Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ենթադրում եմ, որ Արցախից հնչած արձագանքը ինքնապաշտպանական ռեակցիա է, բայց եթե այն կողոպտված անցյալի ներկայացուցիչների հետ համաձայնեցված է, ապա դա շատ վտանգավոր է

Ենթադրում եմ, որ Արցախից հնչած արձագանքը ինքնապաշտպանական ռեակցիա է, բայց եթե այն կողոպտված անցյալի ներկայացուցիչների հետ համաձայնեցված է, ապա դա շատ վտանգավոր է
Քաղաքականություն
13:39, 30 декабрь 2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի  կողմից  ԼՂ խնդրի կարգավորման բանակցային ժառանգությանն առնչվող  որոշ դետալների քաղազերծումը ոչ միանշանակ ընդունվեց հասարակական-քաղաքական շրջանակների կողմից։  Թեմայի  շուրջ զրուցել ենք քաղ․ գիտ․ թեկնածու, դոցենտ, Քրիստոնեա-Ժողովրդավարական կուսակցության փոխնախագահ  Հայկ Սուքիասյանի հետ։ 

-Պարոն Սուքիասյան, որոշ փորձագետներ, ընդդիմադիր գործիչներ  վարչապետի  հայտարարությունները,  մասնավորապես՝ «ԼՂԻՄ-ը երբեք բանակցային գործընթացում չի դիտարկվել որպես զուտ եւ միայն հայկական միավորում»,  մասնավորապես  այսպես են մեկնաբանում՝ վարչապետն ասաց, թե «Արցախը Ադրբեջան է եւ վերջ»։  Դուք եւ՞ս այդպիսի տպավորություն ստացաք նրա ելույթից։ 

-Նախ մի դիտարկում․ երբ ասում եք՝ որոշ փորձագետներ ինչ որ տեսակետներ են հայտնում, ապա  պետք է հասկանալ, թե ովքեր են այդ փորձագետները։ Հայաստանում կան անասնաբույժի մասնագիտությամբ փորձագետներ, անասնաբույժ քաղաքագետներ, որոնք կարող են ամեն տեսակի տափակ տեսակետեր  դնել շրջանառության մեջ։ Սա նկատի ունեցեք։  Ինչ վերաբերում է վարչապետի հայտարարությանը, ապա ես  ենթադրում եմ, որ նա ամեն դեպքում արձանագրել է անցած 30 տարվա ընթացքում Հայաստանի՝ շատ կողոպտված անցյալի ներկայացուցիչների բանակցած տարբերակը, որ՝ այն, ինչը որ իրենք բանակցել են, ենթադրում էր այն, ինչ եղավ։  Ես հիշում եմ, որ վարչապետը ժամանակին հայտարարում էր՝  «Արցախը Հայաստան է եւ վերջ»։ Ինձ համար ելակետայինը այդ հայտարարությունն է։ Սա մեր ժողովրդի իղձերի, պատմական իրավունքի գնահատականն է։ Այլ բան է, ինչ որ ստեղծվել է այսօր՝ հետպատերազմական իրադրության պայմաններում, եւ վարչապետի հայտարարությունը, իմ տպավորությամբ, հենց այդ իրադրության գնահատականն է։ Իսկ թե ինչ են ասում եւ ուզում մարդիկ, ովքեր իրենց վրա ընդդիմադիր են գրել, բայց տառապում են ռեւանշիզմի մոլուցքով, հասկանալի է։ Նրանց մտահոգությունը  Հայաստանն ու Արցախը չեն, այլ շատ ուրիշ բաներ։ Թող հիմա էդ մարդիկ կանգնեն ու ասեն, թե ինչու են բանակցել Արցախի տարածքները հանձնելու շուրջ, ինչու են 30 տարի ՀՀ-ի հավաքական պոտենցիալը մսխել՝ տնտեսությունը, քաղաքական կյանքը, դիվանագիտությունը,  ինչու են մեր պետությունը կապել մեկ այլ պետության ոտքերից, որը, այսօր, պարզվում է, Թուրքիայի հետ լավագույն հարաբերությունների մեջ է։ 

-Պրն Սուքիասյան, նկատենք, որ Արցախն էլ բավականին օպերատիվ արձագանքեց վարչապետի հայտարարություններին։ Ի՞նչ գնահատական կտաք  այդ արձագանքին, եթե ծանոթ եք։ 

-Ենթադրում եմ՝ անկեղծ են Արցախի իշխանությունները։ Եթե արտաքին տեսանկյունը նայեք,  խորքը չգիտեմ,  որոշակի նույնություն ունի ՀՀ-ում ռեւանշիզմով տառապողների եւ ձեր նշած  անասնաբույժ վերլուծաբանների  տեսակետների հետ։ Ես, ինչքան գիտեմ, Արցախում երբեւէ այսպիսի արձագանք չի եղել որեւէ իշխանության ժամանակ։ Արցախի իշխանությունները պետք  է ասեն, թե ինչու իրենք ժամանակին չեն արձագանքել Արցախի՝ յոթ շրջան կասեն, 8 շրջան կասեն, տարածքների աճուրդի հետ կապված բանակցություններին։ Ինչո՞ւ տեսակետներ չեն հայտնել, ինչո՞ւ են էս թուլացած Հայաստանի մարմնի վրա նաեւ հավելյալ բեռ դնում։ Արցախի իշխանություններին ես առաջարկում եմ չափել ՀՀ-ի հնարավորությունները։ Մենք պարտվել ենք, էդպես ստացվել է, բայց դա չի նշանակում դատավճիռ ու ողբերգություն։ Հայաստանի իշխանությունն անում է առավելագույնը եւ դա չտեսնել հնարավոր չէ։ Ենթադրում եմ, որ Արցախից հնչած արձագանքը ինքնապաշտպանական ռեակցիա է եւ եթե այդպես է, ապա շատ նորմալ  է։  Բայց եթե պարզվի, որ այդ արձագանքը կողոպտված անցյալի ներկայացուցիչների հետ համաձայնեցված տեսակետ է, ապա դա շատ վտանգավոր է։ Մի պատմական զուգահեռ անցկացնեմ․ Գերմանիան երկրորդ համաշխարհայինից հետո Ադենաուերի օրոք երբ թափ էր հավաքում, Սովետական Միությունն ասաց՝ ուզում եմ միացնել Արեւելյան Գերմանիան։  Բայց Ադենաուերը հրաժարվեց, ասաց՝ չեմ ուզում ձեր Արեւելյան Գերմանիան, գիտե՞ք ինչու, որովհետեւ կարծում էր, որ ամբողջ ԿԳԲ-ն լցվելու է Գերմանիա եւ իրենք Գերմանիա չեն դառնալու։ Ես չեմ ուզում մենք նույնությամբ կրկնենք սա, բայց նկատի ունենանք այս պատմական անալոգիան։ Հիմա Հայաստանի ուժը տեղը չի ու շրջանառվող այն արտահայտությունը, թե առանց Արցախ չկա Հայաստան, տափակություն է։ Առանց Արցախ կլինի Հայաստան, առանց Հայաստան չի լինի Արցախ եւ թող հեքիաթներ չպատմեն ու Հայաստանի՝ հազիվ վերականգնվող շնչառությունից թող չկախվեն ու նորից չքաշեն ցեխի մեջ։ Ես ուզում եմ դիմել նաեւ մեր արցախահայությանը․ 30 տարի է՝ Արցախը անկախ-կիսանկախ եղել է, մի անգամ եղել է՞, որ մտածեք Ջավախքի մասին։ Մի անգամ մի հատ արցախցի Ջավաքխի մասին խոսել է՞։ Հայաստանն առանց Արցախի չի կարող, իսկ առանց Ջավախքի կարո՞ղ է։ Այսինքն, էս տեղային զգացումը ժողովրդի միջից դուրս չի գալիս։ Հայաստանը կարող է առանց ամեն ինչի էլ զարգանալ։ Արցախը առանց Հայաստանի՝ չի կարող, բայց դա չի նշանակում, որ այստեղ մենք պետք է հակադրություն որոնենք։ Կրկնում եմ՝ չորոնեք այստեղ որեւէ հակադրւթյուն։ Մենք հիմա պետք է մի ուղղությամբ աշխատենք՝ մեր պոտենցիալը կուտակենք, բացենք  երկրի շնչառությունը, ինչից  հետո կլուծվեն ե՛ւ Արցախի, ե՛ւ շատ ուրիշ այլ հարցեր։ Եթե սրանց նպատակը Արցախն է, ապա թող կանգնեն ու բացատրեն, թե ինչու է Արցախի 12 հազար քառ․կմ-ի վրա 30 տարի ապրում 150 հազար մարդ։ Էդպիսի նվազագույն թիվը ուղղակի ոչ մի բացատրություն չունի։ Պարզվում է՝ Արցախում կա 26 հազար չինովնիկ, այսինքն՝ այսքան՝ Հայաստանի բյուջեից երակ մտած մարդ։ Թող բացատրեն նաեւ հետեւյալը․ ինչպես է ստացվել, որ Լեւոն Տեր-Պետրսյանը բանակցել է, պարզվում է՝ ամենալավը հենց ինքը, բայց իր բանակցածը հաջողություն չի ունեցել, հետո եկել է իր աշակերտը՝ Քոչարյանը, 10 տարի լավագույնս բանակցել է, բայց էլի չի լուծել խնդիրը, հետո եկել է սրա ընկերը, եւս 10 տարի ինքն է բանակցել ու  հանկարծ արժանապատիվ պիտի հանձներ հողերը, չի կարողացել, ու հարցը մնացել է էս իշխանության վրա, երկիրը  պատերազմի մեջ է հայտնվել, ու եղել է այն,  ինչ եղավ։ Հիմա իրենց ամբողջ նավսը  այս իշխանության վրա թափելուց առաջ  թող այ սա բացատրեն՝ եթե հոյակապ ժառագություն էին թողել, ապա ինչու էսպես եղավ։ Իրենք, այո՛, թողել են ժառանգություն, բայց դա  շատ այլանդակ ժառանգություն էր, որի տակից Հայասատնը չկարողացավ դուրս գալ։ Ինչ են թողել՝ յոթ շրջանների հանձնում, չկազմակերպված բանակ, ներկրման, առեւտրի վրա նստած տնտեսություն, վաշխառու, ոչ մի նորմալ դաշնակից չունեցող պետություն․․․Դուք  սա համարում եք ժառանգությո՞ւն։  

-Սերժ Սարգսյանն ասում է, որ իր թողած բանակցային փաթեթով  «երաշխավորված էր Արցախի  հայկական մնալը»։ 

-Թող բացատրի՝ Արցախի հայկական մնալ ինչ է նշանակում՝ Արցախի հայկական մնալ ասվածը կարող է լինել նաեւ Ադրբեջանի կազմում։ Սրանք սոփեստությունների ու կներեք բառի համար՝ մուտիլովկաների վարպետներ են։ Մի դիտարկում էլ՝ տեսե՞լ եք, որ՝ ՀՀԿ-ի համագումար կլինի թե Քոչարյանի ասուլիս, որ ՀՀ-ի զարգացման ծրագրեր ներկայացնեն, ինչպես պետք է կազմակերպել հետպատերազմական իրադրության պայմաններւմ, արտաքին քաղաքականւթյունն ինչպես պետք է տանել, բանակն ինչպես ոտքի կանգնեցնել․․․Սա նորմալ քաղաքական գործչի մտահոգություն է։ Բայց սրանց ասուլիսներում ու համագումարներում մի ծրագիր է առաջ քաշվում՝ ինչպես տապալել գործող իշխանությանը, բայց նաեւ՝ իշխանությանը պատալելով տապալել նաեւ ՀՀ-ի պետականությունը։ Սրանց խնդիրը իշխանությունը չի միայն, այլ իշխանության միջոցով պետությունը տապալելը։  Բայց ես համոզված եմ, որ մեր ժողովուրդն ունի բավարար իմաստնություն ու նման բան թույլ չի տա։         

- Պրն Սուքիասյան, տպավորություն չունե՞ք, որ գուցե Արցախից հնչած արձագանքը, թեեւ ի պատասխան ՀՀ-ի էր, սակայն ռիկոշետի էֆեկտով ուղղվեց  արտաքին աշխարհին, մասնավորապես՝  ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրներին։

-Ընդհանրապես էսպես է․ պետությունների ղեկավարների հայտարարությունները բազմաշերտ են, մի մասն ուղղված է ներքին լսարանին, մի մասը՝ արտաքին աշխարհին։ Դիտարկենք նաեւ ձեր ասածը, այո, քանի որ ՀՀ-ն քանիցս նշել է, որ Արցախին վերաբերող հարցերը պետք է քննարկվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, ենթադրում եմ, որ Արցախի իշխանությունը, այսպիսով  /որպես սուբյեկտ/ կյանքի նշաններ է ցույց տալիս՝ իրեն վերաբերող հարցերը լուծել Մինսկի խմբի  շրջանակներում։ Եթե իրոք էդպես է՝ Արցախի արձագանքը նկատի ունեմ, դա շատ նորմալ է։

-Պրն Սուքիասյան, օրերս նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը 10 տարի եղել է ՀՀ նախագահ ու ներկայացրել է ՀՀ-ն ու Արցախը բանակցություններում,  հայտարարեց,  թե «Հայաստանը լվացել է ձեռքերը Արցախից»։ Նման ձեւակերպումը վայե՞լ է նախկին  նախագահին, արցախցուն, որը, փաստրեն, մի կողմից քննադատում է իշխանությանը ձեւակերպումների  ոչ զգուշավորության մեջ, մյուս կողմից էլ նման վտանգավոր ձեւակերպումներ է անում՝ առանց հաշվարկելու դրա միջազգային ռեզոնանսները։  

-Եթե մարդիկ իսկապես մտահոգ են երկրի ապագայով, ապա նրանք այդ երկիրն անցյալում  չպիտի կողոպտեին, չպիտի երկիրը կախեին մի բեւեռից եւ շատ ուրիշ այլ բաներ էլ։ Ես ենթադրում եմ՝ իրենք շահագրգռված են մեկ ուրիշ բանով՝ կոնֆլիկտ սրել մասնավորապես  ՀՀ-ՌԴ հարաբերւթյուններում, թուլացնել ՀՀ-ի իրավիճակը, հնարավոր բոլոր տեղերից ՀՀ-ին անընդհատ խփել, անընդհատ անկայունության, ցնցումների մեջ  պահել, այսպես ասած՝ «պադնոժկա» տալ, որպեսզի ՀՀ-ն չունենա բավարար դիմադրողականություն ու հանձնվի իրենց երազած միությանը։ ․․․Ենթադրում եմ՝ իրենք ֆունկցիա են իրականացնում։  Ինքը թող մի բան բացատրի՝ իրեն որ ՀՀ-ի ինքնիշխանության մասին հարց են տալիս,  ասում է՝ կասկածում եմ այդ ինքնիշխանությանը։ Էս տեսակ հակապետական մտածողությամբ մարդ սեփական երկրում դուք չեք տեսնի։ Դե թող, օրինակ, Վրաստանում մեկը՝ որեւէ գործիչ, թեկուզ՝ ընդդիմադիր,  կանգնի  ու ասի՝ ես կասկածում եմ Վրաստանի ինքնիշխանությանը։ Վրացիները ասողին կտանեն, Սեւ ծովում 40 անգամ կխեղդեն։ Մինչդեռ մեր ժողովուրդը տոլերանտ է էս տեսակ՝ ինքնիշխանությունը կասկածի տակ դնողների  հանդեպ։  Ենթադրում եմ, որ այս մարդիկ սինխրոն աշխատում են ՌԴ-ում ապրող հայանուն  անասնական մի հատվածի հետ՝ Կուրղինյան, Սիմոնյան, Շախնազարով, որոնք գիշեր- ցերեկ թարախ են թափում ՀՀ-ի հասցեին ու փչացնում են հայ-ռուսական հարաբերությունները։ Սրանց հանդեպ մեր ժողովրդի ատելությունն է, որ ատելություն է գրգռում նաեւ ռուս ժողովրդի հանդեպ։  

Հեղինե Մանուկյան