Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընդդիմության վրաններից մեկում մահացած ցուցարարի դիակի փորձաքննությունն ավարտվել է․ հաստատվել է, որ մահվան պատճառը թմրադեղի գերդոզավորումն է

Ընդդիմության վրաններից մեկում մահացած ցուցարարի դիակի փորձաքննությունն ավարտվել է․ հաստատվել է, որ մահվան պատճառը թմրադեղի գերդոզավորումն է
Հասարակություն
18:23, 09 май 2022
Օրեր առաջ Ֆրանսիայի հրապարակում տեղակայված վրաններից մեկում մահացած ցուցարարներից մեկի մահվան պատճառը պարզելու համար նշանակված դատաբժշկական փորձաքննությունն ավարտվել է։ Civic.am-ի տեղեկություններով՝ հաստատվել է ցուցարարի մահվան վերաբերյալ ավելի վաղ շրջանառված վարկածը,ըստ որի՝ վերջինիս մահը վրա է հասել «Սփայս» տեսակի թմրանյութի գերդոզավորումից։   

Պատկան մարմիններն առաջիկա օրերին, ըստ մեր տեղեկությունների, հանդես կգան պաշտոնական պարզաբանմամբ։ 

ՀՀ ԿԱ ոստիկանության Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության զանգվածային լրատվամիջոցների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը Civic.am-ին փոխանցեց, որ ՀՀ ոստիկանությունը դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը դեռեւս չի ստացել։ 

Հիշեցնենք, որ ցուցարարի մահվան դեպքն արձանագրվել էր մայիսի 5-ին։ Ֆրանսիայի հրապարակից շտապ օգնության մեքենայով «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված Ա. Սեդրակյանը մահացել է սուր սրտային անբավարարությունից:

Քաղաքացուն հիվանդանոց էին տեղափոխել ընդդիմադիրների տեղադրած վրաններից մեկից, սակայն նրա կյանքը փրկել չէր հաջողվել, հիվանդանոցում քաղաքացին մահացել էր, նրա մոտ արձանագրվել էր սրտի կանգ։ 

Նշենք, որ մամուլում տարածված տեղեկություններով՝ մահացած տղամարդը «Տիզ» մականունով քրեական հեղինակություն, մոտ 40 տարեկան Արթուր Սեդրակյանն է, որը եղել է նաև Երևանի ավագանու ՀՀԿ-ական թեկնածու։  

Հիշեցնենք, որ 2020 թվականի օգոստոսին ոստիկանությունը հաղորդում էր տարածել «օրենքով գողերի», քրեական հեղինակությունների ձերբակալման մասին, որոնց մեջ է եղել նաև վերոնշյալ անձը։