Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ-ում աշխատանքային միգրանտները պետք է ուսումնասիրեն ռուսերենը, ռուսական մշակույթն ու ավանդույթները. Պուտին

ՌԴ-ում աշխատանքային միգրանտները պետք է ուսումնասիրեն ռուսերենը, ռուսական մշակույթն ու ավանդույթները. Պուտին
Ռուսաստան
13:07, 13 март 2024
Ռուսաստանում միգրանտների թիվը կազմում է աշխատողների ընդհանուր թվի 3,7 տոկոսը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում:

«Մյուս երկրների համեմատ մենք այդքան շատ աշխատանքային միգրանտ չունենք: Նրանք կազմում են աշխատողների ընդհանուր թվի 3,7 տոկոսը, և կենտրոնացած են այն շրջաններում, որտեղ տնտեսական կյանքն ամենաակտիվն է: Եվ այնտեղ, իհարկե, նրանք շատ են: Դրանք են՝ Մոսկվայի մարզը, Մոսկվան, Հյուսիս-արևմտյան մարզը և Հյուսիսի որոշ տարածաշրջաններ, որտեղ աշխատավարձի մակարդակը պատշաճ է»,- ասել է Պուտինը:

Բայց անկասկած, ըստ նրա, սա այն խնդիրն է, որը պահանջում է հատուկ ուշադրություն իշխանությունների կողմից՝ և տեղական, և տարածաշրջանային, և դաշնային։

Նա ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ երբ աշխատանքային միգրանտներին ներգրավում են, նրանք միշտ խոսում են աշխատուժի անբավարարության պատճառով դա անելու անհրաժեշտության մասին։

«Մեր ձեռնարկատերերը պետք է հասկանան, որ աշխատուժի առկայության առումով իրենց համար իրավիճակը դեպի լավը չի փոխվի առաջիկա տարիներին. նրանք կբախվեն աշխատուժի դեֆիցիտի: Իսկ դա նշանակում է, որ այս խնդիրը արմատապես լուծելու համար պետք է ավելացնել աշխատանքի արտադրողականությունը և կրճատել աշխատողների թիվը այնտեղ, որտեղ դա կարելի է անել՝ ներդնելով ժամանակակից տեխնիկա»,- նշել է Պուտինը։

Դրա համար հարկավոր է ներդրումներ կատարել և պատրաստել կադրեր:

Ինչ վերաբերում է հենց միգրանտներին, ապա, ՌԴ նախագահի խոսքով, գործընկեր երկրների հետ, որտեղից նրանք գալիս են, պետք է մտածել, թե ինչպես նրանց պատրաստենք Ռուսաստան գալուն։ Խոսքը ռուսաց լեզվի, մշակույթի, ավանդույթների ուսումնասիրության մասին է։

«Անհրաժեշտ է այստեղ հոգ տանել նրանց մասին, մարդկայնորեն վերաբերվել, որպեսզի նրանք բնական կերպով ինտեգրվեն մեր հասարակությանը»,- ասել է Պուտինը։

Միևնույն ժամանակ, նրանք, իհարկե, պետք է հետևեն Ռուսաստանի Դաշնության օրենքներին, սանիտարական նորմերին: Ռուսաստանի քաղաքացիների անվտանգության ապահովումը, նրա խոսքով, պետք է առաջին տեղում լինի։