Քաղաքացիակենտրոն
լրատվություն

13 տարի անց Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը ունի նոր առաջնորդ

13 տարի անց Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը ունի նոր առաջնորդ
Տարածաշրջան
22:46, 06 ноябрь 2023
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) նոր նախագահ է ընտրվել Օզգյուր Օզելը։ Նախկին ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն կուսակցության համագումարում կայացած ընտրություններում պարտվել է։ Քվեարկության երկու փուլերի արդյունքներով նախագահ է ընտրվել Մանիսա նահանգից Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Օզգյուր Օզելը: Քըլըչդարօղլուն  հավաքել  է 664, իսկ Օզելը` 682 ձայն։

Մասնագիտությամբ դեղագործ 49-ամյա Օզելը հայտարարել է, որ մտադիր է կենտրոնանալ 2024-ի մարտի 31-ին նախատեսված ՏԻՄ ընտրությունների վրա։

Նա նշել է, որ առաջին այցը կկատարի երկրաշարժից տուժած Հաթայ նահանգ, իսկ արդեն երկուշաբթի հանդիպումներ կունենա կուսակցության ներկայացուցիչների հետ՝ գալիք ընտրություններում մշակելու նոր ռազմավարություն։

74-ամյա Քըլըչդարօղլուն կուսակցությունը գլխավորում էր դեռևս 2010 թվականից։ Նա Թուրքիայի  նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիմնական մրցակիցն էր 2023 թվականի մայիսին կայացած նախագահական ընտրություններում։