Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ-ն 83 կողմ ձայներով 2-րդ ընթերցմամբ ընդունեց դասալիքներին համաներելու մասին օրինագիծը. Տեսանյութ

Զինծառայությունից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին նախագիծն այսօր ԱԺ-ն ընդունեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ՝ կողմ 83, ձեռնպահ 0 ձայներով։

Նշենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը նախագծի առաջին քննարկման ժամանակ նշել էր, որ ԱԺ-ի կողմից օրենքն ընդունվելուց հետո ՀՀ նախագահը հնարավորինս արագ ընթացք կտա, որպեսզի հայրենիքից դուրս գտնվող և հետախուզվող ՀՀ քաղաքացիները կարողանան անարգել վերադառնան Հայաստան։ 

Հիշեցնենք, որ սույն օրենքով ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում կկիրառվի՝ օրենքն ուժի մեջ մտնելու պահից 27 տարին լրացած շարքային, 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայությունից, ինչպես նաև վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած ՀՀ քրեական օրենսգրքի միայն 327-րդ հոդվածի 1-ին մասով հանցագործություն կատարելու կասկածանքով մեղադրվող կամ դատապարտված անձանց նկատմամբ։