Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ստորագրել են Ալիևի պահանջած փաստաթուղթն ու լուծարել ԼՂՀ-ն, հիմա եկել են այստեղ ու փորձում են ասել՝ վտարանդի կառավարություն. Ալեքսանյան

Սամվել Շահրամանյանը ֆրանսիական «Լը Ֆիգարո»-ին տված հարցազրույցում hարցին, թե գոյություն ունի՞ արդյոք Արցախի վտարանդի պետություն և կառավարություն, դրական պատասխան է տվել՝ նշելով, որ Երևանում Արցախի ներկայացուցչությունը հենց Արցախի վտարանդի կառավարությունն է։ Այնտեղ գտնվում են Արցախի նախագահի գրասենյակը և դատական ու օրենսդիր կառույցների գրասենյակները:

«Խորհրդարանականները կարող են հավաքվել այստեղ՝ քվեարկելու համար։ Հոկտեմբերին ստորագրել են հրամանագիր, որով սահմանվում է, որ կառավարության բոլոր նախարարները մնում են իրենց պաշտոններում կամավոր հիմունքներով»,- ասել է Շահրամանյանը։

Սրան այսօրվա կառավարության նիստում պատասխան ելույթով հանդես եկավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետն ասաց, որ Հայաստանում գոյություն ունի մեկ կառավարություն, և դա ՀՀ կառավարությունն է։ Որևէ այլ կառավարություն ՀՀ-ում չի կարող լինել։ Ըստ Փաշինյանի՝ դա սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի Հանրապետությանը։

«Անհրաժեշտության դեպքում պետք է արվեն համապատասխան քայլեր և ձեռնարկվեն համապատասխան միջոցառումներ, որպեսզի նաև արտաքին ուժերը որոշ շրջանակների Հայաստանի Հանրապետության համար սպառնալիք ստեղծելու համար չօգտագործեն։ Էլի եմ ասում՝ կամա, թե ակամա՝ սա այլ խնդիր է»,- նշել էր Կառավարության ղեկավարը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը ևս նշեց, որ ՀՀ-ում՝ բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չկա և լինել չի կարող. «Ուրիշ բան, թե ինչի համար են այդ հայտարարությունները։ Ուրիշ բան, թե այդ հայտարարություններն անողները գիտակցո՞ւմ են, թե ինչու են դրանք անում, թե՞ ոչ»։ 

Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Իշխան Սաղաթելյանի արձագանքին, որով վերջինս նշում էր, թե Փաշինյանն ու Ալիևը սպառնում են Արցախի իշխանություններին, Ալեքսանյանն ասաց, որ վարչապետի հայտարարությունը բխում է ՀՀ շահերից։

«Ուրիշ բան, թե Իշխան Սաղաթելյանն ու իր կողմից պաշտպանվող գործիչները ինչ դերակատարում են ունեցել։ Իշխան Սաղաթելյանն ասում է, թե Հայաստանի Հանրապետությունը սպառնում է ԼՂ այն իշխանություններին, որոնք ստորագրել են ԼՂ-ն լուծարելու մասին հրամանը։ Հազար ներողություն, Իշխան Սաղաթելյանի ու իր քաղաքական թիմի հովանավորյալները՝ նրանց փաստացի կուսակիցները, ստորագրել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լուծարման մասին հրամանագիրը։ Հիմա եկել են այստեղ ու փորձում են ասել՝ վտարանդի կառավարություն։ Կներեք, դուք եք ստորագրել Ալիևի պահանջած թուղթը»,- ասաց Վահագն Ալեքսանյանը։ 

Ի պատասխան նրա, որ Սամվել Շահրամանյանն այդ հրամանագիրը ստորագրել է ուժի և ուժի սպառնալիքի ներքո՝ փրկելու համար ԼՂ բնակչության անվտանգությունը, պատգամավոր Ալեքսանյանն ասաց. «Իսկ Հայաստանում նմանատիպ հայտարարություններ անելիս Հայաստանի բնակչության անվտանգության, Հայաստանի ազգային անվտանգության մասին մտածելու ոչ մի կարիք ու անհրաժեշտություն պարոն Շահրամանյանը չի՞ տեսնում»։ 

Ալեքսանյանի վստահությամբ՝ արցախահայերը շատ խելամիտ են ու շատ լավ ճանաչում են իրենց «հայրենասիրական ու պաթոսախեղդ կենացներով կերակրող խմբակին, որն ամիսներ շարունակ արցախցիներին կերակրում էր այդ պաթոսախեղդ ճառերով ու վերջում ստորագրում ԼՂՀ-ն լուծարելու հրամանագիրը»։

«Ես վստահ եմ, որ Իշխան Սաղաթելյանի կողմից արցախահայերին  ապուշի տեղ դնելու այս պրոցեսը ոչ մի հաջողություն ունենալ չի կարող»,- ասաց Ալեքսանյանն ու հիշեցրեց, որ մինչ իրենք Արցախի ղեկավարությանը կոչ էին անում գնալ բանակցությունների, վերջիններս այդ «կոչերն ու ճառերն» ասելուց առաջ հասցնում էին Երևանում անշարժ գույք ու բիզնեսներ ձեռք բերել՝ ի տարբերություն հասարակ արցախահայերի։
 
Մանրամասն՝ տեսանյութում
Վովա Հակոբյան