Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանն անընդունելի է համարում Հռոմի ստատուտին միանալու Հայաստանի ծրագրերը

Ռուսաստանն անընդունելի է համարում Հռոմի ստատուտին միանալու Հայաստանի ծրագրերը
Քաղաքականություն
21:28, 27 март 2023
Մոսկվան բացարձակապես անընդունելի է համարում Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի ստատուտին միանալու Երևանի ծրագրերը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրը։
 
«Մոսկվան բացարձակապես անընդունելի է համարում պաշտոնական Երևանի` Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտին միանալու ծրագրերը՝ Ռուսաստանի ղեկավարության դեմ ՄՔԴ-ի «օրդերների» ֆոնին», - ասել է աղբյուրը:
 
Գործակալության զրուցակիցը ուշադրություն է հրավիրել նաև այն փաստի վրա, որ հայկական կողմին զգուշացվել է երկկողմ հարաբերություններում Երևանի հնարավոր քայլերի «չափազանց բացասական» հետևանքների մասին։
 
 Հիշեցնենք, որ մարտի 24-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը հրապարակել էր որոշում, համաձայն որի՝ հանրապետության պարտավորությունները, որոնք ամրագրված են ՄՔԴ Հռոմի կանոնադրությամբ, համահունչ են երկրի հիմնարար օրենքին՝ Սահմանադրությանը։
 
 Հիշեցնենք նաև, որ մարտի 17-ին ՄՔԴ-ն ձերբակալության օրդեր էր տվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և նախագահի՝ երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովային՝ ուկրաինացի երեխաների ապօրինի արտաքսման մեղադրանքով։

Մեկնաբանելով այս որոշումը՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Մոսկվան չի ճանաչում ՄՔԴ-ի իրավասությունը։ Իր հերթին, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, խոսելով Հաագայից ստացված տեղեկատվության մասին, ասել էր, որ ՄՔԴ որոշումները Ռուսաստանի համար ոչ մի նշանակություն չունեն, հնարավոր ձերբակալության օրդերն իրավաբանորեն անվավեր են։