Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ձեր պատգամավորն էր սպառնում գլխատել և բռնաբարել կամ հակառակը. Դա է՞լ էր գրական, պարոն Ռուստամյան. Հայկ Կոնջորյանը հնչեցրեց Առաքել Մովսիսյանի ձայնագրությունը

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Ազգային ժողովի հերթական նիստում վիրավորանքը քրեականացնելու մասին օրենքի նախագծի քննարկմանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն առաջարկեց տեղափոխվել 6 տարի առաջ և միացրեց ձայնագրություն, որում նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը խոստանում էր գլխատել և բռնաբարել նրանց, ովքեր Սեյրան Օհանյանի հասցեին հայհոյանք էին հնչեցրել: «Նախագծի քննարկման ամբողջ սպեկտորը ներառում է այս ռեպորտաժը»,- ասաց նա:

Վերջինս արձանագրեց, որ նախկինում էլ է անընդունելի եղել, երբ թիրախավորվել են քաղաքական գործիչն ու նրա ընտանիքի անդամները, ինչը նորմալ է. «Բայց այսօր դուք այստեղ խոսում եք այն մասին, որ մենք Հայաստանում տարածում ենք բռնության մշակույթ, երբ ձեր իշխող խմբակցության պատգամավորը սպառնում էր իր թիմակցի ընտանիքի անդամներին հայհոյելու համար գլխատել և հետո բռնաբարել կամ հակառակը»:

Հայկ Կոնջորյանը հիշեցրեց նաև, որ նորից նախկին իշխող պատգամավորը սպառնում էր լրագրողի ծնոտը ջարդել, կամ երբ նախկին մարզպետներից մեկը ոտքով հարվածել էր կին գործարարի փորին. «Հիմա եկել եք կանանց, լրագրողների նկատմամբ բռնության մասին եք խոսում»: 

Իսկ երբ Հայկ Կոնջորյանը հիշեցրեց Արմեն Ռուստամյանի թույլ տված արտահայտությունները, վերջինս ասաց, որ դա գրական է եղել: «Գլխատելն ու բռնաբարելն է՞լ էր գրական, պարոն Ռուստամյան, պոլիտկոռեկտության սահմաններում»,- նկատեց Հայկ Կոնջորյանը: