Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չգիտես ինչու մոռացել ենք «Հոկտեմբերի 27»-ը. ինչի՞ համար սպանվեցին Վազգեն Սարգսյանը, Կարեն Դեմիրճյանը և մյուսները. «Զանգեզուրի միջանցքի» համար, որովհետև խնդիր էր դրվել փոխանակել Մեղրին. Նույն խնդիրն այժմ է դրված. ազատամարտիկ

Չգիտես ինչու մոռացել ենք «Հոկտեմբերի 27»-ը. ինչի՞ համար սպանվեցին Վազգեն Սարգսյանը, Կարեն Դեմիրճյանը և մյուսները. «Զանգեզուրի միջանցքի» համար, որովհետև խնդիր էր դրվել փոխանակել Մեղրին. Նույն խնդիրն այժմ է դրված. ազատամարտիկ
Քաղաքականություն
18:17, 06 февраль 2023
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանն օկուպանտ անվանելուց առաջ թերևս պետք է վերհիշի առաջին արցախյան ազատամարտի պատմագրությունն ու ֆիքսի՝ ինչից սկսվեց այդ պատերազմը։ Civic.am-ի հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, ԵԿՄ անդամ, ազատամարտիկ Ռոմիկ Մխիթարյանը այս հարցադրումն է անում՝  անդրադառնալով Լավրովի՝ օրերս տված հարցազրույցում արած հայտարարությանը, թե հայկական կողմը տևական ժամանակ օկուպացիայի տակ էր պահում Ադրբեջանի յոթ շրջաններն ու մերժում կարգավորման ծրագրերը, այդ թվում՝ Ռուսաստանի առաջարկները։ 

Մխիթարյանը կիսում է այն կարծիքը, որ ՀՀ-ին օկուպանտ անվանելը նշանակում է ԼՂ հիմնահարցի ծագումնաբանության խեղաթյուրում։  «Ինչից սկսվեց Արցախյան պատերազմը. սկսվեց նախ 88-ի Բաքվի, Սումգայիթի ջարդերից, մենք բոլորս, այդ թվում և պարոն Լավրովը, կարծում եմ, հիշում ենք այդ ամենը»,- նշում է «Հանրապետություն» կուսակցության անդամն ու շարունակում՝ Արցախը, որը 1991-ին միջազգային նորմերին համապատասխան արդեն իսկ անկախացել էր, ստիպված էր անցնել ինքնապաշտպանության։ «Եվ այդ ինքնապաշտպանության խնդիրն էր, որ բերեց հետագա գործողություններին։ Հայաստանը ստիպված էր միջամտել, քանի որ այլ կերպ չէր էլ կարող, և կամավորական ջոկատներ կազմելով և արցախահայությանը պաշտպանելու մեկնելով մենք կարողացանք ազատագրել Արցախը. նախ՝ ոչնչացնել այն կրակակետերը, որտեղից որ մեզ խփում էին, և դրանից հետո էլ ազատագրել, անվտանգության գոտի ստեղծել Արցախի համար, որպեսզի հակառակորդը չկարողանա թիրախավորել Արցախի Հանրապետությունը։ Զուտ ինքնապաշտպանական բնույթ են կրել մեր գործողությունները, և մենք չէինք կարող «օկուպանտ» լինել։ Բազմիցս ՀՀ-ն հանդես է եկել այն դիրքերից, որ անվտանգության գոտի համարվող հիշյալ տարածքները հանդիսանում են միջոց՝ Արցախի կարգավիճակի խնդիրը լուծելու համար։ Եվ այսօր ռուս դիվանագետի կողմից տրված  նման որակումը խիստ անտեղին է։ Լավրովի այս հայտարարությունը պետք է դիտարկել ՌԴ-Թուրքիա-Ադրբեջան տանդեմի սերտ գործակցության տրամաբանության մեջ, և քանի որ նրանց շահերը այս փուլում համընկնում են, նրանք գործում են մեր դեմ։  Նման ոչ դիվանագիտական խոսույթը ՌԴ-ի կողմից  այդ սերտ  գործակցության վկայություններից մեկն է»,- նկատում է մեր զրուցակիցը։ Պրն Մխիթարյանն այս համատեքստում հիշեցրեց մեկ տարի առաջ՝ ՌԴ-ի կողմից Ուկրաինա ներխուժելու նախօրեին, ՌԴ-ի և Ադրբեջանի միջև  դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի ստորագրումը։  43 կետերից բաղկացած այդ փաստաթղթում, նշենք, ադրբեջանական կողմը «բարձր է գնահատում ՌԴ  միջնորդական դերը 2020 թ. նոյեմբերին տարածաշրջանում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների հարցում», դրանում նշված է նաև երկկողմ ռազմաքաղաքական համագործակցության զարգացման մասին։ 

Հարցին՝ ի՞նչ է իր ասած՝ ռուս-ադրբեջանա-թուրքական տանդեմի ուզելիքը ՀՀ-ից, մասնավորապես Լաչինի միջանցքի փակումը արդյոք հենց այդ պահանջի բավարարմա՞նն է միտված՝ միջանցքի փակում մեկ այլ միջանցք՝ «Զանգեզուրի միջանցքը» ստանալու համար, Մխիթարյանն արձագանքեց. «Այո, ամբողջ խնդիրը հենց այդ միջանցքի համար է, և ճնշումները ՀՀ-ի և Արցախի վրա հենց այդ ենթատեքստն ունեն։ Արցախում այսօր ՌԴ-ն ունի ռազմական ներկայություն՝ խաղաղապահների տեսքով, ի՞նչ է՝ խաղաղապահների համար դժվա՞ր էր կանխել մի խումբ անզեն բնապահպանների կողմից միջանցքի արգելափակումը։ Նրանք կարող էին և պարտավոր էին թույլ չտալ նման բան, սակայն չեն կատարել նոյեմբերի 9-ի փաստաթղթով իրենց ստանձնած լիազորությունները, որոնցից մեկն էլ միջանցքի անխափան երթևեկը ապահովելն է։  ՀՀ-ին այդ տանդեմը փորձում էր ներքաշել Լաչինի միջանցքի բացման հարցով բանակցությունների մեջ, որպեսզի կարողանա պոկել իր փափագած միջանցքը Հայաստանի տարածքով։ Փառք Աստծու, որ մեր կառավարությունը հեռատես գտնվեց և չգնաց դրան։ Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքի փակման փաստին, ապա Ադրբեջանն այս ամբողջ պատմության մեջ  իր ամենամեծ սխալն արեց՝ այդ միջանցքը  փակելով։ Երբ նա հայտարարում էր, որ ԼՂ խնդիր այլևս գոյություն չունի, և ինքը լուծել է ռազմական ճանապարհով, այսօր, առավել քան երբևէ, ամբողջ աշխարհը խոսում է Լեռնային Ղարաբաղի մասին, և արդեն իսկ բացահայտ խոսվում է  Արցախի կարգավիճակի մասին, լսվում են  այդ մասին հիշատակումներ։ Սա շատ շահեկան է մեզ համար։ Իհարկե, Արցախի ժողովրդի համար շա՜տ ծանր և դժվարին ժամանակաշրջան է այժմ, սակայն ես հույս ու համոզմունք ունեմ, որ ամեն ինչ բերելու է Արցախի կարգավիճակի լուծման՝ Արցախի անկախության ճանաչման»,-նշում է Մխիթարյանը՝ հավելելով. «Մի շատ կարևոր դիտարկում էլ այս համատեքստում. միջանցքը երբ բացվի, այն կարող է ապագայում նորից փակվել, ապա նորից բացվել, և այսպես շարունակ։ Քանի դեռ մենք մնացել ենք ռուս-ադբեջանա-թուրքական եռյակի ազդեցության տակ, այդ պատմությունը շարունակվելու է։  Մենք, չգիտես ինչու, մոռացել ենք «Հոկտեմբերի 27»-ը. ինչի՞ համար սպանվեցին Վազգեն Սարգսյանը, Կարեն Դեմիրճյանը և մյուսները՝ «Զանգեզուրի միջանցքի» համար, որովհետև խնդիր էր դրվել փոխանակել Մեղրին, որին դեմ էր Վազգեն Սարգսյանը։ Հետևանքը  եղավ հենց այդ ոճրագործությունը։  Դրանից հետո Արամ Զավենի Սարգսյանը բացեիբաց խոսեց  Մեղրիի խնդրի վերաբերյալ։ Այդ խնդիրը թեև հետաձգվեց, սակայն մարդկանց ծրագրերից դա դուրս չի եկել։ Մեղրին մեր դարպասն է, եթե մենք այդ դարպասը իրենց տրամաբանությամբ և ուզածով տանք, դա նշանակում է ինչ-որ ժամանակ հետո կորցնել Հայաստանը։  Այո՛, մենք պատրաստ ենք ճանապարհներ տրամադրել, կոմունիկացիաներ ապաշրջափակել, բայց միջանցք՝ ոչ մի դեպքում»։ 

ՀՀ-ի և Արցախի ռազմաքաղաքական  դիմադրողականությունը արդյոք բավարա՞ր է, որպեսզի կարողանանք  հաղթահարել հումանիտար ճգնաժամը՝ հասնելով  Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը, և միաժամանակ կարողանանք չբավարարել թուրք-ադրբեջանա-ռուսական ախորժակը՝ չտալ  «Զանգեզուրի միջանցքը»։ 

«Հիմա մեր գերխնդիրը ՀՀ տնտեսական և ռազմական, անվտանգային  կարողությունների հզորացման հարցերը հոգալն է, որոնց մենք  կարող ենք հասնել  Եվրամիության, ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունները խորացնելով։ Մենք պետք է անընդհատ խոսենք Արցախի խնդրի մասին, ՀՀ սահմանների ապահովության հարցերը բարձրացնենք և անընդհատ օրակարգում պահենք ՀՀ տարածքների օկուպացիայի հարցը, փաստ, որը այդպես էլ ոչ ՌԴ-ն, ոչ էլ ՀԱՊԿ-ը չարձանագրեցին»,- ի պատասխան ասաց ազատամարտիկը։ Անվտանգային հարցերով որպես ՀՀ-ին կատարված ընդառաջ քայլ՝  Մխիթարյանը շատ կարևոր է համարում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը ՀՀ սահմաններին, որոնք ինչ-որ չափով կերաշխավորեն մեր սահմանների անվտանգությունն ու թույլ կտան վերակազմակերպվել և հոգալ մեր ռազմական կարողությունների ավելացման հարցերը։ ««Տնտեսական հեղափոխության» մասին էր խոսվում հեղափոխությունից որոշ ժամանակ անց, որն այդպես էլ օդում կախված մնաց։ Մեզ այժմ օդ ու ջրի պես անհրաժեշտ է զարգացնել մեր տնտեսությունը, արդյունաբերությունը, ունենալ կայուն աշխատատեղեր։ Գիտե՞ք, թե Սպարապետն ինչու որոշեց դառնալ վարչապետ, որովհետև հասկացել էր, որ բանակը մի քանի քայլ առաջ է ընկել մեր տնտեսությունից, և տնտեսությունն է պետք  վերականգնել, արդյունաբերությունն է պետք վերագործարկել՝ հանքարդյունաբերությունը, ծանր արդյունաբերությունը, որպեսզի կարողանանք նորմալ սպառազինվել։ Մեր բանակի ոգին տեղն է, սպառազինությունն էլ գա տեղը՝ ոչ ոք չի շշկռելու մեր կողմը նայել։ 

Դժվար բաներ եմ ասում, բայց մենք այս ամենի միջով պիտի անցնենք։  Ինչո՞ւ է այսօր ի հայտ եկել միջանցքի ճգնաժամը, քանի որ խնդիր է դրվել ամեն կերպ վիժեցնել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ամրագրված՝ կապուղիների, ճանապարհների ապաշրջափակումը, որպեսզի մեր տնտեսությունը զրկված լինի «սնուցող երակներից»՝ բաց ճանապարհներից, որպեսզի ՀՀ-ն ևս որոշ ժամանակ մնա տնտեսական շրջափակման մեջ։ Ամուլսարի շահագործման դեմ խոսող բնապահպանները խղճի խայթ չե՞ն զգում Ջերմուկի այսօրվա իրավիճակից։ Եթե այդ հանքավայրը սկսի աշխատել,  Ջերմուկը դառնալու է ամենաանվտանգ տարածքներից մեկը, քանի որ օտարերկրյա ներդրողներն իրենց հերթին ամեն ինչ անելու են իրենց կապիտալը պաշտպանելու համար»։    

Անդրադառնալով Ս. Լավրովի դիտարկմանը, թե Երևանի ցանկության դեպքում ՀԱՊԿ առաքելությունը կարող է գործուղվել` «մեկ կամ երկու օրվա ընթացքում», հարց ուղղեցինք՝ ՀԱՊԿ-ը, որն այդպես էլ գնահատական չտվեց ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիային, կարո՞ղ է անաչառ դիտորդություն իրականացնել այն դեպքում, երբ ՀԱՊԿ-ի համար ՀՀ սահմանները դեմարկացված-դելիմիտացված չեն, և բացի դրանից ՝ ԵՄ-ի և ՀԱՊԿ-ի դիտորդները կարո՞ղ են համադրելի  լինել։ Ի պատասխան՝ պրն Մխիթարյանն ասաց. «Ամբողջ խնդիրն այն է, որ ՀՀ-ն  հստակ խնդիր էր դրել՝ ՀԱՊԿ անդամ երկրները պետք է արձանագրեն ՀՀ-ի նկատմամբ տեղի ունեցած ռազմական հարձակման փաստը, ՀՀ տարածքների օկուպացիան։ Բացի դրանից՝ ակնհայտ խանդոտ էր հատկապես ՀԱՊԿ անդամ երկիր ՌԴ-ի վերաբերմունքը պրահյան գործընթացին, որի ժամանակ էլ հենց ձեռք բերվեց ԵՄ դիտորդների առաջին՝ կարճաժամկետ տեղակայման մասին համաձայնությունը։ Մենք տեսանք, որ այդ փոքր խումբը երբ եկավ, համեմատաբար հանգիստ էր սահմանային իրավիճակը, ոտնձգություններ տեղի չէին ունենում, և ես համոզված եմ, որ նոր դիտորդական խումբը իր համապատասխան սարքավորումներով  երբ  ժամանի, ավելի արդյունավետ է գործելու։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի դիտորդներին, ապա ՀԱՊԿ-ը ոչ թե պետք է դիտորդներ  ուղարկելու հարցում շահագրգռված լիներ, այլ, լինելով ռազմական կառույց, պետք է նախ կատարեր ՀԱՊԿ կանոնադրությամբ իրեն վերապահված պարտավորությունները՝  ռազմական միջամտություն ցուցաբերեր ՀՀ-ին։ Հարց է ծագում՝ իսկ որտե՞ղ էր այդ ժամանակ ՀԱՊԿ-ը, որտե՞ղ էին այդ դիտորդները մինչև ԵՄ դիտորդների ի հայտ գալը, նրանք ինչպե՞ս պետք է դիտորդական առաքելություն իրականացնեն այն երկրում, որի նկատմամբ ռազմական ագրեսիայի փաստը չեն ֆիքսել»։ 
 
Հեղինե Մանուկյան