Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատավոր Վարդան Գրիգորյանը պատասխանատվության չի ենթարկվի․ ԲԴԽ-ն որոշում հրապարակեց

Դատավոր Վարդան Գրիգորյանը պատասխանատվության չի ենթարկվի․ ԲԴԽ-ն որոշում հրապարակեց
Իրավունք
17:58, 18 июль 2022
«Դատավոր Վարդան Գրիգորյանին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ՝ ՀՀ արդարադատության նախարարության միջնորդությունը մերժվեց»,-Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Լիլիթ Շաբոյանը։

Քիչ առաջ ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանին պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը։

Դատավոր Վարդան Գրիգորյանի նկատմամբ վարույթը հարուցվել էր ՀՀ արդարադատության նախարարության կողմից՝ դատավորի կայացրած դատական ակտի կապակցությամբ։

Ըստ Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդության հիմնավորումների՝ դատավորի կողմից թիվ ԵԴ/0471/01/21 քրեական գործով 27.10.2021 թվականի որոշման կայացմամբ թույլ են տրվել Քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի, 137-րդ հոդվածի 4-րդ մասի, 358-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի ամրագրված պահանջների խախտումներ, որոնք իրենց հերթին հանգեցրել են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դատավորի վարքագծի կանոնների խախտման, այն է՝ Դատարանը, գործով քննության առնելով ամբաստանյալ Գևորգ Գևորգյանի պաշտպան Արթուր Մանուկյանի միջնորդությունն ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ, որոշում է կայացրել այն բավարարել՝ գրավի չափ սահմանելով 1,500,000 ՀՀ դրամ:

Ըստ նախարարության՝ դատարանի հիշյալ որոշումը պատճառաբանված չէ: