Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պատերազմի մասնակիցները զոհվել են, որպեսզի ողջերը շարունակեն ապրել, և Հայաստանը շարունակի անկախության ուղին. Անկախության տոնը նշելը պարտադիր է. քաղաքագետ

Պատերազմի մասնակիցները զոհվել են, որպեսզի ողջերը շարունակեն ապրել, և Հայաստանը շարունակի անկախության ուղին. Անկախության տոնը նշելը պարտադիր է. քաղաքագետ
Հայաստան
18:30, 10 сентябрь 2021
Սեպտեմբերի 21-ը՝ ՀՀ անկախության 30-րդ տարեդարձը, նշվելու է պատշաճ ձևով։ Այս մասին օրերս հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Մոտ 1 տարի առաջ Հայաստանը ծանր պատերազմ տեսավ՝ բազմաթիվ զոհերով, և վարչապետի այս հայտարարությունը 44-օրյա պատերազմում զոհված և անհետ կորած զինվորների որոշ ծնողների կողմից դրական չի ընկալվում։ Անկախության տոնը նշելու հարցը լայն շահարկման ու քննադատությունների տեղիք է տվել հատկապես ընդդիմադիրների շրջանում։

Civic.am-ն այս թեմայի վերաբերյալ մեկնաբանություններ է խնդրել իրավապաշտպան Վարդան Հարությունյանից և քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանից։

«Տոնը պետք է նշվի, չենք կարող լռության մատնել այս կարևորագույն օրը, որը մեր ժողովրդի պատմության մեջ եղել է. սա հայ ժողովրդի ինքնորոշման միակ օրն է»,- ասաց Վարդան Հարությունյանը և ընդգծեց, որ տոնը պետք է նշվի առանց ճոռոմաբանության, որովհետև պետք է հաշվի առնվեն պատերազմը, պարտությունն ու զոհերը. «Ինձ համար ընդունելի տարբերակ են սրահային միջոցառումները, բայց կազմակերպիչը ես չեմ։ Եթե նույնիսկ հրապարակավ պետք է նշվի, ապա առանց ավելորդությունների, առանց հրավառությունների և առանց այն ամենի, որոնք կհամարվեն ավելորդ՝ պարտության համատեքստում»։ 

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանն էլ շեշտեց, որ այն մարդիկ, որոնք գնացին կռվելու ու հետ չեկան, նրանք գնացին ոչ թե նրա համար, որ Հայաստանը տարիներ շարունակ սգա, այլ որպեսզի ապրի ու շարունակի զարգանալ. «Այդ պատճառով շատ կարևոր է այդ տոնը նշելը։ Հարցն այն է, թե ինչպես նշել, կարելի է նշել ավելի համեստ՝ հաշվի առնելով, որ մենք ունեցել ենք ցավալի պատերազմ ու ցավալի կորուստներ»։ Մեր զրուցակիցն ընդգծեց՝ պատերազմի մասնակիցները զոհվել են նրա համար, որպեսզի ողջերը շարունակեն ապրել, և Հայաստանը շարունակի զարգանալ, հետևաբար տոնը նշելը պարտադիր է։     

Ինչ վերաբերում է Անկախության օրը նշելու վերաբերյալ տարբեր շահարկումներին, քաղաքագետը նշեց, որ տարբեր քաղաքական կողմեր փորձում են դիվիդենդներ հավաքել ցանկացած հարցի վերաբերյալ, որն ունի հասարակական հնչեղություն. «Բնականաբար, իշխանության քննադատները, իշխանության դեմ դիրքավորված քաղաքական ուժերը պետք է ամեն ինչ անեն, որ հնարավորինս ավելի շատ դիվիդենդներ քաղեն, և դրա մեջ մտնում է քննադատելը բոլոր այն նախաձեռնությունները, որոնք իշխանությունը կունենա, և սա ևս բացառություն չէ»։ 

Հարցին՝ արդյոք վարչապետի խոսքը՝ «Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային և գունագեղ տոնակատարություն», հենց սա՞ է հույզեր արթնացրել որոշ շրջանակներում՝ պահանջելու չեղարկել Անկախության 30-րդ տարեդարձի տոնակատարությունը, Ռոբերտ Ղևոնդյանն արձագանքեց. «Այս խոսքը ոչ թե հույզեր է արթնացրել, այլ հնարավորություն է տվել ավելի շատ շահարկումներ կատարելու։ Ես կարծում եմ՝ վարչապետը սխալվել է նման բնորոշում տալով»։  

Նշենք, որ Civic.am-ը ՀՀ կառավարությունից խնդրել էր տեղեկություն փոխանցել, թե կոնկրետ ի՞նչ միջոցառում է նախատեսվում Հանրապետության հրապարակում սեպտեմբերի 21-ին։ ՀՀ կառավարության լրատվականից մեզ փոխանցել էին, որ սեպտեմբերի 21-ին ժամը 20։00-ին մեկնարկելիք Անկախության 30-ամյակի միջոցառմանը Հանրապետության հրապարակում հնչելու է դասական երաժշտություն, հնչելու են նաև բոլոր ժամանակների սիրված երգեր, ինչպես նաև կլինեն նոր կատարումներ: Միջոցառման ավարտին տոնական հրավառություն նախատեսված չէ։

Նարա Մարտիրոսյան