Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տղաս 3-4 օր անընդհատ կրկնում էր. «Մամ, ականջիցս չի գնում ադրբեջանցիների ներխուժումը ավտոմեքենա, դուռը բացելու ձևը, իրենց ձայները». Ասկերանի բնակիչ

Տղաս 3-4 օր անընդհատ կրկնում էր. «Մամ, ականջիցս չի գնում ադրբեջանցիների ներխուժումը ավտոմեքենա, դուռը բացելու ձևը, իրենց ձայները». Ասկերանի բնակիչ
Հասարակություն
15:24, 31 январь 2023
Արդեն երկու շաբաթ է՝ երեխաս վերադարձել է Հայաստանից։  35 օր չէի տեսել տղայիս, ու հիմա շրջափակված Արցախում օրերը կարծես ավելի հեշտ են անցնում։ Civic.am-ի հետ զրույցում ասաց Ասկերանի բնակիչ Լամարա Թևոսյանը։ 
(Լամարա Թևոսյան)

Լամարայի որդին՝ Մաքսիմը, Արցախ վերադառնալիս հենց այն ավտոբուսի մեջ է եղել, որտեղ ներխուժել են ադրբեջանցիները ու իրենց պահվածքով վախեցրել արցախցի երեխաներին։
 
«Ադրբեջանի լրատվականներով ցույց են տվել՝ իբր ադրբեջանցիները գիշերը հանգիստ ձևով են մտել արցախցի երեխաներին տեղափոխող ավտոմեքենան և հյութ  բաժանել նրանց։ Բայց դա եղել է առաջին ավտոմեքենան։ Եվ ադրբեջանցիները նպատակ ունեին իրենց լրատվականներով ցուցադրելու՝ իբր լավ են ընդունել արցախցի երեխաներին, մինչդեռ իրենց:

Լամարա Թևոսյանը պատմեց, որ իր որդին՝ Մաքսիմը, գտնվել է երկրորդ ավտոմեքենայի մեջ, որը կրկին արցախցի երեխաներին էր բերում Հայաստանից. «Գիշերը հենց Լաչինի միջանցքում ադրբեջանցի տղամարդիկ ադրբեջաներեն խոսելով, աղմուկով, գռեհիկ ձևով բացել են ավտոմեքենայի դուռն ու մտել ներս, նկարել երեխաներին։ Ավտոմեքենայում գտնվող մի աղջիկ երեխա վախից ուշագնաց է եղել։ Ռուս խաղաղապահներն են ադրբեջանցիներին քաշելով դուրս հանել»։ 

Լամարայի խոսքով՝ Մաքսիմը պատմել է, որ ադրբեջանցիների գոռգոռալով խոսելաձևից ենթադրել են, թե հայհոյում են իրենց, և շատ են վախեցել: «Ուսուցչուհին էլ է եղել ավտոմեքենայում, նա էլ է շատ վախեցել, քանի որ իր վրա նաև մեծ պատասխանատվություն կար երեխաներին ողջ-առողջ տեղ հասցնելու։ Տղաս պատմեց, որ դժվար է եղել ճանապարհը։ 3-4 օր ամեն օր անընդհատ կրկնում էր. «Մամ, ականջիցս չի գնում ադրբեջանցիների դուռը բացելու ձևը, իրենց ձայները»»,- ասաց նա։

Ասկերանի բնակչուհին դժվարացավ բառերով նկարագրել, թե ինչ ապրումներ է ունեցել 35 օր երեխայից հեռու լինելով, բայց շեշտեց, որ Գորիսի այն հյուրանոցում, որտեղ բնակվել են երեխաները, շատ լավ են վերաբերվել նրանց. «Ուսուցչուհուց էլ ենք շատ գոհ, փոխարինել է մայրական սիրով։ Հիմա Մաքսիմը աշխարհագրության օլիմպիադայի է մասնակցում Ստեփանակերտում։ 9-րդ դասարանում Երևանում առաջին տեղն է գրավել աշխարհագրության օլիմպիադայից։ Եվ որպես նվեր հրավիրվել էր «Մանկական Եվրատեսիլին» ներկա լինելու, ու օր անց Լաչինի միջանցքը շրջափակեցին»։ 

Լամարա Թևոսյանը ծնունդով արցախցի է, իր ծնողները՝ ևս, ասաց, որ իր համար Արցախից դուրս կյանք չկա, թեպետ 44-օրյա պատերազմի ժամանակ տարհանվել են հայրական գյուղից՝ Ասկերանի շրջանի Ակնաղբյուրից։ 

«Բլոկադան թողել է իր հետևանքները։ Աշխատանքի խնդիրն էլ է զգացնել տալիս արդեն, ճանապարհը փակ լինելու պատճառով եղբայրս չի աշխատում, ես պատերազմից առաջ աշխատում էի, հիմա անգործ եմ։ Բանջարեղեն ու միրգ ամբողջ Արցախում չկա։ Երեխաները Գորիսից գալիս անհրաժեշտ ապրանքներ էին գնել իրենց մոտ եղած գումարով՝ խնձոր, գազար, շաքարավազ։ Տղաս՝ Մաքսիմը, Գորիսից Արցախ գալիս մեզ համար 3 կգ գազար էր բերել, ես էլ հարևաններին 2-ական գազար տվեցի, որ իրենց երեխաների համար ապուրներ պատրաստեն, ուրախությունն այնպիսին էր, որ կարծես թե ոսկի լիներ այդ գազարը»,- պատմեց մեր զրուցակիցն ու նշեց, որ Արցախում միայն սոխ ու կանաչի է վաճառվում՝ իրենց տեղական արտադրանքն է, վաճառում են փոքր փնջերով ու մեծ գներով. «Իրենց էլ է հասկանալի, գնորդները շատ են, քանակը քիչ է»։ 

Շրջափակված Արցախում բնակիչների առօրյան հիմնականում անցնում է հերթերում սնունդ ու դեղորայք ձեռք բերելով: «Ասկերանում ֆերմա կա, շաբաթը մեկ անգամ հերթ ենք կանգնում՝ կաթ գնելու համար, պետության կողմից բաժանված կտրոններով էլ մակարոնեղեն, ձավարեղեն ու ձեթ ենք գնում, բայց երեխաները բանջարեղեն են սիրում՝ հատկապես կարտոֆիլ, ինչը ընդհանրապես չկա Արցախում։

Կարտոֆիլը կարանք համեմատենք ոսկու հետ։ Իսկ դեղատներում ջերմիջեցնողներ, հազի դեղեր չկան։ Բայց մենք պետք է ուժեղ լինենք։ Ես, որպես արցախցի բազմազավակ մայր, ամենավերջին արցախցին կլինեմ, որ կլքեմ Արցախը»,- ասաց ծնունդով արցախցին ու շեշտեց. «Պատրաստ եմ դիմակայել ամեն դժվարության ու պայքարել մինչև վերջ»։ 

Նշենք, որ մոտ 2 շաբաթ առաջ «Հայաստան» համահայկական հիմնադրամը 100 տոննա պարենամթերք է ուղարկել Արցախ, որը, սակայն, դեռևս Գորիսում է։ Արցախի մշտական ներկայացուցչության մամուլի քարտուղար Արմինե Հայրապետյանը մեզ հետ զրույցում հավելեց, որ բացի այդ օգնությունից, նաև 250 տոննա Սփյուռքից եկած օգնությունն ու Արցախի բալիկների համար Նոր տարվա բոլոր նվերները մինչ այս պահը Ստեփանակերտ չեն մտել. «Ամբողջն ամբարված է Գորիսի պահեստներում»։ 

Արցախի մշտական ներկայացուցչության մամուլի քարտուղարը հավելեց նաև, որ Արցախում միրգն ու բանջարեղենը բաց չեն վաճառքի համար, բայց պոլիկլինիկաներում գրանցված հղի կանայք շաբաթական մեկ անգամ ստանալու են որոշակի քանակի միրգ ու բանջարեղեն։ 

Նարա Մարտիրոսյան