Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հովիկ Թամամյանն ասաց` սատկացրեք, տարեք 6-րդ վարչություն. ծեծի ենթարկված լուսանկարիչը հիշում է 2008թ․ մարտի 1-ը

Հովիկ Թամամյանն ասաց` սատկացրեք, տարեք 6-րդ վարչություն.  ծեծի ենթարկված լուսանկարիչը հիշում է 2008թ․ մարտի 1-ը
Հայաստան
17:39, 30 март 2021
2008 թվականի մարտի 1-ին ոստիկանների կողմից դաժան ծեծի ենթարկված և արդյունքում մի քանի անգամ վիրահատված Էդուարդ Ասատրյանին Մարտի 1-ի վերաբացված գործով կանչել են հարցաքննության, սակայն այդպես էլ նրան տուժող չեն ճանաչել։

Civic.am-ի հետ զրույցում  խոսելով «Մարտի 1-ի» ընթացող դատավարության մասին՝ Էդուարդ Ասատրյանն ասաց, որ որքանով հետևում է նիստերին, ապա դատաքննության ընթացքում տեսել է միայն մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բացարկի միջնորդությունները։

«Ընդամենը հետաձգեցին, որ ՍԴ-ն այդպիսի որոշում կայացնի։ Միայն բացարկների վրա 2,5 տարի՞։ Տպավորություն է, որ վերադառնում ենք հին կարգերին»,-ասաց Էդուարդ Ասաատրյանը։

Այս իրավիճակում նա որպես ելք տեսնում է այն,  որ որպես քաղաքացի յուրաքանչյուրն իր իրավունքներն ու պարտականություններն ավելի հստակ ձևակերպի, լինի դրանց տերը և տեսնի՝ ինչ է  անում։

«Որովհետև շատ օրհասական վիճակում ենք և շատ կարևոր է, որ ամեն մեկս իր տեղում լինի» ,- նշեց Էդուարդ Ասատրյանը։
Վերջինս նաև հիշեցրեց, որ մարտի մեկին իրեն ծեծելու հրահանգ էր տվել  ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի նախկին տեղակալ  Հովհաննես Թամամյանը։

«Երբ ոստիկաններն ինձ բռնեցին, զանգեցին, անձամբ Թամամյանը եկավ, և երբ ոստիկանները հարցրեցին՝ սրան ի՞նչ անենք, Թամամյանն ասաց, սատկացրեք, տարեք 6-րդ վարչություն»,-ասաց Էդուարդ Ասատրյանը։

Նա նաև ասաց, որ իրեն այդ ժամանակ փորձել են ճնշել, որպեսզի վերջինս Համաժողովրդկան շարժման իր ընկերների անունները տա և դրանում մեծ հետաքրքրվածություն են ցուցաբերել այն ժամանակվա ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ու Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը։

Բացի դա, Էդուարդ Ասատրյանը պատմեց, որ իր առաջին վիրահատության կարերը հանելուց անմիջապես հետո, Արտաշատի հիվանդանոցից տեղի ոստիկանապետի հրահանգով վերջինիս դեռ ցավազրկողների ազդեցության տակ, գիշերազգեստով  տեղափոխել են ՀՀ գլխավոր դատախազության շենք և երկար ժամանակ նրան այնտեղ պահելուց հետո ուշ գիշերով հենց գիշերազգեստով հանել են դուրս ու անօգնական թողել փողոցում։ 
 
Նշենք նաև, որ էդուարդ Ասատրյանը լուսանկարիչ է և 2008 թվականին եղել է ՀՀ նախագահի թեկնածու ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պատասխանատուն։ 
 
Լիլիթ Թադևոսյան