Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2022 թ․ ԵՄ-ՀՀ հարաբերությունները զգալիորեն խորացել են, ինչը պայմանավորված է նաեւ ՀՀ ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին նպաստելու ԵՄ ջանքերով․ Արարատ Միրզոյան

2022 թ․ ԵՄ-ՀՀ հարաբերությունները զգալիորեն խորացել են, ինչը պայմանավորված է նաեւ ՀՀ ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին նպաստելու ԵՄ ջանքերով․ Արարատ Միրզոյան
Միջազգային
17:33, 05 июнь 2023
 «ՀՀ-ն ԵՄ-ից ստացել է 8 մլրդ 875 մլն դրամի չափով դրամաշնորհ, որից նպատակային է եղել 2 մլրդ 980 մլն դրամը, ոչ նպատակային՝ 5 մլրդ 895 մլն դրամը»,- այս մասին այսօր Եվրոպական ինտեգրման ու Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
 
Հիշեցնենք, որ այսօր շարունակվել է «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին» հաշվետվության քննարկումը: Նիստը վարել են Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը և Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արուսյակ Մանավազյանը:

Ծախսերի մասին խոսելիս Վահե Հովհաննիսյանը նշել է, որ հաշվետու տարում արտաքին աջակցությամբ իրականացվող նպատակային ծրագրերի գծով կատարված ծախսերն առանց համաֆինանսավորման կազմել են 57 մլրդ դրամ, ԵՄ-ից ստացված միջոցների հաշվին կատարված ծախսերը՝ վարկերի հաշվին, 10 մլրդ դրամ, դրամաշնորհների հաշվին՝ 2 մլրդ 568 մլն դրամ:

«Պակասուրդի ֆինանսավորման համար բյուջետային աջակցության վարկ ենք ստացել Ֆրանսիական զարգացման գործակալությունից՝ 41,6 մլրդ դրամի չափով, նպատակային վարկերի մասով՝ 16,6 մլրդ դրամ ֆինանսավորում է իրականացվել»,- ասել է նախարարն ու նշել, որ արտաքին միջոցների հաշվին 2 մլրդ 281 մլն դրամի ենթավարկեր են տրվել: «Վերջին տարիներին ՀՀ-ի համար ստեղծված լրջագույն մարտահրավերներն ու միջազգային, տարածաշրջանային զարգացումները շարունակել են էական ազդեցություն ունենալ մեր առաջնահերթությունների վրա: ՀՀ-ի ու ԵՄ միջև համագործակցության դրական օրակարգի հետագա խորացման ու ընդլայնման հետ մեկտեղ շարունակվել են քննարկումները ՀՀ-ԵՄ փոխգործակցության օրակարգի այնպիսի առաջնային հարցերի շուրջ, ինչպիսիք են ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի վերացումը, ՀՀ արևելյան սահմաններին ստեղծված լարվածության նվազումն ու իրավիճակի հետագա սրացման կանխումը, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, ԼՂ հիմնախնդիրը, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը»,- ասել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

Արարատ Միրզոյանն անդրադարձել է նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների դինամիկային:

«2022 թվականին ԵՄ-ՀՀ հարաբերությունները զգալիորեն խորացել են: Դա պայմանավորված է նաև ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին նպաստելու ԵՄ ջանքերով»,- նշել է նախարարը:

Արարատ Միրզոյանը խորհրդարանականներին հայտնել է, որ 2022 թվականին կայացել է վարչապետի 3 այց Բրյուսել, որոնց շրջանակներում կայացել են վարչապետի ու ԵԽ նախագահ Շառլ Միշելի առանձնազրույցներն ու եռակողմ հանդիպումներ՝ Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ: Տարածաշրջանում զարգացումների ընթացքով պայմանավորված՝ կայացել են լրացուցիչ մի շարք հեռախոսազրույցներ ու հանդիպումներ միջազգային հարթակներում, մասնավորապես, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի եւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում:
 
Անդրադարձ է կատարվել նաև 2022 թվականի հոկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի, Ֆրանսիայի նախագահի և ԵԽ նախագահի քառակողմ հանդիպմանն ու Պրահայի հայտարարությանը:
 
«Պրահայի հայտարարության համաձայն՝ Հայաստան գործուղվեց ԵՄ երկամսյա մշտադիտարկման քաղաքացիական առաքելությունը՝ ՀՀ-Ադրբեջան միջազգային սահմանի երկայնքով մշտադիտարկման համար, իսկ սահմանազատման գործընթացի իրականացման հիմքում դրվեց Ալմա-Աթայի հռչակագիրը: Երկամսյա ժամկետի ավարտից հետո մշտադիտարկման ժամանակահատվածը երկարաձգվել է»,- խոսքում նշել է Արարատ Միրզոյանը:
 
Նա նաև տեղեկացրել է, որ 2022 թվականի երկրորդ կեսին արձանագրվել է ԵՄ գործադիր մարմինների բարձրաստիճան պաշտոնյաների Հայաստան այցելությունների զգալի ակտիվացում, ինչն էլ հնարավորություն է ընձեռել պահպանել ՀՀ-ի և ԵՄ-ի միջև համագործակցության ամրապնդման, ԵՄ աջակցությամբ բարեփոխումների իրականացման և մի շարք ուղղություններով աշխատանքների ինտենսիվությունը:  ԵՄ-ՀՀ համապարփակ ու ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստեղծված գործընկերության ինստիտուտցիոնալ շրջանակը շարունակել է արդյունավետ գործել: Այս համատեքստում Արարատ Միրզոյանը հարկ է համարել նշել նաև, որ հաշվետու տարվա ընթացքում Բրյուսելի հետ համաձայնություն է ձեռք բերվել մեկնարկել ՀՀ-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսությունը: