Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հաագայի դատարան դիմելով Հայաստանը կարող է բացառել Ադրբեջանի նկրտումները Արցախի նկատմամբ. միջազգային իրավունքի մասնագետ

Հաագայի դատարան դիմելով Հայաստանը կարող է բացառել Ադրբեջանի նկրտումները Արցախի նկատմամբ. միջազգային իրավունքի մասնագետ
Քաղաքականություն
14:33, 18 сентябрь 2021
«Հաագայի դատարան դիմելը շատ կարևոր քայլ է, որը պետք է արվեր 10-15 տարի առաջ, բայց, ցավոք. արվում է այսօր»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արա Խզմալյանը:  

Հիշեցնենք, որ օրերս պարզ դարձավ, որ Հայաստանի Հանրապետությունն ընդդեմ Ադրբեջանի Հանրապետության գործով հայցադիմումը մուտք է եղել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան (ICJ) Խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիայի խախտման հիմքով:  

Այս ֆոնին, սակայն, կարծիքներ են հնչում, որ, օրինակ, այս ուղղությամբ տարվող ջանքերն անիմաստ ժամանակի կորուստ են: Օրինակ՝ վաշինգտոնաբնակ միջազգայնագետ Արմեն Խարազյանը կարծիք է հայտնել, որ Արդարության միջազգային դատարանում հայց բերելը միջոցների անիմաստ վատնում է։  

«Դրա իրավական հիմնավորվածությունը դեռևս մի կողմ, զուտ նման հայց բերելը ցույց է տալիս, որ մեր հանրությունն արմատապես չի էլ գիտակցում, թե ինչ գործընթացների արդյունքում է հայրենիք կորցրել, ու ինչպես պետք է այն վերադարձնել։ Հողը կռվելով են պահում։ Հայաստանին պետք է ագրեսիվ ինքնապաշտպանություն, ոչ թե ՄԱԿ-ի դատարաններ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Խարազյանը:  

Արա Խզմալյանի խոսքով, սակայն, Արդարադատության միջազգային դատարան դիմելը կարող է հանգեցնել  Ադրբեջանի կողմից լրջագույն խախտումների ճանաչման, արձանագրման, որը հետագայում կարող է հիմք տալ բացառելու Ադրբեջանի որևէ նկրտում հայաբնակ որևէ տարածքի նկատմամբ   իր սուվերենությունը տարածելու առումով:

«Սրանով Հայաստանը կարող է բացառել Ադրբեջանի նկրտումները Արցախի նկատմամբ: Ամենաօպտիմալ լուծումը, ճանապարհը նաև սա է»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այս տարիներին ապացուցողական հսկայական բազա է հավաքվել, որը կարելի է օգտագործել հիմա: Եվ հետո, մեր զրուցակցի խոսքով, այստեղ հարցը ոչ այնքան ապացուցողական բազան է, որքան դրա որակումները:

«Արդարադատությա միջազգային դատարանը որոշ  չափով քաղաքականացված դատական ատյան է, ուստի որոշ առումով չի կարելի բացառել մոտեցման տատանումներ՝  կապված քաղաքական կոնյուկտուրայի հետ»,- ասաց նա:

Մեր դիտարկմանը՝ հաշվի առնելով Ադրբեջանի վերաբերմունքը, արձագանքը  միջազգային կառույցների, մարմինների որոշումների նկատմամբ, ինչ կարելի է սպասել այս առումով, եթե Հաագայի դատարանը հօգուտ Հայաստանի որոշում կայացնի, Խզմալյանը պատասխանեց.  «Արդարադատության միջազգային դատարանի որոշումները, որպես այդպիսին, կատարվում են, դա ՄԱԿ-ի մարմին է: Ընդհուպ ՄԱԿ-ի անվտանգությւան խորհուրդը կարող է ներգրավվել, եթե Հաագայի դատարանի որոշումը չկատարվի: Այդ  դատարանի որոշումը բանաձև չէ, կոչ չէ, թղթի կտոր չէ: Դա պարտադիր  կատարման ենթակա է և կարելի է ակնկալել դրա  կատարում»:

Ինչ վերաբերում է հայցի քննության ժամկետներին, ապա մասնագետի խոսքով, նախ կողմերին ժամանակ է տրվում ներկայացնել փաստարկներ, հակափաստարկներ, իրականացվելու են լսումներ, հետո նոր լինելու է որոշում: Բայց խոսքը տարիների մասին է:  «Բայց այս ժամանակ էլ չի նշանակում, որ այս հայցը պետք է համարել ոչ արդյունավետ կամ ոչ անհրաժեշտ»,- եզրափակեց Խզմալյանը: