Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Կապիտուլյանտը դուք եք, դավաճանն առավել ևս, ասում եմ 20 տարի Հայաստանը թալանած, իշխած էլիտային»․ Նիկոլ Փաշինյան

«Կապիտուլյանտը դուք եք, դավաճանն առավել ևս, ասում եմ 20 տարի Հայաստանը թալանած, իշխած էլիտային»․ Նիկոլ Փաշինյան
Հայաստան
12:31, 14 апрель 2021
«Մենք կռիվ ենք տվել ընդդեմ 20 ամյա դավաճանության, ընդդեմ 20-ամյա կապիտուլյացիայի»,-այսօր՝ ապրիլի 14-ին Աժ հերթական նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու հավելեց․ «Մեր հասցեին հնարավորինս բարձր գոռում են դավաճան, որ իրենց դավաճանությունը քողարկեն, մեր հասցեին գոռում են կապիտուլյանտ, որ իրենց հասցեից կապտուլյացիան շեղեն»։ 

Նա հակադարձեց իրեն դավաճան ու կապտուլյանտ անվանողներին․ «Կապիտուլյանտը դուք եք, դավաճանն առավել ևս, ասում եմ 20 տարի Հայաստանը թալանած, իշխած էլիտային»։ 

Վարչապետը խոսքն ուղղեց Հայաստանի, Արցախի և Սփյուռի ժողովրդին՝ հորդորելով չհուսահատվել․ «Դուխներդ տեղը, գլուխներդ բարձր, որովհետև Հայաստանում, Արցախում կա ապագա, և մենք միասին կերտելու ենք ազատ, երջանիկ այդ ապագան»։ 

Անդրադառնալով ապագայի հարցերին՝ Նիկոլ Փաշինյանը ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումն է ամենակարևորը․ «Մենք պետք է դնենք Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի դեօկուպացիայի խնդիրը։ Սա պետք է ձևակերվի ոչ թե որպես ռազամական, այլ բանակցային-քաղաքական հարց։ Մենք պետք է հետևողականորեն շարունակենք ԼՂ-ի համար՝ «անջատում հանուն փրկության» բանաձևի իրագործումը։ Մենք բոլոր ամբիոններից պետք է հրավիրենք բոլորի ուշադրությունը, որ Ադրբեջանը կարող է պատերազմի տառապանքների և զոհերի թանգարան բացել, և դա հայատյացության ամենամեծ դրսևորումն է»։ 

Ինչ վերաբերում է  ՀՀ-ի արտաքին անվտանգության հարցին՝ վարչապետը շեշտեց, որ մեր անվտանգության առանցքը հայ-ռուսական ռազմական դաշինքն է, և այն ամրապնդված է մի քանի տասնյակ ռազմավարական բնույթ ունեցող միջազգային պայմանագրերով և փոխադարձ դաշնակցային պարտավորություններով․ «Գործնական կարևոր նշանակություն ունի հայ-ռուսական միացյալ զորախմբավորումը և Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հայ-ռուսական հակաօդային պաշտպանության միացյալ համակարգը»։

Վարչապետի դիտարկմամբ այս համագործակցային պայմանագրերի դեպքում Հայաստանի վրա հարձակվելը՝ նշանակում է հարձակում Ռուսաստանի վրա։ Նա հավելեց, որ մեկնարկել է նաև ՀՀ զինված ուժերի բարեփոխումների լայնածավալ գործընթացը։

 «Քննարկում ենք Հայաստանում ռուսական 102-րդ բազայի հնարավորությունների հարստացման հարցը, նաև արդյունավետ քննարկումներ ենք ունենում Սյունիքի մարզում 102-րդ ռուսական ռազմաբազայի հենակետ ունենալու հարցում։ Սյունիքի մարզի մի շարք հատտվածներում Հայաստանի պետական սահմանի պաշտպանությանը մասնակցում են նաև ռուս սահմանապահները։ Ռազմավարական հեռանկարում մենք պատկերացնում ենք Հայաստանի այն պետական սահմանների պահպանությունը, որն իրականացնում են ՀՀ զինված ուժերը՝ դրվի սահմանապահների վրա, իսկ բանակի ստորաբաժանումները կզբաղվեն բացառապես մարտական պատրաստվածության հարցերով»,-ասաց նա։ 

Ինչ վերաբերում է Արցախի անվտանգությանը՝ վարչապետը նշեց, որ այդտեղ մեծ փոփոխություն չկա և Արցախի անվտանգությունը կշարունակի իրականացնել պաշտպանության բանակը՝ Արցախի խաղաղապահ ուժերի հետ համատեղ։