Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չար վարորդները կարծես գտան բալերը դեսից-դենից հավաքագրելու ձևը. ո՞նց պիտի առնենք դրա դեմը. Անդրանիկ Քոչարյանը՝ փոխոստիկանապետին

«Պարոն Ֆիդանյան, մենք բալային համակարգ մտցրեցինք և շատ ոգևորված էինք այդ համակարգի ներդրմամբ: Հիմա դուք կարո՞ղ եք գնահատել, թե այդ համակարգը մեզ ինչ արդյունք ապահովեց»,- այսօր՝ նոյեմբերի 1-ին, ԱԺ մշտական հանձնաժողովներում բյուջետային քննարկումների ժամանակ, դիմելով փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանին, հարցրեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: 
 
Վերջինիս խոսքով՝ սկզբնական շրջանում կարծես թե ամեն ինչ լավ էր, «բայց հետագայում մեր չար վարորդները կարծես թե գտան բալերը դեսից-դենից հավաքագրելու ձևը՝ իրենց ամուսինների, ընկերների հաշվին: Մենք դրա դեմը ո՞նց պիտի առնենք: Եթե չեք գտել, խնդրում եմ՝ արագ օրենսդրական առաջարկ պատրաստեք, որովհետև չկա մի օր, որ փողոցով անցնելիս չտեսնենք ճանապարհային միջադեպ, և որպես կանոն, չգիտեմ ինչի, խփում են հետևից: Դա էլ շատ ազգային յուրահատկության է նմանվել, ոնց որ թե չենք զիջում»:

Փոխոստիկանապետը ի պատասխան նշեց, որ բալային համակարգը իր դրական ազդեցությունն ունեցել է, սակայն, ցավոք, ավելացել է նաև ՃՏՊ-ների թիվը և դրա հետևանքով զոհերի թիվը. «Այս պահի դրությամբ բալային համակարգը գործում է բացառապես տեխնիկական միջոցներով արձանագրված խախտումների դեպքում, իսկ տեխնիկական միջոցներով հիմնականում հագեցած է մայրաքաղաք Երևանը, և Երևանում ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը շատ ավելի քիչ է, քան մարզերում: Հետևաբար կարծում եմ, որ բալային համակարգն իր արդյունավետությունը տվել է»:

Արձագանքելով՝ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ ինքը ակնկալում է վերլուծություն և այդ համակարգի հետ կապված առաջիկայում քննարկում պաշտպանության հանձնաժողովում. «Որովհետև տեսանելի է, որ ըստ էության զոհերի պակաս չենք տեսնում»: