Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չեխովի անվան դպրոցում այսօր հերթական անգամ կփորձեն տնօրեն ընտրել. հավակնորդները երկուսն են՝ տնօրենի ներկա և նախկին ԺՊ-ները

Չեխովի անվան դպրոցում այսօր հերթական անգամ կփորձեն տնօրեն ընտրել. հավակնորդները երկուսն են՝ տնօրենի ներկա և նախկին ԺՊ-ները
Հասարակություն
13:20, 21 июнь 2022
Չեխովի անվան հ. 55 հիմնական դպրոցում այսօր հերթական անգամ կփորձեն տնօրեն ընտրել։ Ընտրությունը նախատեսված է ժամը 14։00-ին, տնօրենի հավակնորդները երկուսն են՝ տնօրենի ժ/պ Դիանա Մինասյանը և նախկին ժ/պ Տաթևիկ Մելքոնյանը։ 

Նշենք, որ հունիսի 14-ին, ըստ կարգի, տեղի է ունեցել դպրոցի ծնողական խորհրդի արտահերթ նիստը՝ մասնակցությամբ 36 անդամների (15-ը բացակայել են)։ Ծնողական խորհրդի (ԾԽ) նիստում տնօրենի հավակնորդները ներկայացրել են դպրոցի զարգացման իրենց ծրագրերը, որից հետո տեղի է ունեցել փակ քվեարկություն։ Դիանա Մինասյանը ստացել է 22 կողմ, 11 դեմ ձայներ։ Ծնողական խորհրդի որոշմամբ ԾԽ-ի կողմից ընտրված թեկնածու է համարվել Դ. Մինասյանը։ Հունիսի 13-ին էլ կայացել է մանկավարժական խորհրդի նիստը, որից հետո տեղի ունեցած փակ քվեարկության արդյունքում ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ Դիանա Մինասյան՝ 62 կողմ, Տաթևիկ Մելքոնյան՝ 24 կողմ։ 

Այսօր, ըստ կարգի, կայանալու է ընտրության երրորդ փուլը, երբ արդեն կառավարման խորհուրդը կլսի թեկնածուներին և բաց քվեարկության արդյունքում կորոշի՝ ով է լինելու տնօրենը։ Կառավարման խորհուրդը բաղկացած է 9 անդամից, որոնց թվում են ԿԳՄՍ ներկայացուցիչը և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչը։ Տնօրեն կընտրվի այն թեկնածուն, որը կստանա առնվազն 6 կողմ ձայն։

Նշենք, որ շուրջ մեկ տարի է՝ հիշյալ դպրոցին չի վիճակվում տնօրեն ընտրել հավակնորդների՝ ոչ բավարար թվով ձայներ ստանալու հետևանքով։