Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եվրախորհրդարանը բանաձևերով փորձում է կանխարգելել մեծ պատերազմը, որի հավանականությունը չափազանց մեծ է․ քաղաքագետ

Եվրախորհրդարանը բանաձևերով փորձում է կանխարգելել մեծ պատերազմը, որի հավանականությունը չափազանց մեծ է․ քաղաքագետ
Հարցազրույց
21:00, 01 март 2024
Եվրախորհրդարանը բանաձևեր է ընդունել, որոնցով կոչ է արել Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի դեպքում կասեցնել նավթի և գազի ներմուծումը Ադրբեջանից, ինչպես նաև պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ: Թե ինչ ազդեցություն կունենա սա Ադրբեջանի վրա, և ինչպիսին կլինեն տարածաշրջանային զարգացումները, Civic.am-ը զրուցել է քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի հետ։

- Պարոն Սիմոնյան, այս բանաձևերը ի՞նչ ազդեցություն կունենան Ադրբեջանի վրա։ 

- Սրանք կանխարգելիչ բանաձևեր են, փորձում են կանխարգելել մեծ պատերազմը, որի հավանականությունը չափազանց մեծ է։ Կստացվի կանխարգելել, թե ոչ՝ չեմ կարող ասել։ Եթե Արևմուտքը փորձում է հեռու պահել Ադրբեջանին ռազմական ագրեսիա սկսելուց, ապա Ռուսաստանը անընդհատ հորդորում է Ադրբեջանին, որ նա մեկնարկի այդ ագրեսիան։ Ես կարծում եմ, որ անկանխատեսելի է, թե որ ուղղությունը ավելի հուժկու կլինի։
Թեպետ Արևմուտքը դռները մինչև վերջ չի փակել Ալիևի առաջ,  բայց այնուամենայնիվ Ալիևն ու իր իշխանությունը ավելի մոտ են ռուսական արժեհամակարգին, և հիմա դժվար կլինի ասել, թե ինչ կլինի։

- Պարոն Սիմոնյան, նման բանաձևեր երբ ընդունվում են, դրանք Ադրբեջանին արդյոք բերո՞ւմ են կոնստրուկտիվ դաշտ։ Կան վերլուծաբաններ, որոնք ասում են, որ այդպիսով Ադրբեջանը էլ ավելի է տեղափոխվում ռուսական դաշտ։ 

- Ես այդպես չեմ կարծում, որովհետև միայն այդ ճնշումներից հետո Ալիևը Շոլցի մոդերացիայի համատեքստում Նիկոլ Փաշինյանի հետ զրուցեց և պայմանավորվեց ԱԳՆ-ների մակարդակով հանդիպում ունենալ, և Արարատ Միրզոյանի ու Բայրամովի հանդիպումը հենց այդ ճնշումների արդյունքն էր։ Մինչ այդ ճնշումները Ադրբեջանը պատրաստվում էր հարձակման, Ներքին Հանդը ձեզ վառ օրինակ, որը մեկնարկել էր, որ չավարտվեր, բայց Մյունխենի համաժողովը կասեցրեց։

- Ադրբեջանի Միլի Մեջլիսը բողոքել է Եվրախորհրդարանի բանաձևի դեմ։ Ադրբեջանցի պատգամավորները նշել են, որ Եվրախորհրդարանի ընդունած փաստաթուղթը իրենց երկրի համար ոչ մի նշանակություն չունի։ Նման վերաբերմունքը Եվրոպայի նկատմամբ ինչի՞ կարող է  հանգեցնել։

- Ոչ մի բանի։ Ամեն ինչ կախված է ուկրաինական ռազմաճակատից։ Եթե ռուսները մոտ ժամանակահատվածում կրկին ֆիասկոյի մասնաբաժին ստանան ռազմաճակատում, ապա Ադրբեջանը, ինչպես հայտարարել է, այնպես էլ հետ կվերցնի իր հայտարարությունը։ Իսկ եթե ՌԴ-ն հաջողեց, ապա դա կնշանակի, որ Ադրբեջանը կշարունակի այդ լկտի վարքը դրսևորել։

- Կարո՞ղ ենք ասել, որ քանի դեռ ռուս-ուկրաինական պատերազմում իրավիճակը հստակ չէ, ապա Ադրբեջանը կմանևրի ՌԴ-ի ու Եվրոպայի միջև։

- Կարող ենք ասել, որ քանի դեռ մեր բանակը հավասարազոր ոտքի կանգնած չէ, այս ոչ պատերազմ և ոչ էլ խաղաղություն իրավիճակը շատ ավելի փխրուն կլինի։

- Իսկ բանակցությունների ու Ադրբեջանի դիրքորոշման վրա որքանո՞վ է ազդում Թուրքիան, որովհետև հիմա Թուրքիան գտնվում է  ծանր տնտեսական խնդիրների մեջ և չի կարող հաշվի չնստել Արևմուտքի հետ։ Վերջերս էլ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի ու Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հանդիպմանը անդրադարձ էր կատարվել հայ-ադրբեջանական հարաբերություններին։

- Թուրքիան ծանր իրավիճակի մեջ է հայտնվել ու հորդորել է Ալիևին, որ ռազմական գործողություններ չսկսի ու չմեկնարկի ռուսական խաղը, և ըստ էության Թուրքիան հստակ ընդգծել է, որ եթե պատերազմ լինի, ապա Թուրքիան չի միջամտի։ Սրանով իսկ մենք կարող ենք հստակ դիտարկել, որ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար ՌԴ-ն ու Թուրքիան մրցակցության մեջ են։ Տեսնենք, թե որ կողմը կհաղթի։ Ես կարծում եմ, որ ռուսական կողմը կհաղթի։

- Պարոն Սիմոնյան, իսկ որքանո՞վ է տրամաբանական, որ Ադրբեջանը շարժվի ռուսական խաղով  և դեմ գնա Արևմուտքին ու Թուրքիային։

- Ադրբեջանցի ժողովրդի համատեքստում տրամաբանական չէ, բայց ձեզ ինչու է թվում, որ Ալիևի քաղաքականությունը Ադրբեջանի ժողովրդի շահերով է պայմանավորված։ Իսկ ինչի չի թվում, որ իրենք թքած ունեն ժողովրդի ու պետության վրա և կարճաժամկետ իրենց դարն են ապրում ու իրենց բարեկեցությունը հոգում։

- Այսինքն՝ ՌԴ-ի ազդեցությունը շատ ավելի մե՞ծ է Ալիևի վրա, քան Թուրքիայի։

- Այո։ Որովհետև Ադրբեջանում իշխանությունը իր ձեռքում է պահում Խորհրդային Միության ՊԱԿ (Պետական անվտանգության կոմիտե)  ղեկավարներից մեկի որդին։ 

- Նիկոլ Փաշինյանը մի քանի օր առաջ բավականին կոշտ հայտարարություններ արեց  ՀԱՊԿ-ի հասցեին։  Նշեց, որ հիմա սառեցրել ենք մեր մասնակցությունը, բայց եթե փոփոխություն չլինի, ապա հնարավոր է դե յուրե դուրս գանք։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը։

- Ես կարծում եմ, որ պետք չէ հայտարարություններ անել, այլ պետք է դուրս գալ։ Որովհետև եթե դու հայտարարություններ ես անում ու քայլեր չես կատարում, ապա դա նշանակում է, որ նրան դարձնում  ես լեգիտիմ թշնամի, բայց հնարավորությունից չես զրկում, որ քեզ պատժի։ Իսկ ինչի կատաղեցնել ու գցել ժողովրդի ջանին, եթե քայլ չի լինելու։

- Իսկ եթե քայլ արվի, և դուրս գանք, ապա ի՞նչ սպասենք ՌԴ-ից։ Վերլուծաբաններ կան, որ ասում են՝ շատ ավելի ճիշտ կլինի սպասել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին, և երբ ՌԴ-ն պարտվի պատերազմում, այդ ժամանակ էլ որոշում կայացնել։ 

- Ամեն ինչի էլ սպասել պետք է։ Հիմա հարցը սա է, որ եթե իրավիճակը թողնում ենք այնպիսին, ինչպիսին որ կա հիմա, ապա դա հարյուր տոկոսանոց մահ է երկրի համար։ Բայց եթե երկիրը դուրս է գալիս, ապա հնարավորություն է ունենում պայքարելու։  
Պետք է հաշվի առնել, որ ՌԴ-ն կարող է Ուկրաինայում պարտվել, բայց կոնսերվացիայի գնալ և Հայաստանն էլ իր հետ տանել դեպի ճահիճ։ Այսինքն՝ պահպանել պուտինականությունը և այդ հանցավոր պետական ապարատը ու երկաթյա վարագույրներ իջեցնել, ինչպես ԽՍՀՄ-ն իրականացրեց։

Դավիթ Լևոնյան