Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Օնիկ Գասպարյանի պաշտպանները պատրաստվում են դիմել ՄԻԵԴ

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի պաշտպան Արամ Օրբելյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ եթե իրավունքի խախտումը չվերացվի Հայաստանում, ապա նրանք կդիմեն ՄԻԵԴ:

«Ես միշտ լավատես եմ ու մարդու իրավունքների խախտումների վերացումները տեսնում եմ հայկական դատական ատյանների շրջանակներում։ Այդ մի փոքր մասը, որ այստեղ չի վերանում, պետք է վերացվի Եվրոպական դատարանում», - լրագրողներին ասաց Օրբելյանը:

Ըստ նրա, վարչապետը, որը գտնում է, որ կարող է դատարանի որոշումը չկատարել ու խնդրել դատարանին, որ փոխի որոշումը, պետք է ենթարկվի քաղաքական պատասխանատվության։

«Ինձ հայտնի բոլոր զարգացած երկրներում նման մոտեցումը ակնհայտորեն կբերեր քաղաքական հետևանքների, քրեադատավարական հետևանքները նույնպես պետք է վրա հասնեն, որովհետև դատարանի որոշումը չկայացնելը համարվում է հանցագործություն», - նշեց Օրբելյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, բավարարել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի գործով հայցի ապահովման միջոց կիրառելու մասին փաստաբանի միջնորդությունը, որով պահանջվել էր կասեցնել Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությունը մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը։
 
Օնիկ Գասպարյանը դիմում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն. նա պահանջում է քրեական գործ հարուցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի դեմ՝ ՀՀ ՔՕ 308 հոդվածի 2-րդ կետով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։