Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հաշվեքննիչ պալատը գործում է բացառապես հանրային պատվիրատվությամբ, և դրա գործունեության շահառուն նույն հանրությունն է. Ատոմ Ջանջուղազյան

Այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվում է Հաշվեքննիչ պալատի նախագահի թափուր պաշտոնի համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Ատոմ Ջանջուղազյանի թեկնածության և Ազգային ժողովին այդ պաշտոնում թեկնածու առաջարկելու վերաբերյալ հարցը։

Խոսելով Հաշվեքննիչ պալատի մասին՝ Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ հանրային հարստության ունեցվածքի կառավարման գործընթացի նկատմամբ պահանջարկը ծագել է այն ժամանակ, երբ հանրությունը հայտարարել է իր մտադրությունը՝ ինքնիշխան և ժողովրդավարական հիմքով ունենալ պետություն, և ՀՀ-ն բացառություն չի։

«Հանրությունն օրինաչափորեն ձևավորել է այդ պահանջարկը՝ ստանալ հանրային հարստության կամ ունեցվածքի կառավարման վերաբերյալ անկողմնակալ, օբյեկտիվ և մասնագիտական կարծիք ու գնահատական, բարձրագույն հաշվեքննիչ մարմինները ձևավորվել են հենց այս տրամաբանությամբ և եկել են բավարարելու այս պահանջարկը։ Հարկ է նկատել, որ բարձրագույն հաշվեքննիչ մարմինները հանրային հարստության կառավարման համակարգի մաս են, պարզապես իրենց առանձնահատկությունն այն է, որ իրենք կոչված են գնահատելու մյուս ինստիտուտների կողմից հանրային հարստության կառավարման գործընթացը և դրա վերաբերյալ եզրակացություն տալու հանրությանը»,- ասաց Ատոմ Ջանջուղազյանը։

Ի հավելումն նա ասաց, որ Հաշվեքննիչ պալատը գործում է բացառապես հանրային պատվիրատվությամբ, և դրա գործունեության շահառուն նույն հանրությունն է։ 

Մանրամասները՝ տեսանյութում: