Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Իրականում չգիտենք, թե կորոնավիրուսը որքանով է վտանգավոր». Նուբար Աֆեյան

«Իրականում չգիտենք, թե կորոնավիրուսը որքանով է վտանգավոր». Նուբար Աֆեյան
Հասարակություն
18:16, 21 июль 2021
Իմ կարծիքով՝ 65-ից բարձր տարիքի քաղաքացիների համար, թերևս, երրորդ պատվաստման կարիք կլինի: Այս մասին ԵՊԲՀ անձնակազմի հետ հանդիպման ժամանակ նշեց «Մոդեռնա» ընկերության համահիմնադիր Նուբար Աֆեյանը: 

Մեկնաբանելով պատվաստանյութը Հայաստան մատակարարելու հնարավորությունը՝ Աֆեյանը նշեց, որ որպես բարեգործությամբ զբաղվող մարդ՝ գիտի, որ ոչ ոք չի կարող պատվաստանյութ ձեռք բերել և նվիրաբերել ուրիշին, դա ապօրինի գործունեություն կլինի։ 

«Պատվաստանյութ գնելը զենք գնելու պես բան է, կառավարությունը պետք է ասի՝ իրավունք ունե՞ս գնելու, թե՞ ոչ»,- նշեց Աֆեյանը՝ հավելելով, որ առաջիկա ամիսներին հնարավոր է բարեգործական ընկերություններն իրավունք ունենան պատվաստանյութ ձեռք բերելու և նվիրելու: 
 
Աֆեյանը նաև տեղեկացրեց, որ իրենց պատվաստանյութը հնարավոր է՝ էժանանա:

Պատվաստումների անվտանգության վերաբերյալ նա  նշեց, որ, իր կարծիքով,  միջազգայնորեն ընդունված պատվաստանյութերը շատ ավելի օգտակար են, քան վտանգավոր։

«Այս վիրուսի պարագան մեջտեղ է բերում մեծ անվստահություն, որն աշխարհի բոլոր երկրներում կա։ Սա ինտերնետի արդյունքն է։ Այն տեղեկությունը, որ մարդիկ ստանում են ինտերնետից, բոլորովին շփոթեցնում է նրանց, և նրանք իրենց մասնագետ են զգում ու անվստահություն ունենում մասնագետների հանդեպ»,- նշեց Աֆեյանը:

Նրա խոսքով՝ պատասխանատվությունը դրված է առողջապահության համակարգի ներկայացուցիչների վրա. «Ձեզ վրա է սա։ Եթե դուք չեք ընդունում դա, շատ դժվար է հիվանդին համոզել։ Նույն տրամաբանությունը օգտագործեք, ինչպես այլ հիվանդության դեպքում եք վերաբերվում։ Ինչո՞ւ է սա տարբեր մյուս հիվանդություններից։ Այն տարբերվում է մեկ բանով՝ չգիտենք, թե իրականում կորոնավիրուսը որքանով է վտանգավոր»։