Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պատվաստանյութը ծածկում է շրջանառվող բոլոր չորս շտամները․ Մերի Տեր-Ստեփանյան․ Lragir.am

Պատվաստանյութը ծածկում է շրջանառվող բոլոր չորս շտամները․ Մերի Տեր-Ստեփանյան․ Lragir.am
Հարցազրույց
11:12, 24 май 2021
Հայաստանում այս փուլում կորոնավիրուսի համավարակի երրորդ ալիքը դեպի անկում է գնում, բայց չի բացառվում չորրորդ ալիքի բռնկում, եթե պատվաստման գործընթացը չակտիվանա։ Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ասաց Երևանի պետական բժշկական համալսարանի համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Մերի Տեր-Ստեփանյանը:

«Եթե մենք այս տեմպերով շարունակենք պատվաստվել, մեծ հավանականությամբ կլինի նաև չորրորդ ալիք, որովհետև մեզ մոտ պատվաստումային ընդգրկվածությունը բավական ցածր է։ Այս պահին գնում է հիվանդացության նվազում՝ իր բնականոն ընթացքով։ Կորագիծը երբ նայում ենք, շատ հստակ երևում է երրորդ ալիքի անկումը։ Նաև արձանագրվում է մահերի նվազում։ Բայց սա մեզ առանձնապես հանգստանալու առիթ չի տալիս, որովհետև աշխարհում երկրներ կան, որտեղ այս փուլում հիվանդացության աճի միտում է արձանագրվում։ Այնպես որ, պատվաստումային գործընթացի ակտիվացումն այս լուսավոր շրջանն օգտագործելու համար շատ լավ առիթ է»,- ասաց նա։

Մասնագետի խոսքով՝ ամեն դեպքում պետք է գնալ պատվաստման ճանապարհով, որովհետև կորոնավիրուսի դեպքում հետինֆեկցիոն իմունիտետի տևողությունը մինչև հիմա վիճելի է։ Այսինքն՝ հիվանդացածները դեռևս ունեն կրկնավարակի հավանականություն։ «Իսկ պատվաստումը մեզ պահպանում է կրկնավարակից էլ, վարակվելու ռիսկից էլ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայտարարությունը հնչեց օրերս, որ պատվաստանյութը ծածկում է շրջանառվող բոլոր չորս շտամները։ Այսինքն՝ սա շատ լուրջ ձեռքբերում է այս պահի դրությամբ, որ կարող ենք կիրառել ու առիթից օգտվել»,- հավելեց Մերի Տեր-Ստեփանյանը։

Կորոնավիրուսի հարաճուն համավարակի դեպքում Հայաստանում կոլեկտիվ իմունիտետ այս փուլում չենք կարող ունենալ, ասում է մասնագետը։ «Մենք դեռ պետք է հասնենք այդ թվին, որ ունենանք 70 տոկոս վարակվածության ցուցանիշ։ Եթե գոնե հիվանդացածներին գումարենք լիարժեք պատվաստվածները ու հասնենք ընդհանուր 70 տոկոսի, այդ դեպքում կարող ենք մի փոքր հանգիստ լինել»,- ընդգծեց նա։