Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Մարտի 1-ի գործը Եվրոպական դատարանում քննարկվող գանգատի շրջանակներում 300 և ավելի հատոր է կազմում»․ Տիգրան Եգորյան

«Մարտի 1-ի գործը Եվրոպական դատարանում քննարկվող գանգատի շրջանակներում 300 և ավելի հատոր է կազմում»․ Տիգրան Եգորյան
Իրավունք
14:28, 07 апрель 2021
Մարտի 1-ի 10 զոհերից 9-ի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանն այսօր  «Ազատության» հետ զրույցում նշեց, որ մարտի 1-ի գործը Եվրոպական դատարանում քննարկվող գանգատի շրջանակներում 300 և ավելի հատոր է կազմում: Նրա կարծիքով՝ այսօր պետք է առավել ևս կենտրոնանալ այդ ամբողջական կոնտեքստի և փաստական հանգամանքների վրա, որոնք 300 ավել հատորներ են:

Հարցին՝ արդյո՞ք իրավական փակուղի չէ՞, եթե կան հատորանուց նյութեր, վկաներ, ապացույցներ, բայց դա չի քննվում դատարանում և դատարանից դուրս է բերվում, Եգորյանը պատասխանեց. 

«Այն, որ այսօր դատարանում դրանք չեն քննվում, ես դրա վրա շեշտը չէի դնի, այլ, որ առհասարակ տրամաբանական փակուղի է: Պետության համար է փակուղի , սահմանադրության գործողության տեսանկյունից է փակուղի, ժողովրդի իշխանության, ժողովրդավարության համար է փակուղի, երբ ՍԴ-ի անունից գործող անձիք կայացնում են նմանօրինակ դատարկ մի որոշում, որը որևէ պատճառաբանություն չունի, չի դիմանում որևէ քննադատության և որը քաղաքական նպատակահարմություններից ելնելով է»։

Նրա խոսքով ամեն մեկը դրանցից՝ իր ուրույն բալանսի շրջանակներում, գնահատելով  քաղաքական նպատակահարմարությունը, կայացնում են որոշումներ՝ կոնկրետ խմբային շահերի սպասարկման նպատակով: 

«Այ սա կարելի է մեղմ անվանել փակուղի, թե չէ մնացածը ածանցյալ է սրանից, իսկ սա էլ ածանցյալ է այսօր ստեղծված քաղաքական իրավիճակից, ածանցյալ է հանրային իշխանություն ստանձնած, ժողովրդի առջև երդում տված այն պաշտոնյաների կամքի կամ համարձակության, կարողության բացակայությունից, որըմենք այսօր դիտարկում ենք և ճաշակում ենք դրա հետևանքները»,- նշեց Եգորյանը:

Նրա խոսքով այս ղեկավարմամբ գործող դատախազությունը՝ իշխանության օրենսդիր և գործադիր համակարգերում գործող պաշտոնյաների այսօրվա վարքագծի և կարողությունների պայմաններում, չափազանց վտանգավոր է որևէ նոր լուրջ նախաձեռնություն անելը. « Քանի որ ամենակարևոր բանը, որ նրանք հաջողել են, դա ամենակարևոր բաները տապալելն ու ցեխի մեջ խեղդելն է: Պետության, պետականության համար կարևորագույն խնդիրները, որոնց լուծմանը ժողովուրդը սպասել է տասնամայակներ շարունակ և որոնց համար նրանց շնորհել է իր իշխանությամբ, ուղղակի անդառնալիորեն ձախողվել են»:

Եգորյանը դատարանի որոշման հետ կապված չցանկացավ ներկայացնել իրենց ապագա քայլերը, իսկ հարցին, թե ինչպե՞ս է գնահատում գլխավոր դատախազի նախաձեռնությունը՝ դիմել ՍԴ և այս ճանապարհով լուծել մեղադրանքը վերաորակելու հարցը, Եգորյանը նշեց, որ լուրջ չի վերաբերվում: