Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ նախագահի կողմից մանևր էր ՍԴ դիմում ուղարկելը․ ՍԴ-ի որոշումը չի կարող հետադարձ ուժ ունենալ․ Տիգրան Եգորյան

ՀՀ նախագահի կողմից մանևր էր ՍԴ դիմում ուղարկելը․ ՍԴ-ի որոշումը չի կարող հետադարձ ուժ ունենալ․ Տիգրան Եգորյան
Իրավունք
17:44, 10 март 2021
«Այսօր ՀՀ նախագահի ՍԴ ուղարկած դիմումը որևէ ազդեցություն չի կարող ունենալ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման հարցով»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Եգորյանն ու նշեց, որ դիմումը նախագահը ներկայացրել է վերահսկողություն հայցելու լիազորության շրջանակներում, ինչը բխեցվել է այն հարցից, որն առաջացել էր Գլխավոր շտաբի պետի ազատման կապակցությամբ, բայց փոխկապակցված ազդեցության մասին չենք կարող խոսել։ 

«Կոնկրետ նկատառումներից ելնելով՝ նախագահը ոչ թե բուն հարցն է ուղարկել ՍԴ, այլ այսպիսի մանևր է իրականացրել։ Նաև նշեմ, որ ՍԴ-ի որոշումը չի կարող հետադարձ ուժ ունենալ»,-հավելեց նա։

Նշենք, որ նախագահի աշխատակազմն արդեն ստացել է ՀՀ վարչապետի միջնորդությունը՝ Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու մասին, և եռօրյա ժամկետում պետք է նախագահն իր դիրքորոշումը հայտնի։ 

Տիգրան Եգորյանն ընդգծեց, որ եթե նախագահը չնշանակի ԳՇ նոր պետին, ապա պետք է առարկություն ներկայացնի վարչապետին կամ միջնորդությունն ուղարկի Սահմանադրական դատարան․ «Մինչ այսօր ՀՀ նախագահի՝ Օնիկ Գասպարյանի ազատման հետ կապված պատճառաբանությունները մեզ հստակ թույլ էին տալիս կոնկրետ քաղաքական նկատառումներ դիտարկել»,- եզրափակեց մեր զրուցակիցը։ 

Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 10-ին, ՀՀ նախագահի աշխատակազմը մամուլի հաղորդագրություն տարածեց, որ Հանրապետության նախագահը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով։ Իսկ ՀՀ կառավարությունը հայտարարություն տարածեց, որ ԶՈւ ԳՇ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով ազատված է պաշտոնից, քանի որ ՀՀ նախագահը սահմանված ժամկետում չի դիմել Սահմանադրական դատարան։ Նշենք նաև, որ ՀՀ վարչապետն արդեն իսկ միջնորդություն է ներկայացրել ՀՀ նախագահին Արտակ Դավթյանին ԶՈւ ԳՇ պետ նշանակելու համար։ Իսկ ԶՈւ ԳՇ ներկայիս պետ Օնիկ Գասպարյանը դիմել է Վարչական դատարան իր իրավունքները պաշտպանելու համար։ 

Հիշեցնենք նաև, որ Օնիկ Գասպարյանն ու մի շարք զինվորականներ շարունակում են պահանջել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Նարա Մարտիրոսյան