Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եկող շաբաթվանից իր գործունեությունն սկսող ԵՄ քաղաքացիական առաքելությանը դեմ են ՌԴ-ն, ՀՀ ընդդիմությունն ու Ալիևը. Առաքելությունը կկապի՞ ՀՀ տարածքները օկուպացրած Ալիևի ձեռքերը

Եկող շաբաթվանից իր գործունեությունն սկսող ԵՄ քաղաքացիական առաքելությանը դեմ են ՌԴ-ն, ՀՀ ընդդիմությունն ու Ալիևը.  Առաքելությունը կկապի՞ ՀՀ տարածքները օկուպացրած Ալիևի ձեռքերը
Քաղաքականություն
16:44, 17 февраль 2023
Հայ-ադրբեջանական սահմանին եկող շաբաթասկզբից՝ փետրվարի 20-ից, իր գործունեությունը կսկսի  ԵՄ դիտորդական (տեխնիկական գնահատման) քաղաքացիական առաքելությունը, որն իր շուրջը մեծ աժիոտաժ է հարուցել անցած մի քանի շաբաթների ընթացքում։

Ակնհայտ է, որ պրահյան գործընթացի առարկայական  և կարևոր այդ ձեռքբերումը  հանրային հռետորաբանության մակարդակում փոշիացնելու,  արժեզրկելու ու վիժեցնելու ակտիվ ջանքեր են  գործադրվում՝ մասնավորապես  ՀՀ դաշնակից  ՌԴ-ի մոդերատորությամբ. փաստ է, որ այդ առաքելությանը բացասաբար են վերաբերվում ՀՀ դաշնակիցը, ՀՀ-ում ռուսական շահերը սպասարկող  ՀՀ խորհրդարանական ընդդիմությունը և, ինչպես այսօր պարզվեց, ՀՀ տարածքները օկուպացրած Ադրբեջանը՝ ի դեմս իր  Միլի մեջլիսի խոսնակի։ 

Հիշեցնենք, որ սա ԵՄ երկրորդ՝ երկարաժամկետ  առաքելության տեղակայում է՝ երկու տարի ժամկետով և շուրջ 100 դիտորդների ներգրավմամբ։  Նախորդ առաքելությունը տեղակայվել էր երկու ամսով՝ 2020թ. հոկտեմբերի 20-ից և իր աշխատանքներն ավարտել դեկտեմբերի 19-ին, իրականացրել  շուրջ 176 պարեկություն։  Առաքելության տեղակայման մասին համաձայնություն էր ձեռք բերվել  2022 թ. հոկտեմբերի 6-ին՝ Պրահայում Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ու Եվրոպական խորհրդի ղեկավարների համատեղ հայտարարությամբ։ Ադրբեջանը, նկատենք,  համաձայնել էր համագործակցել  ԵՄ առաքելության  հարցով՝   «այնքանով, որքանով որ առնչություն կունենա դրա հետ»։ 
 
Անզեն դիտորդների առաջին՝ կարճաժամկետ առաքելության  տեղակայման փաստին, նկատենք,  դաշնակից ՌԴ-ն ընդգծված դիմադրություն ցույց չտվեց, մինչդեռ այլ է վերաբերմունքը  այս անգամ՝ կոշտ և  դուրս դիվանագիտական խոսույթից։  ԵՄ դիտորդների փոխարեն  ՀԱՊԿ դիտորդների ծառայություններն առաջարկող  ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հիշեցնենք, շաբաթներ առաջ հայտարարեց, թե Ադրբեջանի հետ սահմանին ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը կարող է հակաարդյունավետ լինել։ 
«Չնայած մենք դաշնակիցներ ենք, և չնայած այս (ՀԱՊԿ-խմբ.) առաքելությունը լիովին պատրաստ է, հայկական կողմը նախընտրում է բանակցություններ վարել Եվրամիության հետ, որպեսզի այնտեղ երկարաժամկետ հիմունքներով տեղակայվի քաղաքացիական դիտորդների առաքելություն։ Սա Հայաստանի իրավունքն է, բայց չպետք է մոռանալ, որ խոսքը Ադրբեջանի հետ սահմանի մասին է։ Եթե այդ առաքելությունը ծավալվի առանց Ադրբեջանի հետ համաձայնության, այն կարող է հակաարդյունավետ լինել։ Պետք է մոտենալ ստեղծագործաբար՝ հասկանալով խնդիրների ողջ բարդությունը, որոնք ծագում են մեր յուրաքանչյուր պետության զարգացման շրջանակներում»,- նշել էր Լավրովը՝ հավելելով, որ այդ դեպքում ՀԱՊԿ շրջանակում պարտավորությունների հետ կապված որևէ տարաձայնություն չի լինի: 

Ավելի վաղ՝ անցյալ տարեվերջին էլ, երբ դեռ հայտնի չէր ԵՄ նոր՝ երկարաժամկետ  առաքելության տեղակայման մասին լուրը, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էր հայտարարել, թե «ԵՄ-ն Հարավային Կովկասում իր ակտիվությամբ առաջնորդվում է բացառապես սեփական կոնյունկտուրային շահերով։ Մենք գիտենք, որ Բրյուսելը ցանկանում է ամեն կերպ ներգրավվել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում, որպեսզի ի վերջո տարածաշրջանից դուրս մղի Ռուսաստանին։ Դա նրանց երազանքն է»։ 

Նկատենք, սակայն, որ Ադրբեջանը մինչև այժմ իր համաձայնությունը պաշտոնապես կամ որևէ կերպ չի  հայտնել նաև ՀԱՊԿ դիտորդների տեղակայման վերաբերյալ, սակայն, փաստորեն, դեմ է ԵՄ դիտորդներին։ «Հայ-ադրբեջանական սահման Եվրոպայից դիտորդական առաքելության ուղարկումը կարող է խոչընդոտել կարգավորման գործընթացին»,- Ադրբեջանի խորհրդարանի (Միլի մեջլիս) այսօրվա նիստում հայտարարել է խոսնակ Սահիբա Գաֆարովան՝ հավելելով, թե  իր դիրքորոշումը դիտորդական առաքելության տեղակայման առնչությամբ ինքը հնչեցրել է նաև Ռուսաստանում կայացած հանդիպումների ժամանակ։ 

Դեմ լինելն ու ապակառուցողական կեցվածքը  սովորական երևույթ են այդ երկրի դեպքում, և տարօրինակ կլիներ, եթե միջազգային իրավունքի նորմերի վրա թքած ունեցող բռնակալ Ալիևը կողմ լիներ տարածաշրջանային կայունությանը նպաստող որևէ գործիքի։

Ադրբեջանը,  նկատենք, ժամանակին՝ մինչև 44-օրյա պատերազմը, ամեն ինչ արեց, որպեսզի կյանքի չկոչվեն, վիժեցվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին ու Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնման վերաբերյալ պայմանավորվածությունները՝ հայտնի որպես Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններ։ Այն ժամանակ էլ, նկատենք, այդ մեխանիզմի ներդրումը  համարվում էր «արևմտյան  նախագիծ», և հավանաբար ՌԴ-ն այն կյանքի կոչելու հարցում  առանձնապես ջանք չէր գործադրում Ալիևին ստիպել-համոզելու ուղղությամբ։ 

Այս դեպքում էլ, փաստորեն, Ադրբեջանը, որը ռեկորդակիր է 1994-1995թթ. զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերի՝  հրադադարի ռեժիմի, նոյեմբերի 9-ի հայտարարության  կոպիտ խախտումներով,  դեմ է ՀՀ տարածքում, բայց իր  սահմանների մոտ որևէ՝ սեփական  ռազմատենչ վարքագիծը կաշկանդող  մեխանիզմի գործարկմանը։  (Նախորդ՝ վիժեցված մեխանիզմի մասին առավել մանրամասն՝ մեր հետագա հրապարակման մեջ):   

Նշենք, որ չնայած ԵՄ առաքելության  մասին տարատեսակ, ընդհուպ՝ անհեթեթ ու աբսուրդային  մեկնաբանություններին,  այն ունի իր մանդատից բխող կոնկրետ նպատակներ՝ ԵՄ աջակցությամբ նպաստել Հայաստանի սահմանամերձ գոտիներում կայունությանը, «հողի» վրա վստահության ձևավորմանը, ինչպես նաև նպաստավոր միջավայր ապահովել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի համար: ԵՄ  կայքում նշված է, որ «ի պատասխան Հայաստանի դիմումի՝ առաքելությունը կանոնավոր պարեկություն կիրականացնի և կզեկուցի «հողի» վրա իրավիճակի մասին, ինչը ԵՄ-ին հնարավորություն կտա ամրապնդել «հողի» վրա ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր ընկալումը: Առաքելությունը կնպաստի նաև գործընթացի շրջանակներում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի առաջնորդությամբ ձեռնարկվող միջնորդական ջանքերին»։

Առաքելության օպերատիվ շտաբը տեղակայված է լինելու  Հայաստանում: Քաղաքացիական գործողությունների հրամանատարն է ԵԱԳԾ Քաղաքացիական պլանավորման և վարման կարողությունների հարցերով ղեկավար-տնօրեն Ստեֆանո Տոմատը: 

Հեղինե Մանուկյան