Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատավոր Բորիս Բախշիյանը կալանավորվեց

Դատավոր Բորիս Բախշիյանը կալանավորվեց
Իրավունք
12:05, 07 февраль 2022
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը նախագահությամբ՝ դատավոր Դավիթ Արղամանյանի, այսօր՝ փետրվարի 7-ին, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (լիազորությունները կասեցված են) Բորիս Բախշիյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը բավարարեց։

ՀՀ գլխավոր դատախազը ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, ՀՀ ԲԴԽ-ին ներկայացրել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդություններ, որոնք ԲԴԽ-ի կողմից բավարարվել են։

Քրեական գործը, որի շրջանակներում դատավորին մեղադրանք է առաջադրվել, հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով՝ անձին ապօրինի կալանավորելու հատկանիշներով, որն առաջացրել է ծանր հետևանք։ Դատավորին սպառնում է 3-8 տարվա ազատազրկում։ 

Նշենք, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով բավարար փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալներից Նվեր Մկրտչյանը դեռևս նախաքննության ընթացքում տվել է խոստովանական և մյուս ամբաստանյալներին մերկացնող ցուցմունք և հայտնել, որ իրեն փորձել են համոզել փոխել տված ցուցմունքները։

Խոսքը վերաբերում է  Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործով անցնող ամբաստանյալ Նվեր Մկրտչյանին: Վերջինս Մանվել Փարամազյանի դեմ ցուցմունք տված անձն է:

Քրեական գործով պարզվել է նաև, որ դատավոր Բորիս Բախշիյանի կողմից ակնհայտ ապօրինի կալանավորվելուց և քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելուց հետո Ն. Մ.-ին կազմակերպված խմբի կողմից հարկադրվել է հրաժարվել ցուցմունք տալուց, որից հետո Ն. Մ.-ն հաջորդ դատական նիստին, առանց հանգամանքների որևէ փոփոխության, դատավոր Բորիս Բախշիյանի կողմից ազատ է արձակվել և նույն նիստում հրաժարվել ցուցմունք տալուց ու հարցերին պատասխանելուց՝ բացառապես հայտարարելով, որ իր նկատմամբ անօրինական ազդեցություն չի գործադրվել։ 

Սույն գործը վերաբերում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը պատկանող առանձնապես խոշոր չափերի գույքը խարդախությամբ հափշտակելուն և Մանվել Փարամազյանի կողմից  առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու ենթադրյալ դեպքին և այլ արարքների: