Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեր առջև պարտավորություն ունի միայն Ռուսաստանը, մենք չունենք ոչ մի պայմանագիր, որ պարտավորեցնում է ԵՄ-ին մեզ աջակցել. Ստեփան Գրիգորյան

Մեր առջև պարտավորություն ունի միայն Ռուսաստանը, մենք չունենք ոչ մի պայմանագիր, որ պարտավորեցնում է ԵՄ-ին մեզ աջակցել. Ստեփան Գրիգորյան
Հասարակություն
15:27, 23 июль 2021
«Անվտանգային նոր համակարգերի հնարավորություն՝ Հայաստանի համար. որքանո՞վ է իրատեսական» թեմայով քննարկման ընթացքում Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, խոսելով Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների մասին, առանձնացրեց ինֆորմացիոն պատերազմը: 

«Շատ կարևոր է ֆիքսել, թե որոնք են կարևոր մարտահրավերները, որ կանգնած են Հայաստանի առջև. դրանցից է բխում, թե ինչ պետք է անենք այս փուլում։ Առաջին գլխավոր վտանգը տեղեկատվական անվտանգության խնդիրներն են։ Հիմա գնում է Հայաստանի դեմ ուղղված ինֆորմացիոն պատերազմ, տարբեր տեղերից՝ Ադրբեջանից և այլն։ Պատերազմից ասեմ մի քանի օրինակ. այն թեզը, թե ՆԱՏՕ-ն դա Թուրքիան է. ձև են թափում, որ իբր չեն հիշում, որ Թուրքիան հիմա գտնվում է ՆԱՏՕ-ի մի շարք երկրների սանկցիաների տակ, նաև Ղարաբաղի պատերազմում Թուրքիայի դերակատարության համար, օրինակ՝ Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի»,- ասաց Գրիգորյանը։

Գրիգորյանն ընդգծեց՝ ՆԱՏՕ-ն ԱՄՆ-ն է, Հունաստանը, Ֆրանսիան, Լեհաստանը, Կանադան: «Եվ այդ բոլոր խաղացողները, ինչպես տեսնում ենք, բավականին հայանպաստ կարծիք ունեն և՛ Արցախի հարցում, և՛ նաև այդ բոլոր պետությունները դատապարտեցին Սյունիքում Ադրբեջանի մուտքը Հայաստանի տարածք: Մեր հասարակության մեջ ուզում են ներդնել ինչ-որ կարծրատիպեր, որոնք ուղղակի հակասում են հայ ժողովրդի շահերին»,- ասաց նա։  

Անդրադառնալով այն պնդմանը, թե Եվրոպան լռում էր պատերազմի ժամանակ, Գրիգորյանն ասաց. «Եվրոպան չէր լռում պատերազմի ժամանակ՝ նույնիսկ գտնվելով COVID-19-ի ծանրագույն տարածման ճնշման տակ, բայց դուք մոռացաք Ֆրանիսայի, Հունաստանի և մյուս երկրների արձագանքները, դուք մոռացաք, որ մենք ունենք ռազմավարական պայմանագրեր, մեր առջև պարտավորություն ունի միայն Ռուսաստանը, մենք չունենք ոչ մի պայմանագիր, որ պարտավորեցնում է ԵՄ-ին մեզ աջակցել, բայց Եվրոպան և՛ հայտարարություններ արեց Հայաստանին աջակցելու, և՛ Ֆրանսիան՝ նույնիսկ ուժային աջակցություն, ուրեմն դա էլ, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը, թե Եվրոպան լռում էր պատերազմի ժամանակ»։ 

Գրիգորյանի խոսքով՝ ինֆորմացիոն պատերազմի վերջին օրինակը, որը սարսափելի է, այն է, որ նույնականացվում են Հայաստանում պրոհայկական դիրքորոշումները։

«Երբ որ մենք՝ փորձագետներս, որ մեծ փորձ ունենք միջազգային հանրության հետ աշխատանքի, Հայաստանի շահերը առաջ ենք տանում, միտումնավոր պրոհայկական մոտեցումը նույնականացվում է հակառուսականության հետ: Շատ ու շատ մարդիկ, որ մոտենում են, հիանում մեր աշխատանքով, ասում են՝ ամեն ինչ ճիշտ եք ասում, բայց խի՞ եք, էլի, Պուտինի հետ, Պուտինը ասեց, որ Արցախը մերը չի, դե ուրեմն մի բան գիտեր, էլի, խի՞ եք ասում, թե Արցախը մերն է. դա սարսափելի է, դա ջարդում է հայ ժողովրդի ինքնությունը: Այո, Արցախը մի մասն է Հայոց աշխարհի, Նախիջևանը մի մասն է Հայոց աշխարհի, Կարսը մի մասն է Հայոց աշխարհի: Ու ես եթե ասում եմ, որ Արցախը իրավունք ունի ինքնորոշվելու, դա պրոհայկական դիրքորոշում է,  հայ ժողովրդի շահերից բխող դիրքորոշում է, որը չի հակասում միջազգային խաղի կանոններին, բայց նայեք, թե ոնց մտցրին հայ ժողոովրդի մեջ, թե դա նշանակում է հակառուսականություն»,- հավելեց Գրիգորյանը։