Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատավորների միության նախագահ դարձած Ալեքսանդր Ազարյանը 2008-ին փորձում էր ապահովել «զինված ցուցարար» ապրանքանիշը՝ «Մարտի 1-ի» մահերն արդարացնելու համար

Դատավորների միության նախագահ դարձած Ալեքսանդր Ազարյանը 2008-ին փորձում էր ապահովել «զինված ցուցարար» ապրանքանիշը՝  «Մարտի 1-ի» մահերն արդարացնելու համար
Իրավունք
15:38, 17 январь 2022
Քոչարյանին ազատ արձակած դատավորի համբավ ձեռք բերած Ալեքսանդր Ազարյանի՝  «Դատավորների միության» նախագահի պաշտոնում ընտրվելը շոկային էր շատերի համար, հատկապես նրանց, ովքեր ժամանակին ճաշակել են Ազարյանի իրականացրած արդարադատության պտուղները՝ փաստաբաններ, դատապարտված անձինք։

Ազարյանը, նկատենք, երբ 2018-ի օգոստոսին ազատ արձակեց Քոչարյանին, որի պաշտոնավարման օրոք աշխատել է վերջինիս աշխատակազմում, այն ժամանակ փաստաբան, ներկայումս ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքեց տխրահռչակ դատավորի որոշմամբ հիացածներին։ «Ընկերներիս ցանկում արդեն շատերին եմ տեսնում դատավոր Ալեքսանդր Ազարյանի դատավորի պաշտոնում պաշտոնավարման վերաբերյալ հիացական արտահայտություններ գրելով: Այսօրվա ակնհայտ անհիմն եւ վտանգավոր որոշումը /նկատի ունի Քոչարյանին կալանքից ազատելը-խմբ․/չի կարող անտեղյակության հետեւանք լինել: Դատավոր Ազարյանը ամենեւին էլ անտեղյակ կամ մասնագիտական ձեռնհասությունից կաղացող դատավորներից չէ: Պիտի ենթադրեմ, որ խնդիրը նրա կողմնապահության, եթե ոչ՝ մարտիմեկյան «բորենիների խրախճանքին» մասնակից լինելու փաստը կարող է լինել: Չգիտեմ, թե ինչով է զբաղված եղել գործին մասնակից դատախազը ողջ այս վերաքննիչ դատավարության ընթացքում, որ չի նկատել այս ամենը, բայց դատավոր Ազարյանով հիացող եւ հալվող ընկերներիս միակ մի հարց ունեմ. ձեր սիրասուն դատավոր Ազարյանն է՞լ տեղյակ չէր, որ նույն քրեական գործի շրջանակներում ինքը դատապարտել էր մարդկանց այն նույն գործի նույն փաստական հանգամանքների շրջանակում, որոնք այսօր քննվում են որպես սահմանադրական կարգի տապալման հետեւանքներ: Սակայն նույն այդ հանգամանքները նույն դատավորը հիմք էր ընդունել, որպես սահմանադրական կարգի վերականգնմանն ուղղված գործունեության հետեւանքներ»:

Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ  Վ․ Գրիգորյանն, այնուհետ, իր գրառմանը կից մեկնաբանություններում  հրապարակել էր քաղվածքներ Ազարյանի կողմից կայացված որոշ դատվճիռներից, որոնք փաստաբանի ձեւակերպմամբ, Ազարյանը կայացրել էր «մարտիմեկյան իրավապահների եւ դատարանների «բորենիների խրախճանքի» ընթացքում»:

Քաղվածքները մասնավորապես «Մարտի 1-ի» գործով դատապարտված, ամիսներ առաջ  արդարացված՝ 2008 թ․նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Հրազդանի  նախընտրական շտաբի պետ, 6 տարվա ազատազրկման դատապարտված Արամ Բարեղամյանի, Ֆելիքս Գեւորգյանի  վերաբերյալ  կայացված դատավճիռներից էին։ Ուշագրավ է հատկապես Ֆելիքս Գեւորգյանի մասով կայացված դատավճռից քաղվածքը, որին կից Վ․Գրիգորյանը մեկնաբանություն էր գրել. «Սա հատկապես պետք է դուր գա իմ այն ընկերներին, որոնք հալվել են պարոն Ազարյանի անկախությունից, անկողմնակալությունից եւ արդարամտությունից»։ Այնուհետ փաստաբանը հիշեցրել էր՝ «սա միակ գործն է, որով «փաստվել» է, որ ցուցարարները զենք են ունեցել: Եւ այդ կոնկրետ մեկ եւ միակ «զինված» ցուցարարը հենց եղել է Ֆ. Գեւորգյանը»: «Հիշեցնեմ, որ իշխանությունները ցայտնոտի մեջ ընկած զենք էին որոնում ցուցարարների ձեռքին դեռ դեպքերից մի քանի ամիս անց: Խնդիրը միջազգային հանրությանն ապացուցելն էր, թե ցուցարաների մոտ զենք է եղել, զինված են եղել: Մահերը արդարացնել չէր ստացվում: Եւ այս ծանր բեռը մնացել էր դատավոր Ազարյանի ուսերին: ․․․Հիմա ես Ձեզ պատմեմ այն հեքիաթը, որը հաստատված փաստական շարադրանք համարելով դատավոր Ազարյանը դատապարտել է կոնկրետ մարդու, ձեռքի հետ էլ ապահովելով «զինված ցուցարար» ապրանքանիշը ողջ մարտիմեկյան գործի համար: ․․․ Ի դեպ, Ազարյանը 7 տարվա ազատազրկման է դատապարտել մեկին, ում նկատմամբ իրականացված խոշտանգումների հետքերը՝ գանգոսկրի դեֆորմացիայի եւ սպիերի տեսքով, անզեն աչքով են տեսանելի այսօր։ Իսկ հորինված գործի անհավանական մեղմ ասած անհամապատասխանություններն ու հակասությունները տեսանելի են նույնիսկ ուսանող իրավաբանի համար սակայն «պատահաբար» կամ երեւի «ներքին համոզման» շրջանակներում «վրիպել» էին դատավոր Ազարյանի տեսադաշտից։ Բայց սա դեռ ամենը չէ: Հենց դատաձգաբան փորձագետները փաստել էին, որ Ֆ. Գեւորգյանի այն ինքնաձիգը, որից նա իբր երկու թե երեք անգամ օդ էր կրակել Լեո-Պարոնյանի մոտակայքում, կրակելու համար պիտանի չէր: Կրկին մեջբերում  դատավոր Ազարյանի կայացրած ակտից. «Ներկայացված վիճակով ինքնաձիգը պիտանի չէ նպատակային օգտագործման համար և հրազեն չի հանդիսանում»,- մասնավորապես հիշեցրել էր Վահե Գրիգորյանը։ 

Նշենք, որ ապօրինի զենք-զինամթերք հափշտակելու եւ պահելու մեղադրանքով 7 տարվա ազատազրկման դատապարտված Ֆ․ Գեւորգյանը 2010-ին համաներմամբ ազատ էր արձակվել, այնուհետև նրան փորձել են մեղադրանք առաջադրել մարտի 1-ի տասը սպանություններից որեւէ մեկի կապակցությամբ։ Սակայն նա, իր պնդմամբ՝ բռնությունների ենթարկվելուց, մասնավորապես՝ ոստիկանությունում ոտքը շիկացած երկաթով այրելուց հետո, մեղադրվել է 7 դրվագով գողության մեջ. մինչ այժմ նրա ոտքին սպին կա։

Նշենք, որ դատարանը գողության դրվագով 2014-ին անմեղ ճանաչեց ընդդիմադիր ակտիվիստին՝ ապացույցների անբավարարության հիմքով։ 

Ազարյանի կողմից Մարտի 1-ի գործի շրջանակներում դատվածներից են նաեւ Արմեն Խուրշուդյանն ու Արա Հովհաննիսյանը։ Ազարյանը այս գործով  ընդհանուր թվով 9 մեղադրական դատավճիռ է կայացրել։  

Հիշեցնենք, որ 2020-ին Հայաստանի Վճռաբեկ դատարանը արդարացրել է «Մարտի 1-ի» գործով տարիներ առաջ ազատազրկված 9 անձի՝ Արմեն Ավագյան, Մասիս Այվազյան, Կարեն Թարխանյան, Դավիթ Աղայան, Վարդան Ջհանգիրյան, Արման Շահինյան, Դավիթ Մաթեւոսյան, Խաչիկ Գասպարյան, Սամվել Հարությունյան։ 

Վճռաբեկ դատարանի կողմից արդարացված այլ անձանց, բացի Ազարյանից, դատել են դատավորներ Կարինե Ղազարյանը, Գագիկ Ավետիսյանը, Ռուբեն Ափինյանը, Գայանե Կարախանյանը, Վերաքննիչ ու վճռաբեկ դատարանի այլ դատավորներ։ ՀԱԿ-ը 2020-ին կազմել էր «Մարտի 1-ի» գործով ապօրինի վճիռներ կայացրած 50 դատավորի ցուցակ, որոնցից 35-ը՝ գործող էին։ Ցանկը ներկայացվել է իշխանություններին։

Հեղինե Մանուկյան