Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չենք կարող երեխաներին ասել՝ սպասեք, մի մեծացեք, ձեր մանկությունը մի պահ սառեցրեք, անվտանգային խնդիրները կվերանան, նոր այդ պահից կշարունակեք․ Սուրեն Գրիգորյանը՝ քաղաքի ամանորյա միջոցառումների մասին

Այս տարի Հանրապետության հրապարակի շենքերի վրա ամանորյա լուսավորության և զարդարանքների համար կրկին կբացվեն անցքեր, սակայն դրանք կլինեն անհամեմատ ավելի փոքր թվով և նախատեսված կլինեն թեթև մետաղական կոնստրուկցիաների տեղադրման համար, որոնց վրա ամրացվելու են սարքավորումները։ Բացի դրանից, դրանք լինելու են հիմնականում այն անցքերը, որոնք անցյալ տարի բացվել են, լցվել են և այս տարի նորից բացվելու են, օգտագործվելու են և, ինչպես անցյալ տարի, այնպես էլ այս տարի, ծրագրի իրականացումից հետո լցվելու են։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

«Առաջին անգամ մենք ունենք իրավիճակ, որ նախորդ տարվա ընթացքում ձեռք բերված գույքն ենք օգտագործելու հիմնականում ամանորյա լուսավորություն իրականացնելիս, իհարկե իրականացվել են որոշակի լավացման, վերանորոգման աշխատանքներ։ Ինչու եմ տեխնիկական  դետալներով ծանրաբեռնում, որովհետև անցյալ տարի, երբ  մենք գույք էինք ձեռք բերում, ամանորյա լուսավորության սարքավորումներ էինք ձեռք բերում, շատ քննարկումներ եղան՝ ինչքանով էր արդարացված, ինչքանով արդարացված չէր գնային առումով և այլ հարցերով։ Եվ մի տարի անց արդեն կարևոր եմ համարում արձանագրել, որ ինչպես այն ժամանակ ասում էինք, որ, այո, արդարացված է, որովհետև սա մեկանգամյա օգտագործման գույք չի, բազմակի օգտագործման նյութ է լինելու, առնվազն արդեն այս տարի մեր ասածի ապացույցը կտեսնեք։ Վստահ եմ՝ տեսնելու եք նաև հետագա տարիներին»,- ասաց Սուրեն Գրիգորյանը։
Քաղաքապետի տեղակալի խոսքով՝ այս տարի քաղաքը զարդարելու համար չունեն այն  հրատապության հրամայականը, որն ունեին անցյալ տարի՝ կապված «Մանկական եվրատեսիլի» բացման արարողության հետ, և այս տարի հանրապետության գլխավոր տոնածառի ամանորյա լույսերը կվառվեն փոքր-ինչ ավելի ուշ։

Սուրեն Գրիգորյանը նաև տեղեկացրեց, որ այս տարվա նորությունը քաղաքի կենտրոնում  նոր որակի ու նոր ձևի  «Ամանորյա տոնավաճառն» է լինելու, և իրենք ամեն տարի լոկացիաները պետք է ընդլայնեն, քանի որ Երևանը միայն կենտրոնը չի, մյուս վարչական շրջանները նույնպես պետք է ամանորյա շունչը զգան, ինչպես կենտրոնը։ 

Ինչ վերաբերում է կատարված աշխատանքների գումարներին, քաղաքապետի տեղակալն ասաց, որ այս պահի դրությամբ հստակ գին չի կարող նշել, սակայն  վստահեցրեց, որ չի կարող լինել ոչ մի պայմանագիր, որի մասին հանրությունը չիմանա, և այդ գումարը հայտնի չլինի։ 

Խոսելով նաև այն քննադատությունների մասին, որ մեր երկրում տեղի են ունեցել ցավալի իրադարձություններ, և որքանով են տեղին ամանորյա շքեղությունները, Սուրեն Գրիգորյանն ասաց՝ գաղտնիք չէ, որ ՀՀ-ն ոչ առաջին տարին ապրում է անվտանգային լուրջ մարտահրավերների առկայության պայմաններում, բայց իրենց մոտեցումն այս հարցի մասով  հետևյալն է՝ Ամանորի և տոնակատարությունների շահառուն բոլորն են, բայց առաջին հերթին դրա շահառուները հենց երեխաներն են։ 

«Մենք չենք կարող երեխաներին ասել՝ երեխաներ, սպասեք, մի մեծացեք, ձեր մանկությունը մի պահ սառեցրեք, անվտանգային խնդիրները կվերանան, նոր այդ պահից կշարունակեք։ Հիմա են այդ մարդիկ իրենց մանկությունն ապրում, ու պետք է այդ մանկությունը լինի վառ, ու միայն երեխաները չէ՝ մենք բոլորս դրա կարիքն ունենք, որովհետև շարունակաբար ծանր տրամադրության, կորուստների, այդ զրկանքների հետ, որը մեր հանրությունը կրում է, պետք է այդ հանրության կյանքում լինեն վառ կետեր։ Բայց ես հավատացած եմ, որ նաև Արցախից ժամանած մեր բարեկամները, մեր քույրերն ու եղբայրները և երեխաները այդ տոնակատարության կարիքն ունեն, ու ես մշտապես եմ այդպես մտածել։ Այո, լինում են օրեր, ժամեր, որ հենց կոնկրետ դա տեղին չի լինում, բայց ամեն տարի ամբողջ աշխարհով նշվող  տոնակատարություն է, և եթե կուզեք՝ ես նաև կարծում եմ, որ երկրի հետ կապվածության, երկիրը սիրելու, երկրի համար պայքարելու ցանկությունը նաև հենց բխում է այդ երկրի, կոնկրետ քաղաքի, քո բնակավայրի հետ ունեցած լավ հուշերից, վառ հուշերից, և մենք պետք է այդ լավ ու վառ հուշերը ապահովենք»,- հավելեց քաղաքապետի տեղակալը։ 

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան