Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռազմամթերքի մատակարարման կոռուպցիոն բացահայտումների շղթան երկար է լինելու. պատասխան կտան նաև ՊՆ ներկայիս աշխատողները. Գագիկ Մելքոնյան

Ռազմամթերքի մատակարարման կոռուպցիոն բացահայտումների շղթան երկար է լինելու. պատասխան կտան նաև ՊՆ ներկայիս աշխատողները. Գագիկ Մելքոնյան
Հասարակություն
18:31, 30 сентябрь 2021
«Սեյրան Օհանյանն ասում է՝ 2011թ. ձեռք է բերվել այդ զինամթերքը, բերվել է, ի պահ վերցվել։ Այս պատմությունները խուճուճ պատմություններ են, և պետք է պարզաբանվեն, թե ինչ է տեղի ունեցել։ 2018թ. երբ Դավիթ Տոնոյանը նշանակվել է պաշտպանության նախարար, այդ ժամանակ էլ է ձեռք բերվել զինտեխնիկա։ Հիմա քննություն է գնում, և կպարզվի»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՊՆ նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը՝ անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի ու «Պատրոն Դավիթի» ձերբակալություններին
 
Նշենք, որ ըստ ԱԱԾ-ի՝ Դավիթ Տոնոյանն ու Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավո», ռազմամթերքի մատակարարման գործընթացում առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ կատարելու համար ներգրավվել են որպես մեղադրյալ, և միջնորդություններ են ներկայացվել դատարան կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Դիտարկմանը՝ որոշ իրավապաշտպաններ նշում են, որ պաշտպանության համակարգն ի սկզբանե կոռումպացված է եղել, պատգամավոր Գագիկ Մելքոնյանն արձագանքեց. «Եթե եղել է, ամեն մարդ պետք է իր արածի համար պատասխան տա»։ 
Իսկ ի պատասխան մեր այն հարցին՝ անպիտան զենքի ու միլիարդների կոռուպցիայի շղթան կսահմանափակվի՞ միայն պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանով ու զենքի մատակարար ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանով՝ պաշտպանության նախկին փոխնախարարն ասաց. «Շղթան երկար է լինելու, պաշտպանության նախարարությունում ներկայումս աշխատող շատ մարդիկ կան, որ դրա հետ կապ կունենա»:    

Պաշտպանության նախկին փոխնախարար, ԱԺ պատգամավոր Գագիկ Մելքոնյանը հին զինամթերքի ներմուծումը դավաճանություն է համարում. «Իհարկե, այդ ամեն ինչը կպարզվի, ես չգիտեմ՝ ինչ է կեղծվել, բայց գիտեմ, որ մեր պահեստներում շատ հին, ժամկետանց զինամթերք է եղել, որը պիտանի չի եղել օգտագործման։ Այդ զինամթերքը նաև պատերազմի ժամանակ են փորձել օգտագործել, բայց չի կրակել»։ 

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը Դավիթ Տոնոյանին գիտեր նախքան պաշտպանության նախարար նշանակվելը՝ երբ դեռևս փոխնախարար էր. «Պաշտպանության համակարգը նախկինում ուղղակի թաղված էր կոռուպցիայի մեջ, հիմա շարունակում է մնալ թաղված։ Դավիթ Տոնոյանի դեմ հարուցված քրեական գործը, որը միլիարդների հետ է կապված, վկայում է հենց իմ ասած կոռուպցիայի մասին»։

Իրավապաշտպանը ընդգծեց, որ իր դատողությունները կոռուպցիայի վերաբերյալ անում է հանցագործությունների վիճակագրությունից ելնելով՝ հաշվի առնելով բանակում մահվան դեպքերի հիմքերը, որոնցում, ըստ նրա, կոռուպցիոն ռիսկեր շատ կան. «Հիմա էլ բանակում այդ մթնոլորտը փոխված չէ։ Ճաշացուցակը փոխելով՝ այդ մթնոլորտը չենք փոխի, ես ուրախ եմ, որ փոխել ենք ճաշացուցակը, մեր զինվորներն արժանի են լավ սնվելու, բայց անցյալ տարվա տվյալներով՝ խաղաղ պայմաններում բանակում հարյուր մահվան դեպք է գրանցվել։ Սա աննախադեպ ցուցանիշ է, նույնիսկ նախկինների ժամանակ հարյուր մահվան դեպք չի գրանցվել»։     

Ժաննա Ալեքսանյանը նշեց, որ թեպետ պաշտպանության նախարարի անունը կապվում է միլիարդների ու անորակ զենքի հետ, բայց թե որքանով է այդ անորակ զենքը վնաս հասցրել հայկական կողմին պատերազմի ժամանակ՝ դա դեռևս պետք է ապացուցվի. «Կապացուցվի դա, թե ոչ, բայց ուրախ եմ, որ վերջապես քննվում է այդ գործը, որովհետև էական նշանակություն ունի բացահայտել ու մաքրել բանակը կոռուպցիայից։ Զենքի համար պատասխանատուն նախարարն էր, նրա հսկողության տակ էր։ Ես չեմ կարող զենքի որակը, գնումը կապել վարչապետի հետ»։ 
 
Նշենք, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը լրատվականների հետ զրույցում նշել էր, որ հարուցված քրեական գործով Դավիթ Տոնոյանի դեմ ցուցմունքներ չկան, ինչպես նաև նախկին նախարարը ևս որևէ ցուցմունք չի տվել։ Իսկ Դավիթ Գալստյանի պաշտպան Արմեն Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ իր պաշտպանյալը իրեն առաջադրած մեղադրանքը չի ընդունում։


Նարա Մարտիրոսյան