Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հիմա կրակոցների ձայն չկա, կրակոցները պարզ լսելի էին Գետավան ու Վաղուհաս գյուղերում․ մարտերը Վաղուհասի վերևի սարերում էին․ Վաղուհասի բնակիչ

Հիմա կրակոցների ձայն չկա, կրակոցները պարզ լսելի էին Գետավան ու Վաղուհաս գյուղերում․ մարտերը Վաղուհասի վերևի սարերում էին․ Վաղուհասի բնակիչ
Հայաստան
17:28, 03 август 2022
Այսօր կրակոցների ձայները պարզ լսվում էին Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղում։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց Վաղուհասի բնակիչ Մանուշակ Ասլանյանը։  

«Առավոտյան Ստեփանակերտում էինք, երբ ժամը 15։00-ի կողմերը հասանք Գետավան գյուղի մոտ, որը մոտ է Վաղուհասին, կրակոցների ձայներ լսեցինք, «Ասֆալտի զավոդի» մոտից լսվում էին ձայները, լարված վիճակ էր»,- պատմեց մեր զրուցակիցն ու հավելեց, որ իրենց գյուղի՝ Վաղուհասի վերևում գտնվող սարերում են ընթացել մարտերը։ «Գյուղի վերևի սարերից են լսվում ձայները, որոնք մոտ են գյուղին։ Գետավան գյուղում էլ պարզ լսվում էին կրակոցի ձայները, այնտեղ էլ մեծ բնակչություն կա նաև մանկապարտեզ, դպրոց, հիվանդանոց»։ Մանուշակ Ասլանյանի խոսքով՝ ժամը մոտ 16։30 –ից կրակոցների ձայներ լսելի չեն․ «Բնակիչների տեղահանման մասին ոչինչ չեն ասել, բայց սպասողական վիճակում ենք»,- ասաց նա։

Մենք կապ հաստատեցինք նաև Քաշաթաղի և Շուշիի շրջանների վարչակազմի ղեկավարների հետ՝ Մուշեղ Ալավերդյանն ու Գրիշա Հովհաննիսյանը վստահեցրեցին, որ իրենց շրջաններում հանգիստ է։ «2 օր առաջ Եղցահողում ադրբեջանցիները դիրքային որոշ առաջխաղացման փորձ արեցին, բայց հիմա կրակոցներ չկան, ամեն ինչ հանգիստ է»,-ասաց Գրիշա Հովհաննիսյանը։ 

Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանն էլ նշեց, որ Բերձորի տարածքում մարտեր չեն ընթանում, խաղաղ է, ժողովուրդն էլ տեղում են․ «Ես այսօր առավոտյան գնացել եմ Ստեփանակերտ Լաչինի միջանցքով, քիչ առաջ նույն միջանցքով մտել եմ Բերձոր՝ որևիցե արտառոց բան չի եղել, միջանցքը բաց է, բոլոր տրանսպորտային միջոցներն անվտանգ երթևեկում են»,-հավելեց նա։  

Նշենք, որ այսօր Արցախի պաշտպանության բանակը հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ առավոտյան ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները կոպիտ կերպով խախտել են հրադադարի ռեժիմը՝ ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառելով նռնականետեր և ԱԹՍ-ներ․ «Ժամը 15:00-ի սահմաններում, շփման գծի հյուսիս-արևմտյան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները կիրառել են հարվածային անօդաչու թռչող սարքեր, ինչի հետևանքով մահացու վիրավորում է ստացել ՊԲ մեկ զինծառայող: Եվս 8 զինծառայող ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ»,-ասված է հաղորդագրության մեջ։ 
Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինված ուժերն արդեն 3-րդ օրն է կրակ են բացում Արցախի դիրքերի ուղղությամբ։ 

Նարա Մարտիրոսյան