Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ֆատիմա Զուրաբովայի համար վարձակալվել է բնակարան, և նա այլևս մեզ հետ կապ չի հաստատել. «Կանանց աջակցման կենտրոն»

Ֆատիմա Զուրաբովայի համար վարձակալվել է բնակարան, և նա այլևս մեզ հետ կապ չի հաստատել. «Կանանց աջակցման կենտրոն»
Հասարակություն
16:22, 16 ноябрь 2023
Մամուլում հնչեղություն ստացած Ֆաթիմա Զուրաբովայի գործով Կանանց աջակցման կենտրոնը պարզաբանում է, որ վերը նշված անձին թեժ գծի միջոցով տրվել է խորհրդատվություն, մանրամասն բացատրվել է անվտանգության լավագույն տարբերակը, այն է՝ դիմել Միգրացիոն ծառայություն՝ համապատասխան կարգավիճակ ստանալու գործընթաց սկսելու նպատակով, ինչը նրան հնարավորություն կտար պատշպանված լինելու: 

Կանանց աջակցման կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ նաեւ նշվում է. «Այլ անձանց ուղղորդմամբ, նրա համար վարձակալվել է բնակարան, և աղջիկն այլևս մեզ հետ կապ չի հաստատել:

Այնուհետ տեղեկացել ենք, որ ոստիկանության կողմից որպես անհետ կորած հետախուզվող Ֆաթիմա Զուրաբովան հայտնաբերվել է:

Ինչ վերաբերում է մամուլում տարածված հրապարակումներին, ապա տեղեկացնում ենք, որ Հայաստանում առկա չէ պետական ապաստարան: Գործում է երկու ապաստարան՝ Կանանց աջակցման կենտրոնի ներքո, ընտանեկան բռնության ենթարկված կանանց և նրանց երեխաների համար, որը որոշակի ֆինանսական աջակցություն է ստանում պետության կողմից: Ընտանեկան բռնության ենթարկված կանայք անվտանգության բարձր ռիսկի դեպքում ուղղորդվում են ապաստարաններ՝ իրենց գրավոր կամարտահայտությամբ:

Տեղեկացնում ենք նաև, որ Կանանց աջակցման կենտրոնը աջակցության ծառայություններ է տրամադրում ինչպես Հայաստանի, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիներին, առանց որևէ խտրականության: 2023թ.-ի հոկտեմբերի դրությամբ Կանանց աջակցման կենտրոնը ապաստարան է տրամադրել 234 կանանց և նրանց երեխաներին, իսկ 2020-2023 թթ. ընթացքում 26 օտարերկրյա քաղաքացի ստացել է աջակցություն, այդ թվում օգտվել է ապաստարանի ծառայությունից, որոշ դեպքերում առանց ոստիկանության կողմից ուղղորդման: Մեր բոլոր ծառայությունները գաղտնի են, անանուն և ապահով:

Հորդորում ենք չշահարկել ընտանեկան բռնության թեման և խուսափել անհարկի աղմուկից:

Յուրաքանչյուր անձ, որը ենթարկվում է ընտանեկան բռնության, կարող է 24 ժամ զանգահարել Կանանց աջակցման կենտրոնի թեժ գիծ՝ 099887808, կամ ոստիկանությայն 1-02 հեռախոսահամարին: