Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Անկախ ամեն ինչից» մասնակցելու են արտահերթին․ ԲՀԿ-ն ու «Հայրենիքը» ընդունում են, որ ՀՓՇ օրակարգը տապալված է

«Անկախ ամեն ինչից» մասնակցելու են արտահերթին․ ԲՀԿ-ն ու «Հայրենիքը» ընդունում են, որ ՀՓՇ օրակարգը տապալված է
Քաղաքականություն
16:39, 22 март 2021
Մարտի 20-ին կայացել էր «Հայրենիքի փրկության շարժման» խորհրդի նիստը, որի ընթացքում ՀՓՇ խորհուրդը վերահաստատել էր, որ շարունակում է նույն ձևաչափով գործունեությունը՝ օրակարգում ունենալով նախապես հայտարարված դիրքորոշումներն ու նպատակադրումները: 

Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարական, ժամանակավոր Կառավարություն՝ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, եւ 6 ամիս ամիս անց՝ արտահերթ ընտրություններ։ 

ՀՅԴ-ի վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն էլ ավելի վաղ հայտարարել է, թե Փաշինյանի օրակարգով արտահերթ ընտրությունների գնալը կլինի խայտառակություն․ «Դա կնշանակի լեգիտիմացնել ամբողջ այս դավաճանությունը, որ մինչեւ հիմա եղել է»։
Մինչդեռ շարժման անկյունաքարային ուժերից ԲՀԿ-ն եւ «Հայրենիք» կուսակցությունը այժմ հայտարարում են, որ մասնակցելու են Նիկոլ Փաշինյանի կազմակերպած ընտրություններին, իսկ ՀՅԴ-ն հայտարարում է, թե քննարկելու է ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցը։

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը պատասխանելով Civic.am-ի հարցին, թե արդյոք պառակտման խնդիր չկա՞ շարժման ներսում, երբ շարժման մասնակից ուժերը տարբեր օրակարգերով են առաջնորդվում, պատասխանեց․ «Հայրենիքի փրկության շարժումը ընտրությունների մասին չի խոսել, չի էլ պլանավորել, որ կմասնակցի ընտրություններին։ Հիմա այլ օրակարգ կա, որ իշխանությունն ուզում է անցկացնել ընտրություններ։ Շարժման տարբեր կուսակցություններ, օրինակ՝ հանրապետական կուսակցությունը, ասում է, որ չի մասնակցի ընտրություններին․ իսկ մենք ասում ենք, որ անկախ ամեն ինչից մասնակցելու ենք ընտրություններին։ Եթե շարժումը որևէ կերպ համախմբված լիներ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցով՝ կարող է պառակտման խնդիր լիներ»։ 

Իսկ Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ ՀՓՇ խորհրդի նիստից։ Զոհրաբյանի խոսքով՝ «Հայրենիքի փրկության ճակատը» մեկ պահանջ ունի՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, իսկ մնացած հարցերի շուրջ յուրաքանչյուր կուսակցություն ազատ ձևավորում է իր օրակարգը։ 

«Ես այս պահին կատեգորիկ չմասնակցության հայտարարություն լսել եմ Վազգեն Մանուկյանից։ Չեմ կարծում, որ մնացած կուսակցությունները չեն մասնակցի ընտրություններին։ Դա կնշանակի՝ դաշտը թողնել Նիկոլ Փաշինյանին եւ իր հետ սերտաճած մարդ կուսակցություններին։ Դա կնշանակի՝ դուք դավաճանում եք ձեր համակիրներին, ձեր ընտրողներին», - ասաց Զոհրաբյանը՝ հավելելով․
«Մեր օրակարգն է՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա և հեռացման ճանապարհներից մեկն էլ ընտրություններն են»։ 

Հիշեցմանը, թե ոչ վաղ անցյալում իրենք հայտարարում էին, որ առանց Նիկոլ Փաշինյանի պետք է գնան ընտրության, որ նրա կազմակերպած ընտրություններին չեն մասնակցի, ԲՀԿ-ականը նման պատասխան տվեց․ «Հիմա դուք ի՞նչ եք առաջարկում, մարդը հրաժարական չի տալիս, նրան որևէ կերպ հնարավոր չէ պոկել այդ աթոռից։ Եթե դուք այլ գրագետ քաղաքական լեգիտիմ ճանապարհ կհուշեք, ես ձեր առաջարկը կփոխանցեմ»։ 

Ասել է թե, գոնե ԲՀԿ-ն ու Վանեցյանի «Հայրենիքը» ընդունում են, որ Հայրենիքի փրկության շարժման օրակարգը տապալված է։ 

Գեղամ Ադյան