Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տնտեսագիտական մասնագիտությունների համար համարյա մրցույթ չի եղել․ ցածր բալերով ընդունվել են․ ԳԹԿ փոխտնօրեն

Տնտեսագիտական մասնագիտությունների համար համարյա մրցույթ չի եղել․ ցածր բալերով ընդունվել են․ ԳԹԿ փոխտնօրեն
Գիտություն
15:21, 19 июль 2021
Պահանջված մասնագիտություններից առաջին տեղում գտնվում են IT ոլորտի մասնագիտությունները, դրանց հաջորդում է իրավաբանությունը, որտեղ դիմած դիմորդների կեսը ընդունվել է, 22 հոգի ստացել է անբավարար, իսկ 135 հոգի դուրս է մնացել, այս երկուսին հաջորդում են բուժական գործ և ատամնաբուժություն մասնագիտությունները։ Տարիներ շարունակ պահանջված է եղել տնտեսագիտական մասնագիտությունը իր ճյուղերով, բայց այս տարի այդ մասնագիտություններում կարելի է ասել մրցույթ չի եղել և դիմորդները ընդունվել են շատ ցածր միավորներով։ Կան մասնագիտություններ, որոնց համար բուհ չեն դիմել։ Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում ասաց գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն՝ Կարո Նասիբյանը։ 

«Մարզերում գտնվող բուհերի վիճակը այդքան էլ բարվոք չէ։ Գորիսի պետական համալսարանում միասնական քննություններով ընդունվել է ընդամենը 52 հոգի, այսինքն շատ֊շատ մասնագիտություններ թափուր են։ Իսկ ընդհանուր՝ ինչպես մյուս տարիներին, այնպես էլ այս տարի շատ քիչ դիմորդներ են եղել քիմիական հոսքով մասնագիտություններում, կրոնագիտություն, աստվածաբանություն, արվեստաբանություն, մշակութաբանություն մասնագիտություններում»,- նշեց Կարո Նասիբյանը։

Նա նաև հավելեց,որ վերջին 2 տարիների ընթացքում փորձում են այնպես անել, որ տվյալ մասնագիտության դիմորդները մրցեն միմյանց դեմ, այլ  ոչ թե մեկ այլ մասնագիտության դիմորդների։ ԵՎ այնպես են անում, որ բոլորն էլ կարողանան ընդունվել բուհ։ Արդեն դիմորդները պետք է գիտակցեն՝ նրանք կարո՞ղ են դիմել տվյալ մասնագիտության համար և հաղթահարել անցողիկ գնահատականի շեմը, թե՞ ոչ։