Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ձեր արածից գո՞հ եք․ ՉԻ

Ձեր արածից գո՞հ եք․ ՉԻ
Քաղաքականություն
18:51, 21 июнь 2021
Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Դուք թողեցիք Ինձ, մոռացաք Իմ սուրբ լեռը և սեղան գցեցիք դեւերին՝ բաժակ բարձրացնելով Բախտի աստծու պատուին։ Ես էլ ձեզ սրի եմ մատնելու, և ամէնքդ կոտորուելու էք, որովհետեւ կանչեցի ձեզ, բայց չլսեցիք, խօսեցի, բայց դուք ականջ չդրեցիք, իմ առաջ չարութիւն կատարեցիք և, ինչ չէի ցանկանում, ա՛յն ընտրեցիք»։ 

«ՉԻ». Այսպես լավ չի: Մի հատ էլ թող Կաթողիկոսը բանադրանքի ենթարկի ժողովրդին, հավերժ անիծի և նզովի: 

Թե բա՝ դուք ականջ չդրեցիք: Իսկ դուք ակա՞նջ եք դրել ժողովրդի ձայնին: Ընդհանրապես, դուք կապ ունեցե՞լ եք ձեր հոտի հետ: Շփվե՞լ եք մարդկանց հետ, փորձե՞լ եք իմանալ, թե ժողովուրդն ինչ հույզեր ունի, ինչ է մտածում, ինչ տրամադրվածություն ունի, ուզածը ինչ է, որն է ժողովրդի պատկերացրած արդարությունը, և որը՝ անարդարությունը, ինչն է համարում չարիք, ինչից է տագնապում, բարոյական ինչ չափանիշներով է առաջնորդվում: 

Գիտեի՞ք, որ ձեր կաբինետներից ու եկեղեցու շենքերից դուրս գոյություն ունի ժողովուրդ, որին պետք է ճանաչել, և որին պետք է ծառայել, ոչ թե հակառակը՝ ժողովուրդը պիտի ձեզ ծառայի: 

Այս ընտրություններում դուք ձեր վարքագծից գո՞հ եք: Քանի՞ անգամ եք կանգնել իշխանության և ընդդիմության արանքում, կողմերին հանդուրժողականության, պարկեշտության, բանականության, սթափության և զսպվածության կոչ արել: Քանի՞ անգամ եք դատապարտել թշնամանքի և ատելության համատարած մթնոլորտը, հայհոյանքները, վիրավորանքները, սպառնալիքներն ու շանտաժի դրսևորումները:

Կապ չունի՝ ում կողմից: Քանի՞ անգամ եք քաղաքական ուժերին հիշեցրել, որ չի կարելի է հեռանալ քրիստոնեական արժեքներից, չի կարելի խախտել Հիսուսի պատգամները:

Քանի՞ անգամ եք դուք ձեր իրական առաքելությունն իրականացրել: Ոչ մի անգամ: Հերիք չէ, բան չեք արել, մի բան էլ՝ Կաթողիկոսից բռնած, խրվել էիք քաղաքական գործընթացների մեջ: Երբ Եկեղեցին չպետք է խառնվի քաղաքականությանը: Պաշտոնյաների հրաժարականներ էիք պահանջում, հանցագործներին ազատ արձակելու միջնորդություններ և երաշխիքներ էիք ներկայացնում, Քոչարյանի «ռասկրուտկայով» էիք զբաղված: Բացահայտ, չէին էլ թաքցնում. կաթողիկոսախառն, իզմիրլյանախառն, միտինգախառն, քարոզչախառն... 

Ահա այսպես, ժողովրդին ոչխարի տեղ են դրել, հիմա եկել, ասում են՝ ձեզ սրի ենք մատնելու, և «ամէնքդ կոտորուելու էք»: 

Հ.Գ. Դե որ «Հայաստան» դաշինքի անդամ, դաշնակցական Գեղամ Մանուկյանը հայտարարի, որ Նիկոլին ընտողը բ.-ի տղա է, սա էլ պիտի անիծի այդ ընտրողին: Դուք և այս ընդդիմությունն իրար արժանի եք: