, գրեթե բոլորը ապօրինի։ Խաբելով, համոզելով, տեղ-տեղ էլ առևանգելով՝ մարդկանց նստեցրել են մեքենաներն ու անհայտ ուղղությամբ տարել»,- այսօր Քննչական կոմիտեի շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։

Վերջինս, ի դեպ, երեկ հայտարարել էր, թե Սյունիքի դեպքերի հետ կապված իրեն ու կնոջը պատրաստվում են ձերբակալել, սակայն, փաստորեն, նա ազատության մեջ է։ 

«Իշխանություն կոչվածները փորձում են մարդիկ գտնել, որոնք տեսախցիկի առաջ մեղա կգան իրենց արածների համար, որպեսզի ցույց տան, թե ժողովուրդը սխալվել է։ Որևէ մեկը չի մասնակցելու իշխանության այս շոուին»,- հայտարարեց Հակոբյանը։

ՔԿ շենքի մոտ էր նաև ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը, որը, ի աջակցություն բերման ենթարկվածների, հայտարարեց, թե «Նիկոլ Փաշինյանը եւ նրա վարչակարգը ակնհայտորեն ստեղծում են քրեածին իրավիճակներ» եւ այս ամենում ներքաշել են իրավապահ համակարգին։
 
Հիշեցնենք, որ Սյունիքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ մի խումբ անձինք սադրանքներ են հրահրել, բարձրացել նրա ծառայողական մեքենայի վրա, քաշքշել անվտանգության ծառայության աշխատակցին՝ պատռելով հագուստը, հայհոյանքներ ու սպառնալիքներ հնչեցրել:
 
Տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ՝ ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) և 258-րդ հոդվածի 3-րդ մասի (Խուլիգանություն) հատկանիշներով: Նյութերն ուղարկվել են Քննչական կոմիտե: