Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Չեմ հիշում՝ «Հրապարա՞կ»-ն էր, թե՞ Haqqin.az-ը․ Նման սուտ ու ապատեղեկատվություն տարածողները Արցախի թշնամի են»․ Ռուստամ Բաքոյան

«Չեմ հիշում՝ «Հրապարա՞կ»-ն էր, թե՞ Haqqin.az-ը․ Նման սուտ ու ապատեղեկատվություն տարածողները Արցախի թշնամի են»․ Ռուստամ Բաքոյան
Քաղաքականություն
17:01, 02 сентябрь 2021
«ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը երկու օր է, ինչ գտնվում է Արցախի Հանրապետությունում: Սեպտեմբերի 1-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հետ ունեցել ենք համատեղ հատուկ նիստ՝ նվիրված Արցախի Հանրապետության 30-ամյակին, որի ժամանակ ելույթներ են ունեցել ինչպես իշխանության խմբակցության ներկայացուցիչները, այնպես էլ ընդդիմության»,- անդրադառնալով ՀՀ ԱԺ պատվիրակության Արցախ կատարած այցելությանը՝ Civic.am-ի հետ զրույցում պատմեց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հարցերով մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Բաքոյանը: 

Նա ընդգծեց, որ իրենք նպատակ ունեն շարունակական և ավելի հաճախակի դարձնելու իրենց այցերը, շփումները և հասցնել ավելի բարձր մակարդակի. «Քննարկումներ ենք ունեցել տարբեր հարթություններում մեր աշխատանքն ավելի զարգացնելու»:

Շրջանառվող շահարկմանը, թե ՀՀ պաշտոնյաները չեն մեկնել Արցախ, Բաքոյանն ասաց. «Եթե ՀՀ ԱԺ փոխնախագահը, ԱԺ մշտական հանձնաժողովի փոխնախագահը, պատգամավորները պաշտոնյաներ չեն, ապա ցավում եմ նրանց համար»:

Ռուստամ Բաքոյանն ընդգծեց, որ բացի ջերմ հանդիպումից, ջերմ վերաբերմունքից՝  իրենք այլ բան չեն տեսել. «Իհարկե, բուռն, արդյունավետ քննարկումներ տեղի են ունեցել»: 

Անդրադառնալով «Հրապարակ» թերթի տարածած տեղեկատվությանը, թե զոհերի հարազատները քարեր են նետել ՀՀ ՔՊ խմբակցության պատգամավորների վրա, իսկ Դաշնակցության «Ապառաժ» թերթն էլ գրել էր, որ վերջիններս փախուստի են դիմել Արցախից, Ռուստամ Բաքոյանն ասաց. «Էդպիսի մի նյութ իմ աչքով էլ է ընկել, բայց չեմ հիշում՝ «Հրապարա՞կ»-ն էր, թե՞ Haqqin.az-ը, որովհետև իրենք իրենց բովանդակությամբ և տարածող տեղեկատվությամբ իրարից չեն տարբերվում, և միմյանց տեղեկատվություն են փոխանցում: Այս տեղեկատվությունը տարածող մարդիկ կամ կայքերի տերերը այն մարդիկ են, ովքեր շուրջ 7-8 ամիս տարածում էին այնպիսի ապատեղեկատվություն, որի մեջ ներառված էին Հայաստանը տարբեր մասերի բաժանող հայտարարություններ, այդ թվում՝ Սյունիքն առանձնացնելով Հայաստանից, նրանք նաև փորձեր են արել Արցախն ու արցախցիներին տարանջատել, և հիմա նույն բանն են անում:

Դրանք նույն ներքին թշնամիներն են և Ադրբեջանից որևէ բանով չեն տարբերվում, դրանք թշնամու ջրաղացին ջուր լցնողներն են»: 
Նրա խոսքով՝ հակառակը, տեղեկություն է շրջանառվել, որ ընդդիմադիր պատգամավորից մեկի վրա են քար նետել ու անպատվել Արցախում։ 

Բաքոյանը նշեց, որ իրենք Արցախում այցելել են տարբեր տեղեր, շփվել են մարդկանց հետ Ստեփանակերտում, սուրճ են խմել դրսում, մարդիկ մոտեցել-բարևել են. «Մենք այցելել ենք 44-օրյա պատերազմում զոհված մեր հերոս տղերքի շիրիմներին Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հետ»:

Բաքոյանը հավելեց, որ իրենք արդեն վերադառնում են Արցախից. «Եվ այն մարդիկ, ովքեր նման տեղեկատվություն են տարածում, այս ազգի, այս երկրի թշնամին են և գործում են թշնամու հետ համատեղ»: