Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ամենաիրատեսական վտանգը ՀՀ բարձրագույն ղեկավարության դեմ մահափորձեր, ահաբեկչություններ անելն է. Արեգ Քոչինյան

Մոսկվայում Կրոկուս Սիթի Հոլի ահաբեկչությունը առաջին րոպեներից փորձ արվեց կապել Հայաստանի հետ։ Մի շարք տելեգրամ ալիքներ՝ ինչպես նաև «Դոժդ» հեռուստաընկերության եթերում և Կոմերսանտի նախկին աշխատակից, այժմ Լոնդոնում բնակվող Օլեգ Կաշինը իր յութուբյան ալիքով տեղեկություն տարածեց, թե իբր ահաբեկչության մեջ հայկական հետք կա, «ինչի ավանդույթ կա Հայաստանում»։

Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արեգ Քոչինյանի կարծիքով՝ տեղեկատվական այդ կեղծիքի մեջ ակնհայտ է Ադրբեջանի ձեռագիրը։

Անդրադառնալով Երևանում երեկ Նոր-Նորքի ոստիկանության բաժնի միջադեպին՝ Քոչինյանը այն ահաբեկչության ձախողված փորձ որակեց։

Քաղաքագետը երկու շերտ առանձնացրեց, նշելով՝ մի կողմից Հայաստանի ներսում որոշ ուժեր փորձում են ապակայունացնել իրավիճակը։ Այս ուժերի մոտիվացիան Քոչինյանը բացատրում է նրանով, որ հայ-ադրբեջանական բանակցությունները երկկողմանի են և բացակայում է Ռուսաստանը։ «Այս խաղացողների համար դա անընդունելի փաստ է։ Ես սկեպտիկ եմ այն բացատրության մեջ, որ Հայաստանում առկա խաղացողները ասում են, թե իրենց խնդիրը միակողմանի զիջումներն են։ Այդ ուժերի մեծամասնությունը օրինակ, լրիվ համակարծիք է կամ կողմնակից է նրա, որ Հայաստանը Ռուսաստանի տրամադրության տակ միջանցք բացի։ Նույնիսկ մեղադրում է ՀՀ իշխանությանը, թե ինչու այդ միջանցքը չեն տալիս։ Այնպես որ խնդիրը ոչ թե զիջումներն են, այլ Ռուսաստանի ներգրավվածության մակարդակը», - ասաց Քոչինյանը։

Ավելի լայն իմաստով՝ քաղաքագետը մատնանշեց ԱՊՀ տարածքում տեղի ունեցող դեպքերը՝ օրինակ Ղրղզստանում հայտնաբերված ահաբեկչական խմբի հայտնաբերումը, որը նպատակադրված էր վերացնել երկրի քաղաքական ղեկավարությանը։ Նաև Ադրբեջանում են որոշ ահաբեկչական խմբավորումներ ձերբակալվել՝ ինչպես նաև Հայաստանում տեղի ունեցած ձախողված ահաբեկչությունը։ Քոչինյանը սա նմանեցրեց 90-ականներին, երբ մետրոպոլիան թուլացել էր և հետսովետական պետություններում ապակայունացնող գործողություններ էր իրականացնում՝ թույլ չտալու համար այդ երկրներում որոշակի կոնսոլիդացիա և հստակ արտաքին քաղաքականությունը, որը կդիստանցավորվեր Կրեմլից։

Հայաստանի ներսում անկայուն իրավիճակը, Քոչինյանի կարծիքով, ձեռնտու է Ռուսաստանին, քանի որ վերջինս դեմ է հայ-ադրբեջանական բանակցային երկկողմ պրոցեսին։

Հայաստանի՝ ԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհը փակելու Ռուսաստանի գործիքները, ըստ Քոչինյանի, մի քանիսն են՝ տնտեսական սահմանափակումները, ներքին պրոքսիների ակտիվացումը, սակայն իշխանափոխություն, հեղափոխություն անելու կրիտիկական զանգված, ըստ նրա, չկա։ Փոխարենը Ռուսաստանն ունի հոկտեմբերի 27-ի սցենարը։

«Ամենաիրատեսական վտանգը ՀՀ բարձրագույն ղեկավարության դեմ մահափորձեր, ահակեկչություններ անելն է, երկրորդը՝ ՌԴ կողմից Ադրբեջանի գործիքայնացումն է», - նշեց քաղաքագետը։

Արեգ Քոչինյանն առաջարկում է այս անգամ այլ ճանապարհով գնալ՝ քան պարտվելով, ստիպված լինելով հետ գնալը։ «Մենք երբևէ Ադրբեջանին որևէ բան չենք զիջել․ մարտի դաշտում պարտվել ենք և դուրս եկել։ Զիջումը լինում է բանակցային սեղանի շուրջ։ Նախկինում մենք միշտ ընտրել ենք չզիջելու ճանապարհը, այս անգամ առաջարկում եմ այլ ճանապարհով փորձել», - ասաց Արեգ Քոչինյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

Վովա Հակոբյան