Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ով-ով, բայց Սերժ Սարգսյանն ու Հանրապետականը ամոթից խոսելու տեղ չունեն. Էդ չգիտե՞նք ինչեր են արել․ նախկին ՀՀԿ-ական

Ով-ով, բայց Սերժ Սարգսյանն ու Հանրապետականը ամոթից խոսելու տեղ չունեն. Էդ չգիտե՞նք ինչեր են արել․ նախկին ՀՀԿ-ական
Քաղաքականություն
17:59, 02 июнь 2021
«Սուտ խոսելն ու ամոթը կորցնելը հենց Հանրապետականից է դուրս եկել։ Հիմա կանգնել ո՞ւմ են ասում ստախոս, թշնամի, կամ ո՞ւմ արածների համար են մեկ էլ սկսել ամաչել։ Բոլորս ենք հիշում իրենց արածները»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց գործարար, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, ՀՀԿ խորհրդի նախկին անդամ Աշոտ Աղաբաբյանը՝ արձագանքելով Սերժ Սարգսյանի նախօրեին արված հայտարարությանը։ 

Նախօրեին Մասիսում «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրների հետ հանդիպման ժամանակ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը փողոցային լեքսիկոնով մի քանի դիտարկումներ է արել ստեղծված իրավիճակի, իշխանական թիմի քարոզչության վերաբերյալ։

Սարգսյանը նախ ասել է, որ ինքը անհարմար է զգում, երբ թշնամին մեր երկրում է, իսկ իշխանական ուժը քարոզչություն է իրականացնում. «Ես անհարմար եմ զգում, այո, կապիտուլյանտ կոչվածը գնում է միտինգներ անում, էս ընթացքում ինչ ասես արել է, քարոզչություն է անում, ընտրություններ է անում, ախր, մենք քարոզչություն անելու սիրտ ունե՞նք, էս օկուպացված երկրում։ Եթե պնդում եք, որ պետք է մենք էլ անենք, կանենք, բայց հավատացեք, որ ինձ համար ամոթ է, ես իրենց փոխարեն ամաչում եմ, իսկ էդ սատանաները այստեղ –այնտեղ ընկած քարոզչություն են անում։ Մենք էլ կանենք, բայց իմացեք, որ դա մեր սրտով չէ, իմ երեսը չի բռնի, գնամ սուտ բան ասեմ, Վանեցյանի երեսը նույնպես չի բռնի գնա սուտ բան ասի, իսկ ինքը չի սատկում, ասում է ՝ հպարտ ենք, որ պարտվել ենք, եւ կարող ենք բաց աչքերով ձեզ նայել, մարդկանց ինչի՞ տեղ է դրել»,– ասել է երրորդ նախագահը։

Զարմանալի է, թե ինչպես է 2008 թվականին սեփական երկրում սեփական ժողովրդի արյան վրայով քայլելով նախագահ դարձած, մեկ գիշերում, ժողովրդից թաքուն, ժողովրդի մեջքի հետևում Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցած, սեփական խոստումները դրժելով ու սահմանադրությունը իրեն հարմարեցնելով վարչապետ դարձած Սերժ Սարգսյանի մոտ դեռ ամոթի զգացում առաջանում, բայց Աղաբաբյանի խոսքով ով-ով, բայց Սերժ Սարգսյանն ու Հանրապետականը  խոսելու տեղ չունեն. «Ինչի՞ց ես անհարմար զգում, պարոն Սարգսյան։ Նրանից, որ սեփական ժողովրդի՞դ ես խաբել։ Գնացել եք, հետ չեք կարող գալ։ Կրկնում եմ՝ սուտն էլ է իրենցից դուրս եկել, խաբեությունն էլ։ Իրենք կլպել են էս ժողովրդին։ Իրենց ժամանակ ո՞վ է ժողովրդին բանի տեղ դրել։ Իրենք հայ ժողովրդի հոգին են գողացել։ Եվ, եթե, իրենք հիմա հանկարծ անհարմար են զգում, ամոթ են զգում, ապա մենք առհասարակ տրաքվում ենք իրենցից։ Ինչի՞ մասին է խոսքը։ Էդ չգիտե՞նք ինչեր են արել, որ հիմա իրենց անմեղի, ազնիվի տեղ են դրել ու մեծ-մեծ խոսում են։ Հիմա իրենց խոսելը, իրենց պահվածքը հարիր չէ հային։ Եթե իրենք ընդդիմություն են համարվում, թող առանց վիրավորանքների հակադարձեն իշխանությանը։ Թող ասեն, թե ինչումն է սխալ իշխանությունը։ Նրանո՞ւմ, որ կանգնեցրեցին պատերազմը, նրանո՞ւմ, որ թույլ չտվեցին, որ 10 հազար մարդ զոհվի։ Իրենց փտած հին կառույցն էր Պաշտպանության նախարարությունը։ Հիմա ո՞ւմ են մեղադրում»,- ընդգծեց նախկին պատգամավորը։

Ըստ Աղաբաբյանի՝ ՀՀԿ-ն ոչ մի շանս չունի։ Պարզապես իրենք ունեն մարդիկ, որոնք իրենց հին աշխատողներն են ՊԵԿ-ից, այլ համակարգերից, մարդիկ, որոնք հեղափոխությունից հետո աշխատանք են կորցրել։ Նրանք իրենց ընտանիքներով ձայն կտան այդ դաշինքին, բայց հասարակ ժողովուրդը նրանց ձայն չի տա. «Եթե ժողովուրդը նրանց ձայն տա, ապա մենք ժողովուրդ չենք։ Ե՛վ իրենք, և՛ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը դրանք ոչ մի բան են։ Պարզապես պետք է զգոն լինել, որ նրանք իրենց մեթոդերով չապականեն ընտրական գործընթացը։ Իրենց մեխանիզմները լրիվ ուրիշ են։ Իրենք սիստեմա ունեն այդ մեխանիզմները աշխատացնելու համար։ Պետք է իշխանությունը շատ զգոն լինեի, խիստ պատիժներ սահմանի բոլոր տեսակի հանցագործ մեխանիզմները կանխելու դեմ։ Եթե ամեն ինչ լավ լինի, ընտրությունները նորմալ անցկացվեն, ապա իշխանությունը 60 տոկոս և ավել ձայն է ստանալու։ Ես ինքս պատրաստվում եմ ուրբաթ օրը գնալ Գյումրի և իմ հին ընտրողներին ասել, թե որն է ճիշտը և ում պետք է ընտրել»,- եզրափակեց Աղաբաբյանը։ 

Արփի Հարությունյան