Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է միջուկային պատերազմին

Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է միջուկային պատերազմին
Ռուսաստան
12:29, 13 март 2024
Ռուսաստանը ռազմատեխնիկական տեսանկյունից պատրաստ է միջուկային պատերազմին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռուստահաղորդավար Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում։

«Ռազմատեխնիկական տեսանկյունից մենք, իհարկե, պատրաստ ենք։ Դրանք (միջուկային հրթիռները) մշտապես մեզ մոտ են գտնվում, մշտապես մարտական  պատրաստության  վիճակում»,-  ասել է Պուտինը՝  պատասխանելով հարցին,  թե Ռուսաստանն  իսկապե՞ս պատրաստ է միջուկային պատերազմին։

Խոսելով մարտավարական միջուկային զենքի մասին՝ ՌԴ նախագահն ընդգծել է, որ Ուկրաինայի դեմ պատերազմում երբեք նման զենք կիրառելու անհրաժեշտություն չի եղել։ Ճշգրտող հարցին՝ դա նշանակո՞ւմ է արդյոք, որ նման միտք երբեք չի եղել իր գլխում, Պուտինը պատասխանել է. «Ոչ, իսկ ինչո՞ւ»:

 «Մենք ունենք մեր սկզբունքները: Ինչի՞ մասին են նրանք խոսում. մենք պատրաստ ենք օգտագործել զենք, այդ թվում՝ ցանկացած զենք, այդ թվում՝ այնպիսի զենք, որի մասին դուք ասացիք, եթե խոսք լինի ռուսական պետության գոյության, մեր ինքնիշխանությանը, անկախությանը վնասելու մասին։ Ամեն ինչ գրված է մեր Ռազմավարության մեջ, մենք այն չենք փոխել»,- հավելել է Պուտինը։ 

Նա նաև հիշեցրել է, որ ԱՄՆ-ն ևս այսօր զարգացնում է իր միջուկային ուժերը, բայց դա չի նշանակում, որ նրանք պատրաստ են պատերազմ սկսել։ Միաժամանակ, նրա խոսքով, եթե Նահանգները միջուկային փորձարկումներ իրականացնի, չի բացառվում, որ նույնն էլ Ռուսաստանն անի։