Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կովկասում Ռուսաստանն ամեն ինչ արեց հօգուտ Ադրբեջանի ու Թուրքիայի, հիմա ԵԽԽՎ-ում նույնը պառլամենտի անդամներն են անում․ Ստեփան Գրիգորյան

Կովկասում Ռուսաստանն ամեն ինչ արեց հօգուտ Ադրբեջանի ու Թուրքիայի, հիմա ԵԽԽՎ-ում նույնը պառլամենտի անդամներն են անում․ Ստեփան Գրիգորյան
Միջազգային
18:28, 20 апрель 2021
Երեկ՝ ապրիլի 19-ին  ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստի օրակարգում ներառվեց նաև հայ ռազմագերիների, գերիների, ինչպես նաև պատերազմի ժամանակ տեղահանված անձանց հարցի քննարկումը։ Արդեն հայտնի է, որ ի թիվս Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակների՝ հայ ռազմագերիների հարցի քննարկմանը դեմ կամ ձեռնպահ են քվեարկել նաև Արցախում խաղաղապահ առաքելության իրականացնող ՀՀ դաշնակից Ռուսաստանի պատվիրակները։ 
 
ԵԽԽՎ-ի այս օրակարգը բաղկացած էր երկու մասից՝ հրատապ հարցերից և ընթացիկ հարցերից։ Հրատապ հարցերի շարքում էին ներառված՝ «2021թ․ հունվարին Ալեքսեյ Նավալնու ձերբակալությունն ու կալանավորումը» և «Թուրքիայում ժողովրդավարության ինստիտուտների գործունեության» հարցերը։  

Ընթացիկ քննարկումներում ներառված էին հետևալ հարցերը՝ «COVID անձնագրերն ու վկայագրերը․ հիմնարար իրավունքների պաշտպանությունն ու իրավական հետևանքները», «Հայ ռազմագերիները, այլ գերեվարված ու տեղահանված անձինք», «COVID-19 պատվաստման  վկայագրեր․ ինչպես պաշտպանել հանրային առողջությունն ու մարդու իրավունքները» և «Ռուսական սպառնալիքը Եվրոպայում խաղաղության ձգտմանը»։ 

Այս օրակարգի հաստատման վերաբերյալ ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքում հրապարակված են քվեարկության երկու արդյունքներ՝ մեկը հրատապ հարցերի վերաբերյալ, մյուսը՝ ընթացիկ հարցերի։

«Հայ ռազմագերիները, այլ գերեվարված ու տեղահանված անձինք» հարցի շուրջ Ադրբեջանը առարկել էր, և հարցը դրվել էր քվեարկության։ ԵԽԽՎ-ի կայքից պարզ է դառնում, որ ընթացիկ հարցերի վերաբերյալ քվեարկությանը ռուս պատվիրակության անդամների մի մասը՝ դեմ, մյուս մասը ձեռնպահ են եղել, այսինքն՝ հայ ռազմագերների հարցը օրակարգ մտցնելու համար  ռուսական պատվիրակությունը կողմ չի քվեարկել։ 

Factor.am-ի հետ զրույցում ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամներից ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը նշել էր, որ  հայ ռազմագերիների հարցն առանձին է քվեարկության դրվել, իսկ ռուս պատվիրակության անդամները չեն եկել Ստրասբուրգ, հիբրիդային ձևաչափով են մասնակցել քվեարկությանը։ Մարուքյանի խոսքով՝ ԱԺ «Իմ քայլը» պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը փորձել է ճշտել ռուս գործընկերներից, թե ինչու են դեմ և ձեռնպահ քվեարկել այդ հարցին, սակայն նրանք  ասել են, թե կոմունիկացիայի՝ հասկանալու խնդիր է եղել, քանի որ հեռավար է եղել քվեարկությունը։

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը Civic.am-ի հետ զրույցում նշեց, որ ԵԽԽՎ-ի կայքում ընթացիկ հարցերի վերաբերյալ հրապարակված քվեարկության արդյունքները վերաբերում են միայն հայ գերիների հարցին․ «Այն արդյունքները, որ գրված են՝  21 դեմ, 93 կողմ, 18 ձեռնպահ՝ դա վերաբերում է միայն հայ գերիների հարցը օրակարգ բերելուն։ Եվ 21 դեմի մեջ մտնում են ոչ միայն թուրք պատվիրակներն ու ադրբեջանցի 6 պատվիրակներն, այլ նաև 5 պատվիրակ Ռուսաստանից»։ 

Ինչ վերաբերում է ռուս պատվիրակության այն բացատրությանը, թե հեռավար է եղել քվեարկությունն ու դեմ լինելը չհասկանալու հետևանք է ՝ քաղաքագետը չի կարծում, որ դա շփոթմունքի արդյունք է՝ հաշվի առնելով Պետդումայի պատգամավորների մակարդակն ու պատրաստավածությունը․ «Նույնիսկ  Թուրքիայի պատվիրակությունում կար մեկ պատգամավոր, որ կողմը քվեարկեց հայ ռազմագերիների հարցն օրակարգ բերելուն, իսկ Ռուսաստանի պատվիրակությունում չգտնվեց մեկ պատգամավոր, որն ի օգուտ մեր հարցի քվեարկեր, դա զարմացնում է ինձ»։

Նշենք, որ չնայած հայ գերիների հարցին դեմ են քվեարկել երեք երկրների՝ Ադրբեջանի, Ռուսաստանի և Թուրքիայի պատվիրակությունները, բայց այն մտել է ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգ։ Եվ այսօր երեկոյան կընթանան այդ հարցի վերաբերյալ քննարկումները։ 

Ստեփան Գրիգորյանը, այնուամենայնիվ այն համոզմունքին է, որ Ռուսաստանի կառավարությունն ուզում է՝ հայ գերիների հարցը լուծվի, քանի որ նա այսօր գլխավոր միջնորդն է և դա իրենց պատվի հարցն է․ «Շատ բան է կախված այսօրվա քննարկումից, քանի որ ժամը 18։00 քննարկվելու է հայ ռազմագերիների հարցը, կարևոր է, թե ինչ ելույթներ կունենան ռուս պատգամավորները։ Եթե այդ ելույթներն ուղղված լինեն ի օգուտ ռազմագերիների ազատման՝ ապա կընդունենք, որ իրոք պատահական է ստացվել այդ տեսակ քվեարկությունը։ Ժամանակը ցույց կտա թե ինչպես իրենց կդրսևորեն»,-հավելեց նա։ 

Մեր զրուցակիցը ընդգծելով մեր պատվիրակության կազմը, որը բաղկացած է և իշխող կուսակցության ներկայացուցիչներից և ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներից՝ շեշտեց, որ այդ խումբը բավական պրոռուսական է․ «Երբ ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակությունը զրկվել էր մանդատից և հետո պետք է վերականգնեին՝ հիշու՞մ եք ոնց էին մերոնք իրենց ճղում, որ վերականգնվի ռուս պատվիրակության մանդատը, Նավալնիի հարցը երբ քննարկվում էր, հիշու՞մ եք մեր պատվիրակությունը ի օգուտ Ռուսաստանի ինչ ելույթներ էր ունենում։ Հիմա երբ, որ մերոնք պրոռուսական քայլեր են արել տարբեր քվեարկությունների ժամանակ՝ հիմա ես հարց եմ տալիս՝ մեր պատգամավորները չունե՞ն իրավունք զանգեն, ասեն՝ մենք աջակցում ենք, երբ որ ձեր համար ծանր է, իսկ մեր խնդիրները լուծելուց ինչի՞ չեք աջակցում։ Եթե մերոնք իրենց նեյտրալ պահեին, կասեինք պարտավոր չեն, բայց այս պարագայում ռուս պատգամավորները պարտավոր են»։ 

Ստեփան Գրիգորյանն այս համատեքստում ընդգծեց, որ նույնիսկ Ռուսաստանի պատվիրակության ղեկավարը, որը իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունից է՝ դեմ է քվեարկել։

Քաղաքագետի դիտարկմամբ՝ Հարավային Կովկասը կարևոր թեմա է Ռուսաստանի համար, այնտեղ Ռուսաստանի կառավարությունն ակտիվ է աշխատում և մեր շահերը մոռանում են ու ի օգուտ Թուրքիայի ու Ադրբեջանի են գործում․ «Կովկասում Ռուսաստանն ամեն ինչ արեց ի օգուտ Ադրբեջանի ու Թուրքիայի, հիմա նույնը պառլամենտի անդամներն են անում։ Իրենք դեռ դուրս չեն եկել այն դերից, որ միջազգային հանրությունում և Կովկասում Ադրբեջանի ու Թուրքիայի հետ միասին են»։ 
 
Նարա Մարտիրոսյան