Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեզ համար սկսվում է պատմության մի նոր էջ. Պառակտումը թուլացնում է մեր պետականության հիմքերը. ՀՀ նախագահ

Մեզ համար սկսվում է պատմության մի նոր էջ. Պառակտումը թուլացնում է մեր պետականության հիմքերը. ՀՀ նախագահ
Քաղաքականություն
10:53, 02 август 2021
Այսօր՝ օգոստոսի 2-ին, Ազգային ժողովում մեկնարկեց ԱԺ 8-րդ գումարման առաջին նստաշրջանը:

Իր ողջույնի խոսքը հղեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և շնորհավորեց խորհրդարան անցած պատգամավորներին ու մաղթեց արդյունավետ աշխատանք:

«Ձեզ հնարավորություն է տրված նախ մշակել և ապա իրականացնել ապագային միտված ծրագրեր: Ապագան առանձին վերցրած որևէ մի կուսակցության շահերը չեն, ապագան մենք ենք՝ մեր երեխաների և նախնիների նկատմամբ ունեցած պարտքով: Պետք է ամեն ինչ անել պաշտպանելու և պահպանելու համար մեր պետականությունը»,- ընդգծեց Արմեն Սարգսյանը:

Նրա խոսքով՝ դեմագոգիան և պոպուլիզմը ճանապարհ են դեպի փակուղի. «Պետք է խիզախություն ունենանք ընդունելու մեր սխալներն ու թերությունները և պատասխան տանք դրա համար: Եվ միայն ազնիվ ու արդար կառավարումը կարող է փոխել իրավիճակը և լավատեսություն սերմանել»:

Նա ճգնաժամից դուրս գալու կարևոր նախապայման է համարում պառակտումը բացառելը. «Պառակտումը թուլացնում է մեր պետականության հիմքերը: Մենք մեզ պետք է մի հասարակ հարց տանք. ի՞նչն է ավելի կարևոր՝ հանուն պատրանքային շահերի տեղային «պատերազմնե՞րը», թե՞ հայրենիքի հանդեպ սերը, որը մեզնից պահանջում է զոհաբերել անձնականը հանուն ընդհանուրի»:

ՀՀ նախագահն ընդգծեց, որ Հայաստանը պետք է ընկալենք որպես մեր միակ հենման կետ, և կարևորեց պետական իմունիտետը:

«Մեզ համար սկսվում է պատմության մի նոր էջ՝ այլևս չսխալվելու հրամայականով. այդ շռայլությունն այլևս չենք կարող մեզ թույլ տալ:

Երկարաժամկետ հեռանկարում ունենք մեկ տարբերակ՝ դառնալ տարածաշրջանային մրցունակ երկիր՝ օգտագործելով մեր համաշխարհային հսկայական ներուժը»,- ասաց նա և կարևորեց քաղաքական «Թումոյի» ստեղծումը: 

ՀՀ նախագահը հավաստիացրեց, որ նախագահի աշխատակազմը իր սահմանադրական հնարավորությունների շրջանակում պատրաստ է գործնական, կոնկրետ ներդրում ունենալ բովանդակալից պետության կառուցման մեջ. «Պետություն, որն իր վրա կվերցնի ազգը դեպի ապագա առաջնորդելու պատասխանատվությունը»: