Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանից վտարել են «Պուտինստան» գրքի հեղինակ իսպանացի լրագրողին

Ռուսաստանից վտարել են «Պուտինստան» գրքի հեղինակ իսպանացի լրագրողին
Ռուսաստան
12:46, 22 март 2024
Ռուսաստանի իշխանությունները չեն երկարացրել իսպանական El Mundo թերթի թղթակից և «Պուտինստան» գրքի հեղինակ Խավիեր Կոլասի վիզան։ 

Ինչպես գրել է Կոլասը X-ի իր էջում, իրեն մեկ օրից քիչ ժամանակ են տվել երկիրը լքելու համար. վերջին պահին մերժվել է երկարաձգել նրա լրագրողական վիզան։ El Mundo-ի տեղեկություններով՝ ոմն պաշտոնյա զգուշացրել է Կոլասին, որ եթե լրագրողը չհասցնի լքել երկիրը մինչև վիզայի ժամկետի ավարտը, նա «խնդիրներ կունենա»։

Ավելի վաղ Կոլասի տուն են եկել ոստիկանության աշխատակիցները։ Նրանք լրագրողից պահանջել են դադարեցնել մոբիլիզացվածների կանանց բողոքի ակցիաները լուսաբանելը։ 

«Այդ կանանցից ոմանք նույնիսկ հանդես չեն գալիս ընդդեմ պատերազմի, համենայնդեպս հրապարակավ, բայց ռեժիմը գիտի, որ նրանց վրա ճնշումը այն պահին, երբ նրանց ամուսինները կռվում են, շատ վիճահարույց կդիտվի, ուստի ճնշում է մեզ»,- նշել է Կոլասը:

Խավիեր Կոլասը Ռուսաստանում ապրել է 12 տարի։ Նա Եվրամայդանի ժամանակ Կիևում El Mundo-ի հատուկ թղթակիցն էր, պատմում էր Ղրիմի օկուպացիայի, Դոնբասում պատերազմի և Ուկրաինա Ռուսաստանի զինված ուժերի լայնամասշտաբ ներխուժման մասին։ Փետրվարին նա հրապարակել է «Պուտինստան» գիրքը ժամանակակից Ռուսաստանի մասին։ Դրանում նա Ուկրաինա ներխուժումն անվանել է «խաչակրաց արշավանք՝ ոչնչացնելու մի երկիր, որը չի տեղավորվում Պուտինի նախագծի մեջ»: